Aravot.am-ի տեղեկություններով՝ գիշերը Ազատության պողոտայում ոստիկանների վրա հարձակված տղաները նույն մորից, բայց տարբեր հայրերից են եղբայրներ: Նրանք մեծացել են մանկատանը, որտեղից հաճախ են փախել: Տղաները, թեեւ տարբեր քրեական գործերով են անցել, բայց դատապարտված չեն եղել, իսկ նրանց մայրը նախկինում դատապարտված է եղել: 16 ամյա եւ 18 ամյա տղաները բնակվում են Պռոշյան համայնքում, որտեղից էլ, որ հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանություն:
«Շատ խառը ընտանիք են, հիմնականում 4-րդ գյուղում են եղել, նրանց մայրն այնտեղ աղբանոցում էր աշխատում, տղաներն էլ հետն էին, ինչքան գիտեմ՝ շիշ էին հավաքում, ես այս ընտանիքի մասին այս պահին շատ տեղեկատվություն չունեմ, որ հայտնեմ»,- Aravot.am-ին ասաց Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ