Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես քեռիները կարողացան փոխել շնորհալի Առնոյի եւ Դավիթի ճակատագրերը

Հոկտեմբեր 16,2019 13:00

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրված կինովավերագրող Նիկոլայ Դավթյանի «Ստեղծագործելու բանաձեւ» ֆիլմը մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Այն պատմում է, թե ինչպես հանգամանքների բերումով մի «բարի քեռի» է հայտնվում բացառիկ երաժշտական ունակություններով օժտված 5-ամյա երեխայի կյանքում եւ այդ պահից «ձեռքից բռնած» բարձրացնում վեր։ Այդ տաղանդավոր երեխան Առնո Բաբաջանյանն էր, իսկ «բարի քեռին»՝ Արամ Խաչատրյանը։ Պարզվում է՝ ոչ միայն բարի քեռի, այլ քեռիներ չակերտով եւ առանց չակերտի եղել են մեկ այլ փոքրիկի՝ Դավիթի կյանքում։ Խոսքը Հայաստանի երաժշտական ընկերության պատվավոր նախագահ, մանկավարժ, պրոֆեսոր, երաժշտա-հասարակական գործիչ Դավիթ Ղազարյանի մասին է, ում 80-ամյա հոբելյանը օրերս նշվեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Հոբելյարի «քեռիների» «մասով» «Առավոտին» ներկայացրեց երաժշտագետ Նոնա Ոսկանյանը. «Դավիթ Գարսեւանովիչը սովորում էր Ստեփան Շահումյանի անվան հանրակրթական դպրոցում, որի տնօրենը քեռին էր՝ Դերենիկ Սայադյանը։ Օրերից մի օր եւս մի քեռի է հայտնվում նրա կյանքում։ Կոմպոզիտոր, Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտին Մազմանյանը  5 աշակերտի, այդ թվում եւ  Դավիթին ընտրում է դպրոցի նորաբաց վոկալ դասարանում սովորելու համար, որտեղ դասավանդում էին անվանի երգչուհիներ Թամար Շահնազարյանը, Արմիկ Քարամյանը, Հայկանուշ Դանիելյանը։ Բայց 8 տարի սովորելուց հետո Դավիթը վերադառնում է Շահումյան դպրոց, որն ավարտելուց հետո ընդունվում է եւ գերազանց ավարտում (1960-65թթ.) պետական համալսարանի նորաբաց գեղագիտության եւ լեզվի ու գրականության բաժինը։ Ստանալով երգ-երաժշտության ուսուցչի եւ խմբավար մանկավարժի որակավորում։ Պետական քննության ժամանակ հայտնվում է եւս մի քեռի՝ անվանի դիրիժոր Ռաֆայել Մանգասարյանը, որն առաջարկում է երիտասարդին ընդունվել կոնսերվատորիա։ Այստեղ մի զավեշտալի դեպք է կատարվում։ Դավիթը հանձնում է ընդունելության 11 քննությունները, բայց հայոց լեզվի շարադրությունից կտրվում է։ Պատճառը երիտասարդի՝ Կոմիտասի մասին գրված շարադրությունն էր։ Վերջինս այնքան կատարյալ էր, որ ընդունող հանձնաժողովը այն համարում է արտագրված։ Այստեղ հայտնվում է հաջորդ քեռին՝ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը, որի միջնորդությամբ էլ հարթվում է կնճիռը…»։

Տասնամյակներ շարունակ Հայաստանում անցկացվող տարբեր ձեւաչափերի երաժշտական միջոցառումների, այդ թվում՝ մրցույթներ, փառատոներ, երգի տոներ եւ այլն, անպակաս մասնակից է Դավիթ Ղազարյանը (հանձնաժողովի անդամից մինչեւ նախագահ)։ Ներկայումս արվեստագետը Երեւանի կոնսերվատորիայի ռեկտորի խորհրդականն է, կառավարման եւ գիտական խորհուրդների անդամ (բուհում դասավանդում է 1970թ.), Ազգային օպերային թատրոնի կառավարման խորհրդի անդամ, հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի անդամ։ Արվեստագետի ստացած պարգեւները հասկանալի պատճառով հնարավոր չէ թվարկել։ Վերջերս էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգեւատրվել։

Հոբելյարը փայլում է նաեւ իր մարդկային որակներով։ «Հմուտ կազմակերպչին հատուկ դիվանագետի ու հոգեբանի, ընկերոջ, դասիարակի եւ խորհրդատուի մարդկային բարձր ու առաքինի տեսակով Դավիթ Գարսեւանովիչը կարողանում է համախմբել տարբեր մասնագիտություններով ու խառնվածքների տեր դասախոսներին եւ ուսանողներին, ծնողի հոգատարությամբ ու պատասխանատվությամբ էլ վերաբերվելով նրանցից յուրաքանչյուրին…»,-մեզ հետ զրույցում ասաց կոսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր Ծովինար Մովսիսյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031