Լրահոս
Օրվա լրահոսը

Հերիքնազ Տիգրանյան. «Ատելության խոսքը» եզրույթը պետք է նաեւ քրեականացվի այն աստիճան, այն մակարդակով, որը թույլատրելի է». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 16,2019 11:35

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, ոք իրեն անհանգստացնում է այն հանգամանքը, որ այսօր ՀՀ-ում քաղաքացիական հասարակության նկատմամբ ատելության եւ հայհոյախոսության դրվագները շատացել են։

-Տիկին Տիգրանյան, նախորդ շաբաթ ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Դուք եւս միացաք քաղաքացիական հասարակությանը աջակցելու ստորագրահավաքին։ Ի՞նչ փուլում է գտնվում ստորագրահավաքը, եւ ի՞նչը Ձեզ դրդեց, որպեսզի նման որոշում կայացնեք ու հանդես գաք՝ ի պաշտպանություն քաղհասարակությանը։

֊-Նախկինում ես ինքս եղել եմ քաղհասարակության ներկայացուցիչ եւ շատ կարեւորում եմ ազատ խոսքի արժեքը, բայց քանի որ երբեմն խոսքի ազատությունը շփոթում են նաեւ արդեն անկարգությունների, անպարկեշտ, ոչ պատշաճ վերաբերմունքի հետ, այստեղ պետք է հասկանանք, թե որն է կարմիր գիծը, մինչեւ որտեղ կարելի է թույլ տալ խոսքի ազատություն, որից այն կողմը դու արդեն վիրավորում, զրպարտում կամ ուղղակի խոչընդոտում ես նրանց որեւէ իրավունքի իրացմանը։

Վերջին շրջանի զարգացումները՝ կապված կոնկրետ հիմնադրամի գործունեության եւ տարբեր կազմակերպություններին ֆինանսավորելուն, փորձելով գտնել սեւ կատու այնտեղ, որտեղ չկա՝ ստեղծում են հանրության մեջ թյուր պատկերացումներ ընդհանրապես քաղհասարակության վերաբերյալ, քաղհասարակությանը ֆինանսավորող կազմակերպությունների վերաբերյալ, եւ մարդիկ, որոնք ընդհանրապես տեղեկացված չեն այն հիմնադրամներից ու նրանց գործունեությունից, իրենց մոտ ձեւավորվում են անհիմն ֆոբիաներ, անհիմն անհանգստություններ, ընկնում են համաշխարհային դավադրությունների տեսության մեջ եւ այլն։ Ստորագրահավաքը կամ հայտարարությանը միանալը հիմնականում նրանում էր կայանում, որ հայտարարության շեշտադրումներն ինձ համար ընդունելի էին, ընկալելի էին, որովհետեւ պետք ունենալ ազատ խոսքի իրավունք, կարծիք արտահայտելու իրավունք, բայց երբեւէ չպետք է այդ խոսքի ազատությունն անցնի արդեն ատելության շեմը։

Իսկ մեզ մոտ ազատ խոսքը համեմված է ե՛ւ հայհոյախոսությամբ, ո՛ւ նաեւ ատելության զանգվածային դրսեւորումները առաջացնում են նաեւ դրա իրավական կարգավորման անհրաժեշտությունը։ Զուտ դրանով էր պայմանավորված, որ միացա։

–Ըստ Ձեզ՝ սա ի՞նչ հետեւանք պետք է ունենա, եթե հավաքվի անհրաժեշտ ստորագրություն, եթե արդեն հնչեցվել է պատգամավորների կողմից անհանգստություն։

–Պատժամիջոց կամ հետեւանք պետք է առաջանա ոչ թե նրա համար, որ պատգամավորներն են ստորագրահավաք արել, այլ որովհետեւ երեւույթն ինքն է զանգվածային արդեն դարձել, եւ հասարակային հարաբերությունը, որպես այդպիսին, պահանջում է իրավական կարգավորում։ Այո, կարելի է ատելության խոսքը, այն կարգավորումները, որոնք ունեն Քրեական օրենսգրքում, բավարար չեն սաստելու կամ համապատասխան պատասխանատվություն կիրառելու, «ատելության խոսքը» եզրույթը պետք է նաեւ քրեականացվի այն աստիճան, այն մակարդակով, որը թույլատրելի է՝ հիմք ընդունելով Եվրոպական դատարանի նաեւ նախադեպային որոշումները։

–Գաղտնիք չէ, որ նույն Ձեր խմբակցության պատգամավորների կողմից ու, ընդհանրապես, իշխանության ներկայացուցիչների կողմից սոցիալական հարթակներում ատելության խոսք է հնչում։ Արդյոք Ձեր այս պայքարը վերաբերելո՞ւ է նաեւ նման անձերին։

–Այստեղ չի ասվում՝ որեւէ սուբյեկտի կողմից ցանկացած խոսք, որ ատելության խոսք է, ինքն արդեն պատժելի պետք է լինի։ Սուբյեկտը, որ կլինի արտաբերողը, անկախ նրա կարգավիճակից, որեւէ էական նշանակություն չպետք է ունենա։ Առավել եւս հանրային պաշտոն զբաղեցնող անձի համար շատ ավելի խիստ պետք է լինեն զսպումները, եւ նրա ինքնացենզուրան պետք է բարձր լինի:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031