Հայ մամուլի օրվա և Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ այսօր տեղի է ունեցել խոնարհումի արարողություն հայ առաջին տպագիր պարբերականի՝ «Ազդարարի» հիմնադիր Հարություն քահանա Շմավոնյանի կիսանդրու մոտ:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ տեղի ունեցած այս արարողությամբ մեկնարկեց ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը:
Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողները և շրջանավարտները ծաղիկներ խոնարհեցին կիսանդրու մոտ:
«Այսօր լրանում է հայերեն առաջին տպագիր պարբերականի 225-ամյակը, այդ առթիվ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսները նախաձեռնել են խոնարհումի արարողություն՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով մի մարդու, որը նոր սկիզբ նախանշեց, ինչպես ժամանակին Մեսրոպ Մաշտոցը և հետագայում Կոմիտասը: Խորհրդանշական է, որ «Ազդարարի» 225-ամյակը համընկել է Մայր բուհի հիմնադրման 100-ամյակի, ԵՊՀ-ում ժուռնալիստիկայի հիմնադրման 75 և Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակների հետ»,- ասաց Ն. Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը հույս հայտնեց, որ այս արարողությունը, խոնարհումի տուրքն ավանդական պետք է դառնան. «Վստահ եմ, որ հայ մամուլի վաղվա նվիրյալները, որոնք կարծում են՝ մամուլը յուրաքանչյուր ժողովրդի ու պետության կայացման գործում լուրջ դերակատարություն ունի, ամեն տարի՝ հոկտեմբերի 16-ին, կիսանդրու մոտ են հավաքվելու և իրենց խոնարհումի ու հարգանքի տուրքը մատուցելու Հարություն քահանա Շմավոնյանի հիշատակին՝ համոզված լինելով, որ նա իսկապես սխրանք է գործել՝ ստեղծելով մի պարբերական, որը բոլոր առումներով համապատասխանում էր ժամանակի եվրոպական ամսագրային չափանիշներին, ուներ հետաքրքիր գեղակառույց ու բաժանումներ, բովանդակային ընդգրկում, այնպիսի հրապարակումներ, որոնք 225 տարի անց անգամ արդիական են»:
Ըստ դեկանի՝ 1794 թ. հիմնադրված պարբերականը, իր տեսակի մեջ առաջինը լինելով, զարմանալիորեն ամբողջական էր, կատարյալ, կառուցվածքով անթերի: Հայաստանի ազգային գրադարանում պահվող «Ազդարարի» լրակազմերն այսօր էլ շարունակում են միայն զարմանք, հիացմունք ու պատկառանք ներշնչել:
Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ միջոցառումը նաև լավ առիթ է՝ արժևորելու ֆակուլտետի անցած ճանապարհը և մտածելու առաջիկա տասնամյակի անելիքների մասին, հասկանալու, թե արդյոք հայ մամուլը վստահության ճգնաժամ է ապրում, թե ոչ, եթե այո, ինչպես պետք է գտնել վերջինս հաղթահարելու ուղիները. «Լրատվադաշտն անընդհատ փոփոխվում է, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաները նոր փոխակերպումներ են բերում, և մեր մասնագիտությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, քանի որ սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս բազմաթիվ մարդկանց, որոնք արհեստավարժ լրագրող չեն, տեղեկատվություն տարածելու: Մեր խնդիրն է այնպես անել, որ արհեստավարժ լրագրությունն այդ մրցապայքարում հաղթող դուրս գա: Ես համոզված եմ՝ այսօր ժուռնալիստիկայի ոսկեդարն է, որովհետև լրագրությանը և լրագրողներին աննախադեպ հնարավորություններ են ընձեռված»:
Հասմիկ ԱՍԼԱՆՅԱՆ