«Վարչապետը գո՞հ է իմ աշխատանքից, թե՞ ոչ: Մեր աշխատանքային քննարկումների ժամանակ իր հնչեցրած դժգոհությունները եղել են գործառույթների վերաբերյալ, ՊԵԿ-ի գործառույթների առումով՝ որոշակի վերապահումներ, ցանկություններ, դժգոհություններ, այո՛, վարչապետը հայտնել է, բայց դա իմ անձին չի վերաբերում, այլ՝ ՊԵԿ-ին»,-այսօր այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ ի պատասխան լրագրողների հարցի:
Անանյանի կարծիքով՝ ՊԵկ կառույցներն արդյունավետ են գործում, բայց միշտ էլ ավելի արդյունավետ գործելու տեղ կա. «Վարչապետի այդ դժգոհությունները մոտիվացնող են: Բայց դժգոհություններն իմ անձին չեն վերաբերում, համենայնդեպս, մենք նման զրույց չենք ունեցել»:
Իր պաշտոնանկության հնարավորության մասին էլ ՊԵԿ նախագահն ասաց. «Եթե հետագայում կլինի այնպիսի իրավիճակ ու անձ, որն ավելի արդյունավետ կիրականացնի այս աշխատանքը, իհարկե, ես կհեռանամ, եւ այդ անձը պետք է գա: Անփոխարինելի անձ չկա»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ