Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Կենտրոն նստավայր, դատավոր Ֆարխոյանի նախագահությամբ Դանիել Իոաննիսյանի բողոքի գործի քննությունն էր: Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցն ու Դանիել Իոաննիսյանն ԱԱԾ-ի դեմ հաղորդում էին ներկայացրել, քանի որ ՀՔԾ-ն մերժել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրգործ հարուցել: Բողոքի հիմքում Գարեգին Միսկարյանի այն գրառումն էր, որտեղ նշվել էր, որ Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի: Այս գրառումից հետո քաղաքացին ԱԱԾ-ից հենց ԱԱԾ բլանկով ծանուցում էր ստացել, որով պահանջում էին, որ նա հերքի իր գրառման մեջ տեղ գտած տեղեկությունը:
Ըստ բողոքող կողմի, միտում են տեսնում, որ այդ քայլով ցանկացել են քաղաքացուն հասկացնել, որ տվյալ պաշտոնյայի վերաբերյալ գրառումներ այլեւս չանի: Քաղաքացին կարող է ԱԱԾ պաշտոնական բլանկով ծանուցումը որպես ճնշում դիտարկել: Գրության հեղինակը եղել է Վահե Ենգիբարյանը՝ ԱԱԾ տնօրենի խորհրդականը, որը հրավիրվել է ՀՔԾ եւ բացատրություն տվել: Ըստ բացատրության՝ նրանք այդ գրառումը դիտարկել են ոչ միայն անձի, այլ ԱԱԾ տնօրենի հեղինակության դեմ:
Դատարանում այս գործով բողոքի քննությունն արդեն ավարտվել է, կողմերի դիրքորոշումները լսել են, բայց այսօր դատարանում պետք է հարցաքննեին Վահե Ենգիբարյանին: Նա անհայտ պատճառներով չէր ներկայացել: Ոստի դատարանը միանգամից գնաց խորհրդակցական սենյակ:
Կարդացեք նաև
Դանիել Իոաննիսյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչ Էդգար Հակոբյանը մեր զրույցում ասաց. «Դատարանի համար պարտադիր չէ այն անձին բերել դատարանում հարցաքննել, որը որոշակի բացատրություն տվել է գործի քննության շրջանակներում, որովհետեւ, ըստ էության, մենք ասում էինք՝ պետք է քրգործը հարուցվեր, մերժվել է, մերժումն էինք բողոքարկում: Դատարանը հարկ համարեց այդ մարդուն, ով բացատրություն է տվել, կանչել, հարցաքննել՝ պարզելու, թե ԱԱԾ-ի բլանկը ո՞վ է օգտագործել՝ Վահե Ենգիբարյանն ի՞ր նախաձեռնությամբ էր օգտագործել, թե՞ Վանեցյանը հանձնարարություն էր տվել: Այս հանգամանքները պետք է պարզվեին: Գործի նյութերով երեւում է, որ Ենգիբարյանը ասել է՝ «Վանեցյանի իմացությամբ եմ դա արել: Չի ասել, որ իրեն հանձնարարել է՝ որպես վերադաս, հրամայել է: Ուստի դատարանի մոտ հարց էր առաջացել՝ իմացություն ասելով՝ ի՞նչ նկատի ունի»:
Թե ի՞նչ են ակնկալում դատարանի որոշումից՝ Էդգար Հակոբյանն ասաց. «Ակնկալում եմ, որ դատարանը բավարարելու է բողոքը, որովհետեւ տվյալ գործով Վանեցյանը բացատրություն էլ չի տվել, չէին էլ նրան հարցրել՝ ենթակայիդ տվե՞լ ես նման հանձնարարություն, բայց հետաքննության մարմինը եզրակացություն էր գրել իր որոշման մեջ, որ Վանեցյանն այդ ամենը ընկալել է՝ որպես իր իրավունքների վերաբերյալ հրապարակում, այսինքն, առանց Վանեցյանին լսելու՝ եզրակացություն են կայացրել, թե Վանեցյանն ինչ է ընկալել ու ինչ է մտածել»:
Մեր հարցին՝ հաշվի առնելով, որ Վանեցյանն այլեւս այսպես ասած «մեր ժամանակների հերոսը» չէ, դա կարո՞ղ է նպաստել, որ գործն այնպիսի որոշում ունենա, որը դուք եք ակնկալում՝ նա պատասխանեց. «Անկախ նրանից՝ Վանեցյանը պաշտոնում է, թե չէ, դատարանը քննարկելու է նախկին թվագրությամբ կայացրած որոշման ճիշտ կամ սխալ լինելը: Չեմ կարող ասել, թե ինչ ազդեցություն դա կունենա, կարծում եմ, իրավական առումով որեւէ ազդեցություն չպետք է ունենա որոշման վրա: Զուտ կարծում եմ, որ Ենգիբարյանի չներկայանալը կարող է պայմանավորված լինել Վանեցյանի ազատման հետ կապված հարցով»:
Մենք ճշտեցինք, այսինքն, հիմա Ենգիբարյանն ավելի կաշկանդվա՞ծ է՝ նա պատասխանեց. «Ոչ թե կաշկանդված է, այլ զուտ չներկայանալը պայմանավորված լինի նրանով, որ իր վերադասը, որի ներկայացուցիչը հանդիսացել է եւ որի անունից գործել է, այլեւս այդ պաշտոնին չէ»:
Վաղը դատարանը կհրապարակի որոշումը եւ եթե բողոքը բավարարվեց, ՀՔԾ-ն անմիջապես պետք է Վանեցյանի նկատմամբ քրգործ հարուցի պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ եւ կիրականացնի քննություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
21-րդ դար՝արագությունների դար-հերոսից մեղադրյալ մեկ քայլ է…..