«Տիկին Խաչունցն արդարացիորեն չանդրադարձավ տրանսպորտի, վերելակների, կանաչապատման խնդիրներին, չանդրադարձավ, որովհետեւ այս մեկ տարվա ընթացքում այդ ուղղությամբ որեւէ աշխատանք չի կատարվել, իսկ մանկապարտեզների հերթագրման համակարգի առցանց հրապարակումը ստեղծվում էր դեռեւս նախորդ տարիներին եւ այս իշխանության օրոք պարզապես հրապարակվեց, ինչը շատ լավ է»,-այսպես արձագանքեց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցի կողմից թվարկած քայլերին, որոնք կատարվել են քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում:
Այսօր «Մեդիա կենտրոնում» ավագանու անդամները քննարկեցին քաղաքապետի՝ մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Հասմիկ Խաչունցի խոսքով, «Երեւանի փողոցներն ազատվել են աղբից, ոռոգման ցանցն են կարգավորել, լուծման փուլում է փողոցների լուսավորության հարցը» եւ այլն:
Դավիթ Խաժակյանն ասաց, որ բազմաթիվ խոստումներ են լսել քաղաքապետից նախընտրական շրջանում, սակայն մեկ տարվա ընթացքում դրանք իրագործելու ճանապարհների մասին ոչինչ չեն լսում, հետեւաբար կասկածի տակ են առնվում, որ հաջորդ չորս տարիներին կիրագործվեն. «Տրանսպորտի առումով իմ գործընկերս պետք է ասի, որ ծրագիրը ներկայացրել ենք կառավարություն, սպասում ենք ֆինանսավորման, այդ նույն պատասխանը տրվել է տարեսկզբին կամ պաշտոնավարման ստանձնումից որոշ ժամանակ անց, երբ ծրագիրը ներկայացվեց»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը գտնում է, որ աղբահանության հարցը թեեւ լուծվել է, բայց չի կարող երկար շարունակվել, եթե չստեղծվի աղբի վերամշակման գործարան, երկու տարի հետո նույն խնդրի առաջ ենք կանգնելու: Տիկին Առաքելյանը նույնպես թվարկեց տրանսպորտի, կանաչապատման, ուռճացված հաստիքները կրճատելու Հայկ Մարությանի չկատարված խոստումները: Հիշեցրեց նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ ճոպանուղի կառուցելու մասին, Աջափնյակի մետրոյի կայարանը բացելու խոստումը:
Կարդացեք նաև
Հասմիկ Խաչունցի խոսքով՝ տասը, քսան տարի շարունակ խնդիրները ոչ լուծել են, ոչ էլ փորձել են լուծել. «Օրինակ` ոռոգման ցանցի խնդիր. քաղաքապետարանում գոյություն ուներ ընդամենը մեկ մարդ, որը տեղյակ էր ոռոգման համակարգի մանրամասներից: Այսօր քարտեզագրման փուլում է ոռոգման համակարգը, որը հասանելի է լինելու այդ համակարգի համար պատասխանատու բոլոր սուբյեկտներին ու կառույցներին: Եթե չկա համակարգ, ենթակառուցվածք, խնդիրները ծագում են եւ չեն լուծվում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ