Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Օրակարգային առաջին հարցը կապված է եղել խորհրդում Ամուլսարի հարցով աշխատանքային խմբի ձևավորման հետ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Ամուլսարի հանքավայրի հիմնախնդրի վերաբերյալ Հանրային խորհուրդն աշխատանքային փակ նիստ էր անցկացրել՝ հրավիրելով շահագրգիռ բոլոր կողմերին, որի ընթացքում որոշում էր կայացվել ստեղծելու աշխատանքային խումբ հարցի հետագա ուսումնասիրման և Հանրային խորհրդի դիրքորոշման ձևավորման նպատակով:
Աշխատանքային խմբի ձևավորման հարցով տեղի ունեցած քննարկման ժամանակ կարևորվել է Ամուլսարի շահագործման խնդրի համակողմանի ուսումնասիրությունը և կոնկրետ փաստերի վերհանումը, որը կօգնի հարցին մոտենալ հնարավորինս փաստարկված և օբյեկտիվ:
Խորհրդի անդամներից կազմված աշխատանքային խումբն առաջիկայում կհամալրվի նաև անկախ փորձագետներով և ոլորտի մասնագետներով։
Առաջարկ է հնչել, որ ստեղծվող աշխատանքային խումբը զբաղվի ոչ միայն Ամուլսարի հանքի շահագործման, այլև առհասարակ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով և վերջնական եզրակացությունը Հանրային խորհուրդ ներկայացնի համակարգային մոտեցմամբ:
Կարդացեք նաև
Նիստի օրակարգի երկրորդ հարցը վերաբերել է հոկտեմբերի 9-11-ը Բուխարեստում տեղի ունեցած Հանրային խորհուրդների միջազգային ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի (AICESIS) արդյունքների վերաբերյալ ՀԽ պատվիրակության անդամների (Գագիկ Եգանյան, Արմեն Տեր-Տաճատյան, Հարություն Մեսրոբյան) կողմից տեղեկատվության տրամադրմանը: Հարություն Մեսրոբյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել այցի արդյունքները՝ հատկապես առանձնացնելով ասոցիացիայի ղեկավար մարմնի՝ խորհրդի կազմում ՀՀ Հանրային խորհրդի ներկայացուցչին դիտորդի կարգավիճակ շնորհելու փաստը:
Օրակարգի երրորդ հարցը կապված է եղել Հանրային խորհրդի 15 հանձնաժողովներում կատարված աշխատանքների հետ: Հանձնաժողովների նախագահները ներկայացրել են հակիրճ հաշվետություններ ընթացիկ գործունեության վերաբերյալ և անդրադարձել առաջիկա անելիքներին:
Հանրային խորհրդի նախագահն ընդգծել է, որ խորհրդի արդյունավետ գործունեությունը կախված է նախևառաջ հանձնաժողովների ակտիվ աշխատանքից, որտեղ պետք է մասնագիտորեն քննարկվեն, հասունանան և Հանրային խորհուրդ ներկայացվեն մեր երկրի ամենատարբեր ոլորտներում առկա խնդիրները և հասարակությանը հուզող հարցերը:
Հանրային խորհուրդ