«23-24 տարեկան էի, երբ մի անգամ երազ տեսա, որ երկար սպիտակ մորուքով մի մարդ մեր դռան դիմաց կանգնած, որին միայն ես էի տեսնում անցնող֊դառնողներից, ինձ ասաց` կլինես քառասուն տարեկան, բարի գործ կանես, բախտավոր մարդ կլինես»,-պատմեց Արկադիկ Անդրեասյանը՝ տարիներ առաջ տեսած իր երազի մասին։
Օրերս Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղում բնակիչները` մեծ թե փոքր, սպասում էին փոքրիկ սրբատեղիի օծման արարողությանը։
Հենց այս մատուռը վերակառուցելն էլ այն բարի գործը եղավ, որի մասին Արկադիկը երազ էր տեսել, եւ որն այդքան տպավորվել էր նրա մեջ։ Մատուռի օծման արարողությունը իրականացրին տեր Մուշե եւ տեր Սարգիս քահանաները։
«Սրբատեղին օծելու ժամանակ մենք հաստատ գիտենք, որ Աստված հրեշտակների հետ ներկա է եւ նա մեզ վստահել է օրհնել իր տունը»,-ասաց տեր Մուշե քահանան։
Այն հարցին, թե ինչպիսի զգացողություններ է ունենում, որպես հոգեւորական, ամեն անգամ որեւէ սրբատեղի օծելու ժամանակ, նա պատասխանեց, որ այդ զգացողությունները կհասկանան միայն հոգեւորականները, քանի որ այլ են աշխարհիկ մարդու եւ հոգեւորականի զգացողությունները։
Կարդացեք նաև
«Ուրախությամբ ենք օրհնում սրբավայրերը, որովհետեւ մենք, իսկապես, հավատում ենք, որ Աստված կգա եւ կբնակվի այդ սրբավայրերում եւ իր օրհնությունը կբերի իր ժողովրդին, մենք հավատում ենք, որ մեր օրհնություններով երկնքից լույս կիջնի եւ կբնակվի մատուռներում»,-հավելեց քահանան։
Մատուռը վերակառուցվել է Անդրեասյանների պապական տան տեղում, որտեղ տան մեջ փոքրիկ սրբատեղի է եղել, այնուհետեւ տունը փլվել է, եւ շատերն են ցանկացել մատուռը վերակառուցել, սակայն միայն Արկադիկին է հաջողվել։ Վերջինս նշում է, որ մատուռը վերակառուցելը տեւել է շուրջ երեք տարի, որին շատերն են մասնակցել եւ գյուղի յուրաքանչյուր բնակիչ այնտեղ ունի իր փոքրիկ ներդրումը։
«Ինչքան մարդու էստեղ տեսնում եք, յուրաքանչյուրն էլ մատուռի վերակառուցման վրա աշխատել է, մենք էստեղ աշխատանքի վրա գումար չենք ծախսել, քարն ու ցեմենտն ենք առել ու ընկերներով ամեն ինչ արել ենք»,-ասաց Արկադիկը։
Գյուղի բնակիչների խոսքով` օրն իրենց համար պատմական եւ գեղեցիկ է, մատուռը կարեւոր նշանակություն ունի, որտեղ, որպես քրիստոնյա, իրենց աղոթքը կուղղեն Աստծուն:
Արմինե ՍԱՀԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.10.2019