Իշխող ուժի «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը բացառում է, որ իշխանությունը նպատակաուղղված առաջ է տանում «Սասնա ծռեր» կուսակցության գիծը՝ Արցախը Հայաստանի մարզ հայտարարելու մասով: Բացառում է, քանի որ, իր պնդմամբ՝ իշխանության եւ «Սասնա ծռերի» միջեւ «ընդհանրապես կապ չկա»:
Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան հանդիպմանը, իշխող ուժի պատգամավորը հորդորում է՝ հիմք ընդունել միայն պաշտոնական հաղորդագրությունները:
Հիշեցնենք, երեկ Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի հանդիպումից հետո համացանցում կարծիքներ էին շրջանառվում, թե իբր Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանին դիմել է որպես՝ «Հարգելի պարոն նախագահ, հարգելի մարզպետ…» : Նիկոլ Փաշինյանի էջում տեղադրված տեսանյութում երեւում է նաեւ, որ երկու հայկական պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ, տեղադրված է միայն ՀՀ-ի դրոշը, Արցախի դրոշը չկա: Իսկ ավելի ուշ, հանդիպման վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ գրված է՝. «Հարգելի պարոն նախագահ, հարգելի պարոն Սահակյան…»:
Հիշեցնենք նաեւ, որ Բակո Սահակյանին մարզպետ էին անվանել նաեւ վերջերս Գյումրիում, ՀՀ անկախության տոնակատարությունների ժամանակ: Դա արել էր մի քաղաքացի:
Կարդացեք նաև
Իշխող ուժը ներկայացնող պատգամավորն ասում է՝ Գյումրիում տեղի ունեցածը անհատ մարդու կարծիք է: Իսկ ինչ վերաբերվում է վարչապետի հայտարարությանը, ըստ մեր զրուցակցի, պետք է պաշտոնական համարել այն, ինչը որ պաշտոնական տեքստով է դրվում: Դիտարկմանը, որ տեսագրությունն էլ վարչապետի պաշտոնական էջում է տեղադրված, մեր զրուցակիցը հակադարձեց. «Կարող է Նիկոլ Փաշինյան անհատ անձը, մարդը իր տեսակետն արտահայտի կամ արտաբերի, բայց նա նաեւ վարչապետ է: Վարչապետի ասածը համարվում է այն, ինչը որ պաշտոնական է տեղադրվում: Եթե պետք է ֆեյսբուքի, լայվի տրամաբանության մեջ մնանք… ուրեմն, բարդ է: Դա մարդու անձնական խոսքն է»:
Այն դիտարկմանը, որ այս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը շատ ուղերձներ հանրությանը փոխանցեց հենց ֆեյսբուք սոցիալական ցանցի եւ լայվերի միջոցով՝ դրանք հիմք ընդունե՞նք, թե՝ ոչ, Սոս Ավետիսյանը պատասխանեց. «Այո, բայց լեգալ է համարվում այն, որը հետագայում վերածվում է պաշտոնական հաղորդագրության»:
Հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյան վարչապետի եւ Նիկոլ Փաշինյան անհատի պատկերացումներն ու մոտեցումները պարտադի՞ր է, որ համընկնեն, թե՞ դրանք կարող են 180 աստիճանով տարբերվել: Պատգամավորն ասաց՝ 180 աստիճանով չեն տարբերվում, նաեւ հավելեց, որ ինքը վիճելի տեսագրությունը չի դիտել, «կարող է խոսքի մեջ նման բան ասած լինի», բայց պաշտոնական պետք է ընդունել պաշտոնական հաղորդագրությունը: Պատգամավորը հորդորում է՝ դավադրություններ չփնտրել, չփորձել գուշակություններ անել փողկապի գոյնով կամ ձեռքի շարժումով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ