Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեքսուսը» հալալ-զուլալ հորողբերներինս է, տատիս համար է, օբյեկտս իմ ուժերով եմ արել…»

Հոկտեմբեր 17,2019 15:30

Գյուղապետի բացատրությունը՝ իր փոքր աշխատավարձի, մեծ ունեցվածքի, մորն ու կնոջը գործի տեղավորելու քննադատությունների մասին:

Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում օրեր առաջ համայնքապետի ընտրություններ էին ու արդյունքները մի շարք հարցեր են առաջացրել:

Բանն այն է, որ երկու առաջադրված թեկնածուներից հաղթող է ճանաչվել դեռեւս ՀՀԿ-ի ժամանակներից պաշտոնավարող համայնքապետ Հայկ Ասատրյանը, իսկ անկուսակցական Արմեն Հովսեփյանը պարտվել է: Ընդ որում, ձայների հսկայական տարբերությամբ՝ 196, 86: Նախ ընտրություններին՝ լռության օրը գյուղի փողոցները շախով-շուխով սկսեցին ասֆալտապատել՝ հին ու «բարի» ավանդույթներով:

Ղազարավանցիներն ասում են, որ Հայկ Ասատրյանը «մոլի ՀՀԿ-ական» է եղել, թեեւ՝ անկուսակցական, ՀՀԿ-ի համար ձայն է ապահովել ու անհասկանալի է՝ եթե հեղափոխությունից հետո ամբողջ գյուղը ոտքի է կանգնել՝ մերժելով ՀՀԿ-ն, ինչպե՞ս կարող էր նա այդ գյուղում նորից այդքան ձայն հավաքել: Գյուղապետի պաշտոնը Ասատրյանների ընտանիքն ասես իրենով է արել, սկզբում հայրն էր գյուղապետ՝ 10 տարի անընդմեջ, հիմա արդեն 3-րդ ժամկետն է՝ որդին է պաշտոնավարում: Ժառանգականություն կա նաեւ գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնավարման մեջ, էլի համայնքապետի ընտանիքի անդամներն են այն տնօրինում, սկզբում Հայկ Ասատրյանի մայրն էր՝ Կարինե Սարգսյանը, հիմա՝ նրա կինը՝ Թամարան, այսինքն, սկեսուրից այն հանձնվել է հարսին:

Այս եւ մի շարք այլ հարցերի հետ կապված մենք  զրուցեցինք Ղազարավանի համայնքապետի հետ: Ընտրությունների օրով գյուղի ճանապարհների ասֆալտապատումը համայնքապետն այսպես բացատրեց. «Դա եղել է մեր համայնքի որոշումը, 4 ամիս առաջ է եղել նախագծով, եկել, համընկել է այդ օրը: Կարար շինարարը չաներ, կոնկրետ դա իմ «պոզիցիան» չի, էլի, որ ասեի անեն կամ չանեն, համայնքն էլ է իմացել, որ էդ մասը պիտի ասֆալտապատվի, 20 օր առաջ աշխատանքները սկսել են՝ բուլդոզերով տարածքը բրդելը, խճապատելը, դզելը»: Հնարավոր չէ՞ր մի քանի օր հետո ասֆատապատել, պիտի անպայման ընտրությունների օ՞րը դա անեիք՝ Ասատրյանը պատասխանեց. «Ե՞ս պետք է տեղափոխեի օրը, եկել, համընկել է, կարող է ընտրություններից 5 օր հետո գային անեին»:

Գյուղը ջրի, հազար ու մի խնդիր ունի, ինչո՞վ է պայմանավորված, որ այդքան մեծ թվով ձայն է ստացել՝ համայնքապետը պատասխանեց. «Մեր արած գործերի հիման վրա, ես կասեի, ամեն տարի համայնքի համար ինչ-որ մի բան անում եմ, ավելացնում եմ: Այս գարնան շեմին ես փոսալցումներ եմ արել 4 կմ-ի վրա՝ հիմնովին փոսալցումներ, ասֆալտապատում համայնքի ճանապարհների…»: Մենք ճշտեցինք՝ համայնքի ճանապարհներ, որ ասում եք՝ նկատի ունեք  ձեր օբյեկտի՞ ճանապարհը, որովհետեւ եկեղեցու ճանապարհը քարուքանդ վիճակում է, իսկ ձեզ պատկանող օբյեկտի՝ «Նազրվանի ձորի» ճանապարհը լավ սարքել եք՝ Ասատրյանը պատասխանեց. «Նախ օբյեկտի ճանապարհ չի եղել՝ միջհամայնքային ճանապարհ, դրա ասֆալտապատումը եղել է 4 տարի առաջ ու դա հեչ կապ չունի օբյեկտի հետ: Ասֆալտապատումը եկել է, հասել է տների մոտ ու դրանից ներքեւ իմ ուժերով է արվել: Էդ քննադատությունը չեմ ընդունում, սխալ է, ժողովուրդ են ապրում, օբյեկտն ի՞նչ կապ ունի դրա հետ»: Մեր դիտարկմանը, որ շահերի բախում կա, դուք օբյեկտ ունեք, ու բյուջեի հաշվին ձեր օբյեկտի ճանապարհն եք սարքո՞ւմ՝ համայնքապետը պատասխանեց. «Դա միջհամայնքային ճանապարհ է, եկել է տների մոտ է հասել, էդ կողմն է արվել, ուղղակի նույն ժամանակաշրջանում ես արել եմ մեր հանգստյան գոտու դեմ դիմաց, էդ ճանապարհն եմ արել: Դա նրա հետ հեչ կապ չունի»:

Հարցրեցինք՝ դուք մոլի ՀՀԿ-ական եք եղել, այդ կուսակցությանն եք հարել եւ տեւական ժամանակ ձայներ եք ապահովել ՀՀԿ-ի համար, հիմա, երբ հանրությունը մերժել է ՀՀԿ-ին, ինչո՞ւ են ձեզ շարունակում ընտրել ու ձայն տալ՝ նա պատասխանեց. «Ես մոլի ՀՀԿ-ական չեմ եղել ու կուսակցության մեջ էլ կարամ ասեմ՝ չեմ եղել, ուղղակի իշխանությունը եղել է ՀՀԿ-ն, ոչ էլ իրանց ձայներ եմ տվել, ոչ էլ ապահովել եմ ձայները, ընդհակառակը, ստեղ ԲՀԿ-ն էլ է ձայն տարել, ընդդիմությունն էլ, էնպես չի, որ ձայներ ենք ապահովել, դա ժողովուրդն է ընտրել, մենք ոչ մեկին ոչ ապակողմնորոշել ենք, ոչ էլ կողմնորոշել: Իսկ ես մոլի ՀՀԿ-ական չեմ եղել, ուղղակի ՀՀԿ-ն որպես իշխանություն է եղել, համագործակցել ենք: Ես հանրահավաքների օրերին առաջին իսկ օրվանից իմ ժողովրդի հետ գնացել եմ հրապարակ՝ հաշվի չառնելով էն ժամանակվա իշխանություններին: Իմ մեքենայի համարները փակել եմ ու գնացել եմ հրապարակ»:

Այն, որ դպրոցի տնօրենի պաշտոնը համայնքապետի ընտանիքի կանայք պապենական ժառանգության պես տնօրինում են՝ Ասատրյանը նույնպես համաձայն չէ, թեեւ չի հերքում, որ մայրն էլ, կինն էլ տնօրեն են եղել հերթով. «Այդպիսի բան չեմ գտնում, ժառանգաբար, ո՞վ է այդպես մեկնաբանում: Չէի ասի: Եթե ինչ-որ բան կա, դուք էդ հարցը կարող եք ուղղել մեր կրթությունից մեկին, ես էս պահին բան չեմ կարող ասել»:

«Առավոտը» ԿԳՄՍ նախարարությունից պարզաբանում խնդրեց՝ այսպես ասած Նոր Հայաստանում այս պրակտիկային վերջ չի՞ տրվել, նախարարն ի՞նչ է մտածում այս «ժառանգականության» մասին: Նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը պատասխանեց. «Այդ ամենը եղել է անցյալում, իսկ Նոր Հայաստանում տնօրենների ընտրությունը հստակ կարգով է տեղի ունենում, երբ նոր տնօրեն ընտրելու ժամանակը գա՝ նոր մրցույթ կլինի, վստահաբար նոր հավակնորդներ կլինեն, ու նախարարությունն էլ կհետեւի, որ ամեն ինչ կարգին համապատասխան արվի»:

Մենք համայնքապետին նաեւ հարցրեցինք՝ խախտում չե՞ք համարում այն, որ ընտրությունների ժամանակ ձեր մայրը, բարեկամը՝ հորաքրոջ աղջիկը հանձնաժողովի անդամ են եղել՝ Հայկ Ասատրյանը պատասխանեց. «Հորաքրոջս աղջիկը չի եղել, կարող է հեռու բարեկամ է եղել: Սուտ է, անմիջապես կարամ ասեմ»: Ինչ վերաբերում է մորը, նա ասաց. «Ինչի՞ համար եք հարցնում, կարաք  զանգեք մեր ընտրատարածքից Օհանյան Գեւորգին»:

Համայնքապետը սկսեց համոզել, որ անկախ նրանից, թե ինչ լուրեր կպտտվեն, ընտրությունները Ղազարավանում եղել են արդար, թափանցիկ, մաքուր. «Հա, չեմ ժխտում, բարեկամներ, համախոհներ ունեմ, բայց ես ամեն տարի գյուղում մեկ-երկու բան ավելացրել եմ էս փոքր բյուջեով, պատկերացնո՞ւմ եք…ո՞նց կարող է համայնքը մեզ չվստահի, ամեն տարի մի խոշոր բան արվել է՝ ասֆալտապատում, գազաֆիկացում»: Երբ հիշեցրինք՝ գյուղը ջուր չունի՝ նա պատասխանեց. «Գյուղը 50 տարի ջուր չի ունեցել, ազիզ ջան, ժամով է եղել, էդ հո իմ խնդի՞րը չի: Նասոսն է բավարարել, հիմա էլ առավոտ, իրիկուն կա ջուր, ժամով է»:

Մենք հարցրեցինք՝ դուք էլ եք ասում, որ գյուղի բյուջեն փոքր է ու դրա հետ մեկտեղ մարդիկ տեսնում են, որ 80 հազար դոլարանոց «Լեքսուս»-ով եք շրջում, ձեր օբյեկտն են տեսնում, ո՞նց եք դուք  գյուղապետի աշխատավարձով այդ ամենը կուտակել՝ Հայկ Ասատրյանը պատասխանեց. «Ես 80 հազար դոլարանոց Լեքսուս չունեմ, դա իմ հորողբերներինս է, ոչ էդ մեքենան իմ վրա է գրանցած, ոչ էլ իմն է: Նման բան չկա: Ես մեքենա ՈՒԱԶ ունեմ, ՈՒԱԶ-ով եմ ման գալիս հիմա՝ էս պահին»: Հարցին՝ բա այդ «Լեքսուսն» ո՞ւմն է, որ դուք եք վարում ու գյուղացիներն էլ տեսնում են՝ նա պատասխանեց. «Հորեղբայրներինս է, Ռուսաստանից եկել են էստեղ, իրանք էստեղ տուն ունեն, իմ տատիս համար է էդ «Լեքսուսը», մերոնց համար է, ես մեկ-մեկ քշում եմ, բայց իմը չի: Անկեղծ ասում եմ՝ ունեմ ՈՒԱԶ, ունեմ 010 մեքենա՝ հորիցս մնացած, փոքր մեքենաներ ունեմ, բայց «Լեքսուսը» իմը չի, մեր տան մեքենան է, իմ հալալ-զուլալ հորողբերներինս է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031