Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանն՝ Աշխաբադում, Նժդեհն ու Ալիեւի ծրագրված ելույթը

Հոկտեմբեր 17,2019 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Պուտինն այս անգամ էլ լուռ ունկնդրեց Ալիեւի, ապա՝ Փաշինյանի ելույթները

 

Ադրբեջանի նախագահն, ինչպես երեւում է, բավական ոգեւորված Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններում որոշակի սառնությունից, որոշել է Ռուսաստանի հովանու ներքո անցկացվող բոլոր հանդիպումներում Հայաստանի իշխանությունների ուղղությամբ քննադատական ելույթներով հանդես գալ, կարծես, փորձ անելով, հայ-ռուսական հարաբերություններում նոր լարում մտցնել:

Անցյալ շաբաթ Աշխաբադում ԱՊՀ հավաքում Ալիեւն իր ելույթում հայտարարեց, թե Հայաստանում «հերոսացնում են ֆաշիզմը», Հայաստանի նախկին իշխանությունները Երեւանի կենտրոնում կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ եւ դավաճան» Գարեգին Նժդեհի արձանը, եւ այն այսօր էլ իր տեղում է: Սա Ադրբեջանի նախագահը «ցինիկ քայլ» անվանեց: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում բավական խիստ եւ սուր արձագանքեց Գարեգին Նժդեհի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մեկնաբանությանը:

Նկատենք, որ Ալիեւի ընտրած թեման բավական նուրբ թեմա է Ռուսաստանի համար, ՌԴ-ից այս թեմայով հնչել են քննադատություններ Հայաստանի ուղղությամբ՝ պարբերաբար, եւ Հայաստանից ստացել են համարժեք պատասխաններ դեռ նախկին իշխանությունների ժամանակ: «Ցավոք, Իլհամ Ալիեւի խոսքում մենք այդպիսի փորձեր տեսանք։ Լսելով նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին՝ ճիշտն ասած, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհին» կինոնկարը. երբ այնտեղ խոսվում է հինավուրց ամրոցի ավերակների մասին, եւ հարց է հնչում՝ իսկ ի՞նչ է, եկեղեցին նո՞ւյնպես ես եմ ավերել։ Իլհամ Ալիեւի խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդհանրապես այդ պատերազմում Հիտլերը երկրորդական դերակատարություն է ունեցել, եւ նացիստական շարժման լիդերը եղել է Գարեգին Նժդեհը։ Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի՝ թուրքական օկուպացման դեմ, պայքարում էր հայերի ցեղասպանության դեմ, որը կազմակերպել էին թուրքերը, եւ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը, ի դեպ, ռուսական շատ սպաների հետ 1918 թվականին ղեկավարում էր ռազմաճակատի շատ կարեւոր հատվածը հայ-թուրքական պատերազմի ժամանակ», – մասնավորապես ասաց Փաշինյանը: Նա Նժդեհին համեմատեց Նոբելյան մրցանակակիր Ալեքսանդր Սոլժենիցինի հետ՝ հավելելով. «Ասվում է, որ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում։ Խորհրդային շատ գործիչներ են մահացել Վլադիմիրի բանտում, Ալեքսանդր Սոլժենիցինը եղել է Գուլագում, եւ ի՞նչ, բոլոր նրանց, ովքեր դատապարտված են եղել 1937-1950-ական թվականներին, մենք համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր։ Եթե այդպես է, ապա ականավոր շատ գործիչներ դատապարտված են եղել եւ իրենց կյանքի վերջին օրերը հենց բանտում են ավարտել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է այս ամենը որպես փաստ ընդունենք: Եվ ես անտեղի, անհարկի եմ համարում պատմությունն աղավաղելու, բավական կարեւոր այս նիստի մթնոլորտում որոշակի լարվածություն մտցնելու նպատակով այս ձեւաչափի օգտագործումը»։

Պուտինի կողմից արձագանք ակնկալելը՝ միամտություն կլիներ, գոնե այն հարցով, որ եթե կա մի երկիր, որտեղ հերոսացվում է «ֆաշիզմը», այլատյացությունը՝ դա Ադրբեջանն է, հենց միայն այն պատճառով, որ Ռուսաստանի հայերը Ադրբեջան մուտք գործելու իրավունք չունեն՝ ազգությամբ հայ լինելու պատճառով, եւ ի դեպ, այս խնդրին պաշտոնական Մոսկվան ՌԴ ԱԳՆ-ի մակարդակով մի քանի հայտարարություններ է արել:

Ինչեւէ, Պուտինն այս անգամ էլ լուռ ունկնդրեց Ալիեւի, ապա՝ Փաշինյանի ելույթները, ըստ ամենայնի, համարելով, որ ԱՊՀ-ական հավաքը չպետք է էլ ավելի սրել՝ այլ թեմայի շրջանակներում:

Ըստ ամենայնի, Ալիեւը օրվա իր առաքելությունը համարեց ավարտված, այլեւս չպատասխանեց Փաշինյանին: Այնուհետեւ տեղեկատվություն ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա իրավիճակն ու լարվածությունը մեղմելու հնարավորությունները: Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայացած ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում ճաշկերույթ էր կազմակերպվել, որի ընթացքում Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել էին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտնել էր. «Ճաշի ընթացքում, որը կազմակերպվել էր նախագահող կողմի նախաձեռնությամբ, Ալիեւն ու Փաշինյանը նստել էին իրար կողք, քանի որ այբբենական կարգով էր սահմանված եւ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, զրույց: Այն հիմնականում նվիրված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա իրավիճակին, լարվածությունը մեղմելու հնարավորություններին, առաջիկա քայլերին»: Ըստ վարչապետի մամուլի խոսնակի՝ զրույցը տեւել է 1.5-ից 2 ժամ:

ԱՊՀ-ական հավաքի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին էր նվիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը: Նա ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել էր. «Գիրքը «պրոհայկական» չէ: Պարզապես Կազիմիրովը 1992-1996 թվականներին զբաղվել է Ղարաբաղի հարցով, մեծ ջանք է գործադրել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրման համար եւ իր գրքում որպես ականատես պատմում է Ղարաբաղի հակամարտության մի շարք կարեւոր նրբությունների մասին, որ ցավալիորեն մոռացվել են: Եվ ի վերջո՝ գիրքը հոյակապ վերնագիր ունի. «Խաղաղություն Ղարաբաղին»:

Ըստ ամենայնի, Փաշինյանը համարում է, որ Ռուսաստանի նախագահը ղարաբաղյան կարգավորման պատմության ոչ բոլոր դրվագներին ու նրբերանգներին է տիրապետում այնպես, ինչպես տիրապետել եւ շարունակում է տիրապետել ռուսաստանցի նախկին համանախագահ Կազիմիրովը, որն իսկապես մեջ ջանքեր է գործադրել 1994թ. մայիսին զինադադարի կնքման հարցում, եւ սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ նա կարգավորման գործընթացով զբաղվող ամենագիտակ միջնորդն է եղել:

Հայտնի է, որ 12-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Երկու երկրների առաջնորդներն ի շարունակություն Աշխաբադում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում ունեցած զրույցի՝ քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային նշանակության այլ հարցերի»։ Արդյոք նրանք քննարկե՞լ են Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ալիեւի կողմից արդեն երկու անգամ հրապարակային սադրիչ ելույթների համատեքստում, անհայտ է:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031