Հոկտեմբերի 7-ին Ստամբուլում տեղի է ունեցել մեծանուն հայ երգահան ու երաժշտագետ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված «Հնչում է Առավոտ լուսոն» խորագրով համերգը, որին մասնակցել են մի շարք անվանի արվեստագետներ ու երաժշտական խմբեր Թուրքիայից, ԱՄՆ-ից և Հայաստանից:
Թուրքական «Hürriyet» թերթի լրագրողը նույնպես մասնակցել է համերգին և իր տպավարություններով` փոքր-ինչ քաղաքական երանգ հաղորդելով կիսվել իր սյունակում:
Ստորև համառոտ ներկայացվում է թուրք լրագրողի «Հնչում է Առավոտ լուսո» խորագրով համերգի շուրջ «Կոմիտաս. խաղաղության գինը» վերտառությամբ հոդվածը.
«Հոկտեմբերի 7-ին, երբ քայլում էի դեպի «Ջեմալ Ռեշիթ բեյ» համերգասրահ, սոցցանցերը փոթորկվում էին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում էր, որ կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը: Հեռախոսս անձայն ռեժիմի վրա դրեցի, գցեցի պայուսակիս մեջ և գերադասեցի շարունակել վայելել այն համերգը, որը քիչ անց դիտելու էի…
Կարդացեք նաև
Կոմիտասի ձայնով և տեսաձայնագրություններով կարճ տեսահոլովակ էին պատրաստել: Այդ ֆիլմը դիտելուց ինձ Հրանտին (խմբ. Դինք) հիշեցրեց: Համերգասրահը լեփ-լեցուն էր: Բազմաթիվ արվեստագետներ, գրականագետներ և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ կային: Այնտեղ էին նաև հայ համայնքի հոգևոր առաջնորդներ և հասարակական գործիչներ…
Երբ դուրս եկա մոտ 3 ժամ տևած համերգից հոգեպես թարմացա: Դեռ ավելին, համերգից առաջ ընթերցածս Թրամփի սպառնալից թվիթերյան գրառման համար գուցե և գտա ամենաճիշտ պատասխանը:
Մենք, այսինքն Անատոլիան (խմբ. Արևելյան Թրակիա, Արևմտյան Հայաստան) չի հիմնվել տնտեսական հողի վրա, այլ հիմնված է հազարավոր տարիներ շաղախված մշակութային ժառանգության վրա…
Նրանցից մեկը Կոմիտասն է… Այո, մեր ամենալավ պատասխաններից մեկը Կոմիտասն է, որ կարող ենք տալ Թրամփին կամ իր նմաններին… բավական է, որ հաշտվենք…»