Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգեւ Օհանյան. «Նույն Ազգային ժողովը, որ այսքան պրոցես նախաձեռնեց եւ մերժվեց՝ ընդամենը պետք է դա աներ». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 16,2019 13:18

Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը «Իմ քայլի» նախաձեռնած գործընթացի հաջողության հասնելու վերաբերյալ ի սկզբանե հոռետեսական սպասելիքներ է ունեցել։ Երեկ նա ասաց, թե իր կարծիքով իրականում ինչ քայլ պետք է նախաձեռնվեր։

-Ըստ ձեզ՝ ի՞նչ քայլի պետք է դիմի «Իմ քայլը»՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար։

-Ես կարծում եմ, որ պետք է գնալ Սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։

-Իսկ ի՞նչ փոփոխություններով եք հնարավոր համարում այդ խնդրի լուծումը։

-Ես ասել եմ, որ Սահմանադրության 213 հոդվածում պետք է կատարվի փոփոխություն, ընդ որում, եթե չեմ սխալվում, դա արվում է առանց հանրաքվեի, հենց Ազգային ժողովի կողմից։ Այսինքն, նույն Ազգային ժողովը, որ այսքան պրոցես նախաձեռնեց եւ մերժվեց՝ ընդամենը պետք է դա աներ։

-213 հողվածը վերաբերում է ՍԴ անդամների եւ նախագահի պաշտոնավարմանը։ Դրանում ասվում է, որ «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը։ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար ՀՀ նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ Կառավարությունը»։ Ի՞նչ պետք է փոխել այստեղ։ Թույլ չտա՞լ, որ ՍԴ անդամները շարունակեն պաշտոնավարել։

-Գիտեք ինչ, իմ կարծիքը հետեւյալն է. 213 հոդվածում փոփոխություն է արվում, լրացում ավելի շուտ, որ ՍԴ գործող անդամները շարունակում են պաշտոնավարել՝ Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով վերընտրվելուց հետո։ Այսինքն, Ազգային ժողովի կողմից նորից պետք է վերընտրվեն։ Բնական է, որ արդեն այդ փոփոխության հիման վրա կամ արդյունքում այսպես ասած վեթինգ կամ լյուստրացիա է կատարվում ինքնըստինքյան։ Այսինքն՝ Սահմանադրական դատարանի այն անդամները, ովքեր կանցնեն այդ վեթինգը, համապատասխան վստահության բալերը կհավաքեն՝ կվերընտրվեն։

Վերջին հաշվով ես չեմ կարծում, որ ինքնանպատակ կամ անձնավորված ինչ-որ պրոցես պիտի լինի։ Գրեթե համոզված եմ, որ բոլորս, այդ թվում ե՛ւ իշխող ուժը՝ հենց վարչապետից սկսած, շատ լավ գիտի՝ ով ով է, ով ինչ մասնագիտական գիտելիքներով բավարարում էդ պաշտոնին, ով ինչ քաղաքական հայացքներ կամ կապեր ունի, նյութական ինչ միջոցներ ունի, եւ այլն։ Սրա արդյունքում ավելի խելամիտ կլինի, որ ոմանք մնան (ովքեր որ պրոֆեսիոնալ են, պարկեշտ են, աշխատել են, կամ ընդամենը երկու տարի է մնում, որ աշխատեն)։ Այսինքն՝ մի մասը դուրս կգան, մյուս, մասը կշարունակի աշխատել։

-Ըստ ձեզ՝ այս հնարավորությանը ծանոթ չի՞ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը։ Ի՞նչն է պատճառը, որ չի գնում այս ճանապարհով։

-Դե այդ հարցը ինձ չպետք է ուղղեք, որովհետեւ ես ընդամենը պիտի ենթադրություն անեմ, չնայած կարող եմ ենթադրել, հավանաբար որոշակի խոչընդոտներ կան, գուցե նպատակահարմարության հարցեր, չգիտեմ։ Բաներ

կան, որ մեզ հասու չեն։ Միգուցե ինչ-որ խոչընդոտներ կան, ինչ-որ գուցե իրավական, գուցե քաղաքական, գուցե դիվանագիտական խնդիրներ կան։ Կարող է Վենետիկի հանձնաժողովն է ինչ-որ վետո դրել, որ չի կարել Սահմանադրություն փոխել նախորդ փոփոխությունից մեկ, մեկուկես տարի հետո։ Բայց Վենետիկի հանձնաժողովը չէ, ուզում է Հռոմի պապը լինի՝ պիտի հասկանան, որ այստեղ տեղի է ունեցել հեղափոխություն, ոչ թե իշխանափոխություն։ Չպետք է մոռանանք, որ հեղափոխության արդյունքում ժողովուրդը ընտրել է Ազգային ժողով, որը պարտավոր է լուծել այս խնդիրը։ Չպետք է խորշենք վենետիկյան հանձնաժողովներից, պարզապես պետք է քայլ արվի, սա հեղափոխության էտապներից, փուլերից մեկն է։ Ամեն անհրաժեշտ փոփոխություն պետք է կիրառել։ Հավանաբար ուզում են այսպես ասած թավշյա լինի ամեն ինչ։ Բայց գիտե՞ք ինչ՝ ամեն տեղ չի, որ թավիշը թավիշ է, թավիշ էլ կա, թավիշ էլ։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅՍՆ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Աւելորդ է հակազդել Պարոն Վահե Գրիգորյանի, ըստ սովորութեան, իսկապէս անկապ ու անհեթեթ արտայայտութիւններին:

    Սակայն յարգելի դատավոր Պարգեւ Օհանյանի ուշադրութեան կարելի է յանձնել հետեւեալը՝

    « ՀՀ Սահմանադրութիւն
    Հոդված 168. Սահմանադրական դատարանի լիազորությունները
    Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝
    2) մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը. »

    Այսինքն՝ մէյ մը որ Սահմանադրութիւնը որդեգրուած է, երբ որ նրա փոփոխութեան նախագիծ մը գոյանայ, Սահմանադրական Դատարանն է որ որոշում է այդ փոփոխութեան նախագծի սահմանադրական լինելը, կամ ոչ… Սահմանադրութեան փոփոխութեան նախագիծը, ընդունուելէ առաջ, պէտք է նախ եւ առաջ անցնի Սահմանադրական Դատարանէն, եւ անոր կողմէ հաստատուի անոր ի զօրու լինելը, ըստ Սահմանադրութեան…

    Սա ուրեմն մի ուրիշ «Պանդորայի տուփ» է, որ եթէ այժմու Ազգային Ժողովը ուզում է բանալ, պէտք է որ պատրաստ լինի անակընկալ հետեւանքներու, զորս պիտի չփափաքի դիմագրաւել:

    Ամէն դէպքում, Սահմանադրութեան մը արդէն իսկ կիրարկուած, գործադրուածԱնցումային Դրոյթները փոփոխութեան ենթարկելը ինքնին շատ վիճելի յղացք է, եւ դեռ ա՛լ աւելի, երբ որ նպատակը այդ թէական փոփոխութեան յետադարձ ազդեցութիւն տալն է, էական նիւթի մը կապակցութեամբ:

    Իսկ մինչեւ որ նոր դատաւորները ընտրուին – գործընթաց մը որ կրնայ տեւել ամիսներ -, ՀՀ Սահմանադրական Դատարանը երկու դատաւորներո՞վ պիտի գործէ… Ի դէմ Սահմանադրական դատարանի մասին Օրենքին… Որ նոյնպէս պէտք է փոխել, ուրեմն: Գործընթացի մը ընդմէջէն զորս նոյնպէս ենթարկուած է գործող Սահմանադրական Դատարանի քննութեան, Սահմանադրութեան հիման վրայ:

    Օրէնքի Գերակայութեան, Պետութիւնը բաղադրող երեք Իշխանութիւններու տարրանջատման սկզբունքները, խաղալիքներ չեն:

    Ընդգծենք որ այս ամէնը, միայն ու միայն մէկ իսկական պատճառ ունի՝ Ռոբերտ Քոչարյանը խնդիրը…

    Մ. Հայդուկ Շամլեան, Կանադա
    https://haytougchamlian.blog/
    https://www.facebook.com/Blog-H-368796210632940

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031