Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր գյուղացիները մոռացել են, թե երբ են վերջին անգամ բարձրացել սար»

Հոկտեմբեր 17,2019 14:30

Հարցազրույց Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի հիմնադիր նախագահ Խաչիկ Մարոզյանի հետ:

– Ի՞նչ խնդրով էիք գնացել Լոռու մարզ:

– Այս տարվա փետրվարի 25-ին թիվ 29/19 գրությամբ դիմել էինք ՀՀ վարչապետին եւ հայտնել, որ մեր հասարակական կազմակերպության անդամները, ովքեր զբաղվում են բիզնեսով, իրենց բիզնեսի զարգացման եւ բիզնես ներդրումների նկատառումներով դիմել են մեզ, որպեսզի ստանան համապատասխան իրավական/խորհրդատվական աջակցություն՝ իրենց բիզնես ծրագրերի առաջխաղացման եւ ընդլայնման ուղղությամբ: Հարցը կայանում է նրանում, որ նրանց համար հնարավորություն պետք է ստեղծել Հայկական լեռնաշխարհի ծաղիկները, բույսերը կամ դրանց տերեւները, ցողուններն ու արմատներն արտահանել արտաքին շուկա: Այս գաղափարը շատ կարեւոր եւ հետաքրքրական նորարարություն է մեր հանրապետության համար, այդ ուղղությամբ ստացել ենք դրական արձագանք ՀՀ տարածքային կառավարման եւ տնտեսական զարգացման նախարարությունից, ներկայումս շարունակում ենք աշխատել մարզերի եւ համայնքների հետ, որպեսզի շարունակենք ուսումնասիրությունները եւ հողատարածքներ համապատասխան վայրերում ձեռք բերենք վարձակալական կամ օգտագործման պայմանագրերով: Աշխատանք ենք տանում նաեւ Բուսաբանական ինստիտուտի հետ: Խնդիրը ուսումնասիրելու համար մեր կողմից կազմակերպվել են հանդիպումներ ՀՀ տարբեր մարզերում, գյուղացիական վայրերում, հանդիպել ենք մասնագետների եւ գյուղացիների հետ, ուսումնասիրել ենք Հայկական լեռնաշխարհում աճող բուսականությունն ու ծաղիկները: Հայաստանի Հանրապետությունը հարուստ է բուսական համակեցությունների ու բուսատեսակների բազմազանությամբ: Մեկ քառակուսի կիլոմետրի վրա հաշվվում են ավելի քան 100 տեսակ, որը աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Ինչպես մասնագետներն են նշում, մեզանում կա տակավին չբացահայտված հսկայական մեծ պոտենցիալ՝ ծաղիկներից ու բույսերից դեղորայքի, կոսմետիկայի եւ սննդի արդյունաբերության կամ դրանց ճյուղերի զարգացման ուղղությամբ: Չնայած դրան, մեր երկրում նպաստավոր պայմաններ չեն ընձեռել ոլորտը խորությամբ ուսումնասիրելու եւ համապատասխան արտադրական հումք կամ արտադրություն ստանալու ուղղությամբ: Մեր գյուղացիները մոռացել են, թե երբ են վերջին անգամ բարձրացել սար եւ չգիտեն՝ ինչ ծաղիկներ են աճում մեր սարերում:

– Ինչ կապ ունի իրավապաշտպան կազմակեպությունը բիզնես ծրագրի հետ, արդյոք հակասություններ չկա՞ն ձեր կանոնադրության եւ իրագործվող ծրագրի միջեւ:

– Ոչ, հակասություն չկա, ընդհակառակը, մեր կողմից առաջ քաշված այս ծրագիրը ամրապնդում է մարդու հոգեբանությունը, քանի որ նա աշխատում է ու բարիք է ստեղծում: Ամրապնդվում է նաեւ ընտանիքը, իսկ հասարակությունն առողջանում է՝ ակտիվացնելով արտադրական հնարավորությունները: Այս նպատակները ի սկզբանե ամրագրված են մեր կանոնադրության մեջ, եւ բազմիցս հանդես ենք եկել հրապարակայնորեն, որ աշխատանքով եւ բարիք ստեղծելով միայն կարելի է մարդուն փոխել ու ստեղծել կայուն ու ստեղծագործող հասարակություն: Միայն առեւտրով դա հնարավոր չէ անել, առեւտուրը այն ոլորտն է, որ կարող է երբեմն մարդուն տանել դեգրադացման, մանավանդ՝ մեր նման անցումային փուլում գտնվող երկրներում, չկայացած իրավական ու տնտեսական հարաբերությունների պայմաններում:

– Սա ձեր առաջի՞ն բիզնես ծրագիրն էր:

– Ոչ, էլի փորձեր ենք արել, միշտ հանդես ենք եկել տարբեր նախաձեռնություններով, սակայն ընթացք չի ունեցել, պետության կողմից չի կարեւորվել, իսկ հիմա, երբ հեղափոխությունից հետո կառավարության կողմից մեծ ուշադրություն է դարձվում մարդու, նրա կենսակերպի ու հնարավորությունների զարգացման վրա, շատ նպաստավոր պայմաններ են ստեղծվել նման ազգօգուտ ծրագրերի իրականացման համար, ծրագրեր, որոնց մասնակիցն ու իրագործողը մարդն է:  Ասեմ, որ հենց սկզբից մեր առաջարկությունը հավանության է արժանացել, ինչը շատ ողջունելի է: Առաջ քաշված ծրագիրն ունի ռազմավարական նշանակություն մի քանի ասպեկտով. 1. Բուսաբուծության, արտադրական նոր տեխնոլոգիաների ստեղծում, աշխատատեղերի ապահովում բարձրադիր շրջաններում, սահմանամերձ գոտում, գյուղացիական վայրերում: 2. Արտագաղթի բացառում: Ներգաղթ: 3. Արտադրական տեխնոլոգիաների, հումքի եւ/կամ պատրաստի արտադրանքի/ապրանքի արտահանում, արտահանման խթանում: 4. Գիտական նոր ճյուղերի զարգացում:

– Արդյոք ներգրավվա՞ծ են գործազուրկ քաղաքացիներ, ո՞ր տարածքի:

– Այո, Լոռվա մարզի գյուղերից սկսել ենք, խոսում ենք գյուղացիների հետ, հասկացնում նրանց այս ծրագրի առավելությունը, որ կարող ենք այս ոլորտում ստեղծել հայկական բրենդ, օգուտ կստանա եւ պետությունը, եւ երկրի քաղաքացին,  շատերը ոգեւորված են, ուզում են աշխատել մեզ հետ: Հանդիպումներ ենք ունեցել նաեւ Ամասիայի շրջանի, Արագածոտնի, Տավուշի մարզերի գյուղերում: Կա մեծ ոգեւորվածություն եւ հավատ: Առաջարկվող ծրագիրը խիստ արդյունավետ է եւ հեռանկարային մի քանի տեսանկյունից: Նախ՝ մարդիկ կառչած կմնան իրենց հողին ու բնակավայրին, կսիրեն հողը, կստեղծեն բարիք: Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը իր տարածքով եւ աշխարհագրական դիրքով շատ նպատակահարմար է նման արտադրական տեխնոլոգիաների ստեղծման եւ զարգացման տեսանկյունից: Պետության հետ գործարարի ճիշտ եւ համագործակցված աշխատանքի դեպքում համոզված եմ, որ արդյունքը մեծ կլինի, շատ գործարարներ ՀՀ-ից, ինչպես նաեւ արտերկրից, կկատարեն ներդրումներ՝ այս գործը զարգացնելու եւ դրանում իրենց շահույթը ունենալու համար: Մեր ունեցած արտադրական ռեսուրսները ճիշտ եւ նպատակային օգտագործելու դեպքում մենք կարող ենք ստեղծել մեր բրենդը՝ դեղորայքի, կոսմետիկայի, սննդի եւ այլ արդյունաբերական ոլորտներում:

– Քիմ Քարդաշյանը օրեր առաջ Հայաստանում գտնվելիս հայտնեց, թե ինքն էլ է մտադիր ծաղկի գործով զբաղվել: Պատրա՞ստ եք մրցակցել նման զորեղ բիզնես մրցակցի հետ:

– Այո, ես տեսա  ու շատ ուրախացա, նա նաեւ ասաց, որ  կուզենա  համագործակցել տեղի իրավաբանական անձանց հետ, սա շատ լավ հնարավորություն է մեր երկուսի համար, մենք արդեն որոշակի ճանապարհ ենք անցել, ունենք փորձ, պատրաստ ենք համագործակցել, ունենալ ճիշտ եւ փոխհասկացված միջավայր՝ հանուն մեր ազգի եւ երկրի բարգավաճման: Այստեղ համոզված եմ, որ նեղ շահերով առաջնորդվելն անթույլատրելի է, ուստի կարծում եմ՝ մեզ մոտ կստացվի պոզիտիվ համագործակցությունն ամենալավ նպատակադրումով՝ հանուն գործի, այլ ոչ թե հանուն անձնական գրպանի: Այս նախադեպով կարելի է ապացուցել, որ դա հնարավոր է, եւ հայը ունակ է իր անձնականը ստորադասել հանրային շահին: Քիմին տեսնելով, լսելով նրան՝ իմ մեջ մեծ հավատ  կա, որ նա մեծ հայրենասիրությամբ ու ազգասիրությամբ օժտված հայուհի է, հեռակա հավատ եմ տածում, որ մեծ ազգանվեր գաղափարները նրա համար են, ու սա լոկ խոսքեր չեն, այլ հավատով պարուրված էություն:

Հարցազրույցը`

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
16.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031