Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի մարգարենե՞ր, թե՞ մարմնավաճառներ

Հոկտեմբեր 16,2019 10:00

Երբ 2018 թվականի մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի կոչով մեր հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց եւ փակեցին ճանապարհները, դա միանգամայն արդարացված էր, որովհետեւ այդ պահին Փաշինյանին վարչապետ չընտրելն արկածախնդրություն էր ՀՀԿ-ի կողմից եւ վտանգում էր մեր երկրի կայունությունը:

Երբ նույն թվականի հոկտեմբերի 2-ին վարչապետ Փաշինյանի կոչով քաղաքացիները շրջափակեցին Ազգային ժողովը՝ արտահերթ ընտրություններն արագացնելու համար, դա արդեն քաղաքական հաշվարկ էր. եթե խորհրդարանական ընտրությունները կայանային ոչ թե դեկտեմբերին, այլ, ասենք, այս տարվա մայիսին, պետությունը դրանից չէր տուժի, պարզապես «Իմ քայլը» կստանար ոչ թե 88, այլ մոտավորապես 60 ձայն՝ էլի մեծամասնություն, բայց ոչ բացարձակ:

Երբ 2019 թվականի մայիսի 20-ին, վարչապետը, դժգոհ մնալով Քոչարյանի գործով դատարանի որոշումից, կոչ արեց շրջափակել բոլոր դատարանները, դա արդեն քաղաքական կապրիզ էր, որովհետեւ Երկրորդ նախագահի հանդեպ կիրառվող խափանման միջոցը չի մտնում, իմ կարծիքով, մեր երկրի առաջնահերթ խնդիրների ցանկի մեջ:

Հիմա հերթը Սահմանադրական դատարանի՞նն է:

Այժմ՝ որպես իշխանության ծրագրի հիմնավորում, բերվում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Բայց այդ հանձնաժողովը չի ասել եւ որեւէ իրավասություն չունի ասելու՝ «ազատվեք նախորդ հանցավոր ռեժիմի ՍԴ դատավորներից եւ շտապ ուղարկեք նրանց վաղաժամկետ թոշակի»: Եվրոպայի Խորհրդի փորձագիտական, խորհրդատվական այս կառույցն ընդամենը նշում է, որ ՍԴ դատավորների (անդամների) վաղաժամկետ թոշակի գնալը կամավոր գործընթաց է եւ չի խանգարի ՍԴ արդյունավետ աշխատանքին, իսկ վաղաժամկետ թոշակի ուղարկելու առաջարկվող սխեման չի հակասում միջազգային ստանդարտներին: Ի դեպ, հանձնաժողովը նաեւ կարեւորում է իրավական համակարգի կայունությունը եւ ընդունելի չի համարում, որ Սահմանադրական դատարանի կազմը փոխվի ամեն անգամ, երբ փոխվում է կառավարությունը:

Ինձ թվում է, այստեղ ո՛չ իշխանության, ո՛չ էլ Հրայր Թովմասյանի երկրպագուներն առանձնապես ցնծալու հիմքեր չունեն: Եթե դուք ծառ եք տնկում եւ կասկածում եք՝ դա ծիրանի ծառ է, թե խնձորի, ապա, հնարավոր է, կդիմեք որեւէ բուսաբանի, որը կհայտնի իր փորձագիտական կարծիքը: Կարող եք չդիմել կամ կարող եք դիմել, բայց այդ կարծիքը բանի տեղ դնել-չդնելը՝ դա արդեն ձեր գործն է: Բայց տեսնել այդ բուսաբանի եզրակացության մեջ ձեր ծրագրերի հաստատումը կամ մերժումը՝ դա, մեղմ ասած. միամիտ կեցվածք է:

Երբ մի քանի տարի առաջ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություններ էր ներկայացնում նախորդ իշխանության նախագծերի վերաբերյալ (այդ թվում վերջին սահմանադրական փոփոխությունների), այն մարդիկ, որոնք հիմա այդ հանձնաժողովի տեսակետները ներկայացնում են գրեթե որպես աստվածաշնչյան ճշմարտություններ, վերջին խոսքերով հայհոյում էին ԵԽ փորձագետներին եւ նրանց անվանում էին «Վենետիկի մարմնավաճառներ»: Հիմա հանձնաժողովի եզրակացության մեջ հիմք են տեսնում՝ Հրայր Թովմասյանին «գործից հանելու»:

Բայց իշխանության այդ «սեւեռուն գաղափարն» իրականացնելու համար «Վենետիկը» չի օգնի: Ճիշտը, երեւի, ՍԴ-ն շրջափակելն է ու թմբուկ խփելը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Ռանչպիլներին փոխարինեցին թավշյա ֆայլերը:
    Էս ժողովուրդը ե՞րբ է խելքի գալու:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031