Լրահոս
Օրվա լրահոսը

Սովորական հանդիպումները սխալ է որակել որպես պատմական կամ բացառիկ. «Հրապարակ»

Հոկտեմբեր 16,2019 11:53

ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների՝ Աշխաբադում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւի հետ եւ նրան հրավիրել Հայաստան։

Այնուհետ, հանդիպման առնչությամբ, նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ այդ հանդիպումը որակելով պատմական, աննախադեպ, ու շեշտելով, որ դեռ երբեք Հայաստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները չեն հանդիպել։ Լրատվական ծառայություններն էլ, առանց արխիվներն ուսումնասիրելու, հաղորդում էին՝ առաջին անգամ նման ֆորմատով հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի եւ Ուզբեկստանի նախագահի միջեւ։

Իրականում, սակայն, նման հանդիպումներ՝ նման ֆորմատով, երկու երկրների ղեկավարների միջեւ անցյալում էլ են եղել։ Եղել են ե՛ւ Սերժ Սարգսյանի օրոք, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի։ Այլ է հարցը, որ չեն եղել փոխադարձ այցելություններ՝ ո՛չ Հայաստանի ղեկավարն է այցելել երբեւէ Ուզբեկստան, ո՛չ էլ Ուզբեկստանի ղեկավարը՝ Հայաստան։ Եվ եթե Միրզիյոեւն ընդունի Փաշինյանի հրավերը, դա իրոք կլինի պատմական ու աննախադեպ այց Հայաստան։

Սակայն տարբեր ձեւաչափերում երկրների ղեկավարների հանդիպումներ, իհարկե, եղել են անցյալում։ Ի վերջո, դաշնակից, բարեկամ պետությունների ղեկավարների միջեւ ինչպե՞ս կարող էին հանդիպումներ չլինել տարածաշրջանային-ինտեգրացիոն տարբեր հարթակներում՝ ԱՊՀ, ՀԱՊԿ։ Ավելին, 2002 թվականին այն ժամանակվա ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն է նույնիսկ այցելել Ուզբեկստան։ Իսկ 2006 թվականին Մինսկի մերձակայքում գտնվող Սիլիչ բնակավայրում կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների մի պատմական հանդիպում՝ առանց փողկապների։

Այնպես որ՝ սովորական հանդիպումները սխալ է որակել որպես պատմական կամ բացառիկ:

Տիգրան ՎԱՀԱՆԵ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031