2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի գործով հերթական դատական նիստում այսօր դատարանը, ինչպես նախորդիվ էր հայտարարել, պետք է սկսեր մեղադրյալների հարցաքննությունը, սակայն խմբի անդամներից մի մասի պաշտպաններ Մուշեղ Շուշանյանն ու Տիգրան Եգորյանը դատարանին գրավոր միջնորդություն էին ներկայացրել՝ նիստը հետաձգելու խնդրանքով: Եգորյանն ու Շուշանյանն արդեն իսկ հարցաքննված տուժողների եւ վկաների ցուցմունքների վերլուծության համար խնդրել են տրամադրել բավարար ժամանակ՝ իրենց պաշտպանյալների շահերի պատշաճ պաշտպանությունն իրականացնելու համար:
Դատավոր Մեսրոպ Մակյանը, նկատի ունենալով երկու փաստաբանների բացակայությունը, հարցադրում արեց. «Ի՞նչ է նշանակում «բավարար ժամանակ»: Դատարանն արդեն իսկ մեկ ամիս առաջ Տիգրան Եգորյանին իր իսկ խնդրանքով ուղարկել է նիստերի արձանագրությունների կրիչները, մինչդեռ հիմա պարոն Եգորյանը նորից ժամանակ է խնդրում՝ չհստակեցնելով, թե որքան»: Եգորյանի եւ Շուշանյանի պաշտպանյալներից Վարուժան Ավետիսյանը պարզաբանեց. «Կարծում եմ՝ առնվազն երեք շաբաթ է պետք՝ հսկայական նյութին ծանոթանալու համար: Աշխատանքն ընթանում է, բայց մեր պաշտպանները չեն հասցնում»:
Դատավոր Մակյանը մեկ այլ հարց ուղղեց. «Արդյոք սա խոչընդո՞տ է, որպեսզի դատարանը չսկսի ամբաստանյալների հարցաքննությունը: Ըստ դատակոչի ցուցակի՝ առաջինը Պավել Մանուկյանը պետք է լինի: Գործը ողջամիտ ժամկետներում է պետք քննել»: Վարուժան Ավետիսյանն արձագանքեց. «Արդեն ասացի՝ կարող են հակասություններ առաջանալ, ուստի մեր պաշտպանների ներկայությունը կարեւոր է»:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը կարծիք հայտնեց. «Փաստաբանները պարտավոր են իրենց ծանրաբեռնվածությունը ստանձնել այնպես, որ որեւէ պաշտպանյալ չտուժի»:
Կարդացեք նաև
Իրավիճակի վերաբերյալ կարծիք հայտնելիս մեղադրյալ Պավել Մանուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Զարուհի Փոստանջյանը վերջինիս հետ խորհրդակցելուց հետո հայտարարեց. «Նա ցանկանում է ցուցմունք տալ»:
Դատարանը, լսելով կողմերի կարծիքները, արձանագրեց՝ մյուս ամբաստանյալներին հարցաքննելը Շուշանյանի եւ Եգորյանի պաշտպանյալների իրավունքները չի ոտնահարում. «Հակասություններ կարող են եւ չառաջանալ: Եթե առաջանան, մյուս մեղադրյալներն այս պահին ունեն պաշտպաններ: Եթե առաջիկա նիստերում Եգորյանն ու Շուշանյանը կներկայանան եւ հարցեր կունենան Պավել Մանուկյանին, կարող են ուղղել դրանք»:
Այնուհետեւ սկսվեց Մանուկյանի հարցաքննությունը: Վերջինս դատարանին միայն ասաց, որ պնդում է մեկ տարի առաջ իր ասածը. «Հիմա էլ ասում եմ, որ դա բացարձակ ճշմարտություն է, այլ ասելիք չունեմ: Կրկնում եմ՝ դա Բիլյան Արմենը չի եղել»:
Հիշեցնենք՝ Պավել Մանուկյանն ասել էր, թե ոստիկան Գագիկ Մկրտչյանը վիրավորվել (հետո մահացել է հիվանդանոցում) է ոչ թե Արմեն Բիլյանի կրակոցից (նրան առաջադրված է սպանության մեղադրանք), այլ Էդվարդ Գրիգորյանի «պատահական կրակոցից»:
Հետո մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հարցեր տվեց, սակայն Պավլիկ Մանուկյանն ասաց. «Ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու»:
Պետրոս Պետրոսյանը նշեց. «Ավելի քան երեսուն հարց էինք նախապատրաստել՝ բազմակողմանի քննություն ապահովելու համար, բայց շարունակելն ավելորդ է, քանի որ Մանուկյանը հրաժարվում է պատասխանել»:
https://www.facebook.com/aravot.am/videos/529310044297974/
Զոհված ոստիկաններից Գագիկ Մկրտչյանի այրի Հասմիկ Ոսկանյանի (տուժողի իրավահաջորդ) հարցերին Պավլիկ Մանուկյանը պատասխանեց.
Հ. Ոս.-Դուք ասացիք, որ Արմեն Բիլյանը չի: Ասեք՝ ո՞վ է:
Պ. Մ.-Արդեն ասել եմ, որ Էդվարդը…
Հ. Ոս-Դուք այնտե՞ղ եք եղել, այդ սենյակո՞ւմ:
Պ.Մ.-Այո
Հ. Ոս.-Սենյակում նրա՝ Էդվարդի կողքի՞ն, կրակոցի ժամանա՞կ:
Պավել Մանուկյանը գլխով դրական պատասխան տվեց:
Հ. Ոս.-Իսկ Բիլյանը որտե՞ղ է եղել կրակոցի ժամանակ:
Պ. Մ.-Զորամասի հատվածում…
Հ. Ոս.-Ինչպե՞ս է եղել այդ կրակոցը:
Պ. Մ.-Լրիվ պատահական է եղել, Էդվարդն ուղղակի բզեց…մենք նրան (նկատի ունի Գագիկ Մկրտչյանին) օգնել ենք, վիրավոր մասը կապել, ինքն իր ոտքով հասել է մուտքի մոտ: Էդվարդն իրեն շատ վատ զգաց… բոլորս զայրացել էինք:
Հ. Ոս.-Արայիկ Խանդոյանը ձեզ հե՞տ է եղել այդ պահին:
Պ. Մ.-Այո: Այդ պատահական կրակոցից նաեւ Լամբարյան Արմենի ձեռքն է վնասվել:
Ապա Մանուկյանը հայտարարեց՝ պատասխանում է Հասմիկ Ոսկանյանի հարցերին, որպեսզի «փարատի, հանի նրա ոխը Արմեն Բիլյանի հանդեպ»:
https://www.facebook.com/aravot.am/videos/360380491348583/
Հասմիկ Ոսկանյանն արձագանքեց. «Լավ, ընդունում եմ, միամիտ կրակեց, բայց եթե այդքան անփորձ էին, ինչո՞ւ էինք նրանց ձեզ հետ տարել հեղափոխություն անելու: Ես չեմ անիծում, աստծո հույսին եմ թողնում, իսկ աստված հերթով իրականությունն է տալիս: Անկախ ամեն ինչից՝ մարդու կյանք եք խլել, ձեր պատճառով որդուս վիզը ծուռ է: Հազա՜ր ամոթ, եթե պատահական է եղել: Պատահական չի եղել այդ կրակոցը, բանալին չտալու համար բա կրակո՞ւմ են: Տարի եւ կես նստելուց հետո՞ հիշեցիք, որ Բիլյանը չի, Էդվարդն է: Վաղը կարող է քնեք-արթնանաք եւ ասեք՝ Բիլյանը չի, Վարուժանն է…»:
https://www.facebook.com/aravot.am/videos/1159229747605596/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ