Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու Վարդանանց հրապարակն այսօրվանից փակ է․ հյուրանոցներում դարձյալ ազատ տեղեր չկան (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 16,2019 23:44

Վաղը Գյումրին դարձյալ մեծ թվով հյուրերի է սպասում․ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության մշակութային միջոցառումները կանցկացվեն Գյումրիում․ մասնավորապես գյումրեցի դպրոցականների մասնակցությամբ կենտրոնական Վարդանանց հրապարակում տեղի կունենա երախտագիտության ֆլեշմոբ՝ «Շնորհակալություն աշխարհ» խորագրով։

Տեղի կունենա նաև «Բարեկամության» զբոսայգու վերականգման խորհրդանշական միջոցառումը։ Հիշեցնենք, որ այն ձեռք է բերել «Ավրորայի» համահիմնադիր, ռուսաստանաբնակ միլիարդատեր գործարար Ռուբեն Վարդանյանը՝ նպատակ ունենալով վերածել հանգստի ու ժամանցի գոտու։

Մշակութային երեկոն կամփոփվի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բարերար Վլադիմիր Ավետիսյանի և D’Black Blues Orchestra միջազգային խմբի բացօթյա համերգով։ Այս նպատակի համար Վարդանանց հրապարակում տեղադրվել է յուրօրինակ ձևավորմամբ մեծ բեմ․ այն Հայաստանում տեղադրված բոլոր բեմերից ամենամեծն է։

Այսօր ընթանում էին վերջին նախապատրաստական աշխատանքները, հետաքրքիրն այն է, որ մեծ թվով զբոսաշրջիկներ, հատկապես արտերկրից, ժամանելով Գյումրի, լուսանկարում էին բեմը։

Թե որքան հյուրեր վաղը կունենա Գյումրին, դեռևս անհայտ է․ քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող սրճարաններն ու ռեստորաններում կարծես դարձյալ ազատ տեղեր չեն լինելու, դրանք նախապես պատվիրված են։

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում փաստեց Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը, հյուրանոցներում ևս ազատ տեղեր չկան։

«Ավրորայի» դեպքում արձագանքները մի քիչ քիչ են՝ համեմատած Անկախության տոնի հետ, բայց հյուրանոցներում դարձյալ տեղատարափ է, ազատ տեղեր դարձյալ չունենք։ Չենք կարող համեմատել Սեպտեմբերի 21-ի հետ, ավելի քիչ զբոսաշրջիկներ ենք ակնկալում, բայց իրադարձությունը, որ տեղի է ունենում նաև Գյումրիում, ոգևորող է, նույնիսկ ամենամեծ բեմն է տեղադրվում Գյումրիում՝ 7 մետր երկարությամբ, մեծ միջոցառումներ են լինելու․ ռոք ֆեստ է լինելու։ Ցանկալի կլինի, որ նմանատիպ միջոցառումները հաճախակի տեղի ունենան Գյումրիում, առհասարակ Շիրակի մարզում, որովհետև միայն Գյումրու վրա կենտրոնանալն էլ սխալ կլինի, մենք ունենք հիասքանչ գյուղեր, հիասքանչ տարածքներ, որտեղ կարելի է շատ հետաքրքիր գաղափարներ իրագործել ՝ փառատոներից սկսած մինչև համերգային ծրագրեր։ Ցանկալի կլինի, որ զբոսաշրջային ոլորտում օգտագործենք ոչ միայն մարզկենտրոնները, այլ ամբողջական մարզերը»,-ասաց Նաիրա Գրիգորյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031