Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյանը մտադիր է հիփոթեքի դեպքում եկամտային հարկի վերադարձի փոփոխության խնդիրն առաջադրել կառավարությունում

Հոկտեմբեր 16,2019 14:38

Առաջնային շուկայից տուն կամ բնակարան ձեռքբերելիս հիփոթեքային վարկի դեպքում եկամտային հարկի վերադարձի օրենսդրական փոփոխության մասին վերջերս հաճախ է խոսվում, կա կարծիք, որ այս դրույթը կառավարությունը մտադիր է վերացնել:

Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ հիփոթեքային վարկը սպասարկելիս եկամտային հարկի վերադարձի նպատակահարմարության հարց այժմ կառավարությունում չի քննարկվում, բայց ՊԵԿ նախագահը մտադիր է այդ խնդիրն առաջադրել. «Որեւէ հարց այսօր չի քննարկվում կառավարությունում, այդպիսի մտադրություն չկա, բայց կառավարությունում ես ինքս այդպիսի հարց անպայման բարձրացնելու եմ՝ մենք ի զորո՞ւ ենք այս բեռը առաջիկա տարիներին տանել մեր ուսերին: Իմ կարծիքով՝ մի քիչ դժվարություններ կլինեն»:

Անանյանն ասաց՝ պետք է դիտարկել՝ սա սոցիալական աջակցությանն ուղղված գործի՞ք է, թե՞ բիզնեսին աջակցելու, եթե՝ սոցիալական է, ապա պետք է գործի այդ գործիքը: Իսկ եթե բիզնեսին՝ ապա դա լավ գործիք չէ, եւ այն բիզնեսը չէ, որին պետությունը պետք է աջակցի, քանի որ կան այլ ոլորտներ, օրինակ՝ արտահանմանը միտված ճյուղեր, որտեղ պետությունը այդ գումարներն ավելի արդյունավետ կարող է ծախսել:

««Եկամտային հարկի վերադարձի մասին» օրենքով արդեն 5 միլիարդ 501 միլիոն դրամ մենք ենք վերադարձրել ֆիզիկական անձանց: Իսկ մինչեւ տարեվերջ, ՊԵԿ կանխատեսումներով, վերադարձվող գումարը կլինի շուրջ 8 միլիարդ դրամ»,-ասաց Անանյանը:

Նա նաեւ նշեց՝ պետք է դիտարկել՝ բնակարանի գնի մինչեւ 55 միլիոն դրամն արդյոք այն լավագույն շեմն է, որի դեպքում եկամտային հարկի վերադարձ է կատարվում. «Իմ կարծիքով՝ ոչ, այդ շեմն իմ կարծիքով պետք է լինի 35 միլիոն դրամ»:

Այս ծրագրի արդյունքում, ինչպես ասաց Անանյանը, բիզնեսի հետ գործարքներից ավելի քիչ գումար է բյուջե մտնում, մինչդեռ ավելի շատ վերադարձնում են քաղաքացիներին՝ եկամտային հարկի տեսքով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031