«Հեղափոխության արդյունքում իշխանության հանդեպ դրսևորվեց աննախադեպ բարձր վստահություն ժողովրդի կողմից, սակայն պետք է ցավով արձանագրենք, որ այդ աննախադեպ վստահությունը չօգտագործվեց. երկրում խորքային փոփոխություն չենք տեսնում»,- «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժման համահիմնադիր Վարդան Այվազյանը:
Նա տեղեկացրեց, որ 4 ամիս առաջ ստեղծել են «Հայոց արարման հավաք» կազմակերպությունը, որն էլ նախաձեռնում է «Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժումը։
Վարդան Այվազյանը երկրում տիրող մթնոլորտի մասին ասաց. «Հեղափոխությունից անցել է մեկուկես տարի, սակայն քաղաքական բանավեճը դրսևորվում է փոխադարձ ժխտողականությամբ և անհանդուրժողականությամբ: Նշված խնդիրը լուծելու համար այսօր հայտարարում ենք շարժման սկիզբ, որի նպատակն է մերժել երկրում տիրող կեղծ օրակարգը»:
Վարդան Այվազյանն ասաց, որ կեղծ օրակարգի մեջ մտնում է համազգային խնդիրների խեղաթյուրումը, հասարակության բևեռացումը, ատելության մթնոլորտը, պետական ինստիտուտների արժեզրկումը, արտաքին քաղաքական մարտահրավերները, իրավունքի և պետության, արդարության և արդարադատության տարաբնույթ ընկալումն ու մեկնաբանությունը, ժողովրդավարություն երևույթի նենգափոխումը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով «Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժման պլյուս մեկ եզրույթին՝ Վարդան Այվազյանն ասաց. «Պլյուս մեկ նկատի ունենք հայ առաքելական եկեղեցուն: Մեր շարժմանը միանալու համար անհրաժեշտություն չկա լինել քաղաքական գործիչ, այլ անհրաժեշտ է լինել հայ մարդ»:
Ըստ նրա՝ նորաստեղծ այս հարթակը հնարավորություն կտա առողջացնել հասարակական գործընթացները և նշեց այն քայլերը, որոնք տանելու են այդ առողջացմանը. «Օրինակ ՝ պետականության, որակականությանն ուղղված սահմանադրական փոփոխությունների մշակման միջոցների նախաձեռնում, հասարակական ինքնագիտակցության բարձրացմանն ուղղված համալիր ազգային ծրագրի մշակման աջակցություն, քաղաքական և հասարակական դաշտում գործող սուբյեկտների հետ կոնսոլիդացիայի նախաձեռնում, ատելության խոսքը բացառող օրենսդրական ակտերի մշակում»:
«Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժման համահիմնադիր Սուրեն Ալթունյանը հայտարարեց. «Այսօր երկրում իրավիճակ է ստեղծվել, երբ տիրում է ատելության և թշնամության քարոզը և նման կերպով երկիրը դեպի լավը գնալ չի կարող: Մենք պետք է համախմբենք բոլորին, ակնկալում ենք, որ հայ առաքելական եկեղեցին ևս կմասնակցի համախմբման կոչին»:
«Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժման համահիմնադիր Արագած Ախոյանը վստահեցրեց, որ եթե հանրապետությունում չձևավորվի հանդուրժողականության և սիրո, միմյանց փոխադարձ հարգանքի մթնոլորտ, ոչինչ անել. «Վերջին ժամանակներս որոշ փոշիացումներ են լինում արժեհամակարգի, պատերազմող երկրին հատուկ, բնորոշ որոշ մարդկանց կարգավիճակի հետ կապված: Մենք հրապարակավ կոչեր լսեցինք հերոսներին ոչնչացնելու, նախագահի գլուխ կոտրելու մասին: Սա կորուստ է, ոչ նյութական արժեք է: Ուստի մենք առաջարկում ենք նոր դեղատոմս: Մենակ, իհարկե, չի ստացվելու, դրա համար կոչ ենք անում կոնսոլիդացիա պլյուս մեկ: Մենք հավակնություններ չունենք. մեր նպատակն է երկրում նոր իրավիճակ ստեղծել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Նոյյան Տապան»-ի