Ներկա իշխանությունները սիրում են վկայակոչել իրենց օրոք արձանագրված աննախադեպ երևույթները՝ դրանք ներկայացնելով որպես չտեսնված ձեռքբերումներ:
Իսկ ինչու՞ են խնամքով թաքցնում պետական կառավարման համակարգը բնութագրող աննախադեպ որոշ փաստեր և դրանց հետևանքները:
Մասնավորապես, 2019 թվականին պետական համակարգում հանրության համար «անտեսանելի»՝ պարգևատրումների լրացուցիչ ֆոնդը պատիկներ անգամ գերազանցում է «երևացող»՝ հիմնական ֆոնդին, որը պլանավորվում և հաստատվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում: Ի դեպ, այս երկու ֆոնդերն էլ ձևավորվում են հանրության վճարած հարկերից:
Լրացուցիչ ֆոնդից բարձրաստիճան պաշտոնյանները (պետական կառավարման մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները) ամսական պարբերականությամբ ստանում են պարգևատրումներ՝ իրենց հիմնական աշխատավարձի շուրջ կրկնապատիկի չափով:
Կարդացեք նաև
Այո՛, սա արդեն աննախադեպ է ոչ միայն Հայաստանի համար, այլև միջազգային փորձի տեսանկյունից: Այսինքն՝ բարձրաստիճաններն ամսական ինքնապարգևատրումներով գրեթե եռապատկել են իրենց վարձատրությունը: Օրինակ՝ նախարարի ամսական անվանական վարձատրությունն արդեն կազմում է շուրջ 2,3 միլիոն դրամ, իսկ նախարարի տեղակալինը՝ շուրջ 1,7 միլիոն դրամ:
Լրացուցիչ ֆոնդից չնչին՝ իրենց ամսական աշխատավարձի շուրջ 25 տոկոսի չափով էլ պարգևատրում են բաժին հանում ստորին և միջին օղակի պաշտոնյաների համար: Օրինակ՝ կրտսեր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ամսական անվանական վարձատրության չափ (ներառյալ պարգևատրումները) շուրջ 23 անգամ պակաս է տվյալ պետական մարմնի ղեկավարի վարձատրությունից և կազմում է շուրջ 100 հազար դրամ:
Փաստացի ստացվում է, որ պետական պաշտոնյաների համար օրենքով նախատեսված վարձատրության միասնական համակարգի փոխարեն, հանրությունից թաքուն և խնդրահարույց սկզբունքներով իրականացվում է այդ համակարգի հետ բացարձակ կապ չունեցող վարձատրություն:
Ավելին, լրացուցիչ պարգևատրումները առավելապես բաշխվում են անարդար: Դրանք չեն կատարում նաև իրենց հիմնական գործառույթը՝ պարգևատրումները տրամադրվում են ոչ թե որպես դրամական խրախուսում, այլ՝ որպես հիմնական աշխատավարձ: Փաստորեն, կտրվել է կապը կատարած աշխատանքի արդյունքի գնահատման և պարգևատրման միջև:
Նման պարագայում նաև հարց է առաջանում՝ ինչու՞ ուղղակի չեն բարձրացնում պետական պաշտոնյանների հիմնական աշխատավարձերը:
Իրականում, աննախադեպ այս չափերով պարգևատրումների հիմքում ընկած են հետևյալ երկու «սկզբունքները»՝ բարձրաստիճան պաշտոնյա լինելը, վերջիններիս հետ իշխանափոխությունից հետո պետական համակարգ տեղափոխված լինելը: Իսկ օրենքով սահմանված սկզբունքները անտեսված են:
Այսպիսով, արդեն պարզ է դառնում՝ ինչու՞ ամբողջական չեն բարձրացվում պետական պաշտոնյանների հիմնական աշխատավարձերը: Պարգևատրման այս խնդրահարույց մոտեցմամբ կարելի է եղած միջոցներն առավելագույնս ուղղել յուրայիններին՝ ամենալայն հայեցողությամբ: Պետական պաշտոնյանների հիմնական աշխատավարձի որոշման համար հիմք հանդիսացող բազային աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ նաև 2020 թվականի պետական բյուջեի նախագծով:
Որպես ամփոփում. ակնհայտ է՝ որդեգրված այս մոտեցմամբ աշխատավարձերի լատենտային ու դրվագային բարձրացումները ծնում են առարկայական նոր խնդիրներ, հատկապես՝ պետական կառավարման արդյունավետության տեսանկյունից, որն առանց այն էլ գահավիժում է:
Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ