ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի եւ, թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ վերջերս Հայաստանը կամ Երեւանը շատ հաճախ է հայտնվում տարբեր վարկանշային աղյուսակներում. «Դա շատ լավ է խոսում մեր երկրի մասին եւ նշանակում է, որ Հայաստանը գնալով ճանաչելի է դառնում։ Օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանը դառնում է ավելի գրավիչ ուղղություն»։
Այվազյանը թեեւ թվերով չնշեց, սակայն վստահ է՝ այս ցուցակում Երեւանի լինելը զբոսաշրջիկի ընտրության վրա ազդեցություն կունենա. «Այն զբոսաշրջիկները, ովքեր չեն կողմնորոշվել, թե ուր կարելի է գնալ, նրանց համար այս վարկանիշը կարող է կարեւոր դեր խաղալ։ Սա ուղենիշ է նաեւ այն զբոսաշրջիկների համար, ովքեր որոշել են այցելել ՀՀ», սակայն դեռ վերջնական ընտրություն չեն կատարել։
Այվազյանի խոսքով՝ Զբոսաշրջության կոմիտեն՝ Հայաստանի կայուն զարգացման նորարարական կենտրոնի հետ համատեղ մշակում են մի հետաքրքիր գործիք, որը կոչվում է՝ Travelinsights, ինչը հիմնված է արհեստական բանականության մոդելի վրա։ Այն վերլուծում է Booking.com-ի, TripAdvisor-ի եւ «Ֆեյսբուք»–ի տվյալները։ «Դա շատ լավ հնարավորություններ է բացում մեզ համար։ Մշակվելու են այն բոլոր տեղեկությունները, որ կհայտնվեն այդ կայքերում։ Այս պահին գործիքը թեստավորման փուլում է»։
Փորձագետի կարծիքով՝ Երեւանի՝ Booking.com-ի 10-յակում հայտնվել պայմանավորված է նրանով, որ մարդիկ կամաց-կամաց ավելի շատ են լսում Հայաստանի եւ Երեւանի մասին. «Սա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից մեկն էլ այն է, որ Զբոսաշրջության կոմիտեն ԶԼՄ-ների, բլոգերների համար ճանաչողական այցեր է կազմակերպում Հայաստան։ Նաեւ ավելի թիրախավորված թվային մարքեթինգ ենք իրականացնում»։
Կարդացեք նաև
Այվազյանը նշեց, որ զբոսաշրջությունն այն ուղղություններից է, որը շատ լուրջ նպաստում է երկրի տնտեսության զարգացմանը. «Այն գումարները, որը ծախսվում է զբոսաշրջիկների կողմից՝ մնում են Հայաստանում։ Զբոսաշրջությունը շատ հաճախ գերակա ուղղություն է կառավարությունների համար»։
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում