Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի նախագահների հետ հանդիպումներում շահավետ ծրագրերին, հարաբերություններին նոր թափ հաղորդելու հավաստիացումներ են հնչել:
Անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ, որտեղ նա մասնակցեց ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, ինչպես նաեւ երկկողմ հանդիպումներ ունեցավ:
Հոկտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։
Թուրքմենստանի նախագահը ողջունելով Փաշինյանին Աշխաբադում եւ կարեւորելով նրա այցը՝ ե՛ւ երկկողմ, ե՛ւ բազմակողմ հարաբերությունների խորացման հեռանկարները քննարկելու համատեքստում, նշել էր՝ «Կարծում եմ՝ մենք ունենք լավ հնարավորություն քննարկելու մեր հետագա համագործակցության հարցերը՝ ի շահ մեր ժողովուրդների բարեկեցության ապահովման»: Թուրքմենստանի նախագահը գոհունակություն էր հայտնել հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացման ընթացքից եւ նշել, որ Թուրքմենստանը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության, տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմամբ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հայ-թուրքմենական փոխգործակցության ընթացքի եւ զարգացման մասին խոսելով՝ նկատել էր, որ Կենտրոնական Ասիայում Թուրքմենստանը Հայաստանի կարեւոր գործընկերներից է, որի հետ՝ «մեր երկիրն ունի արդյունավետ, կառուցողական փոխհարաբերություններ, եւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ պետք է ակտիվացնել նաեւ տնտեսական համագործակցությունը»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն անդրադարձել էին երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով փոխգործակցության օրակարգին, տնտեսական կապերի եւ առեւտրաշրջանառության աշխուժացմանը, տարբեր ոլորտներում առկա ներուժի իրացմանը վերաբերող հարցերի, քննարկել էին ածխաջրածինների ոլորտում համագործակցության հեռանկարները։ Ինչպես նշվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու ժողովուրդների բարեկամությունը կարեւոր հիմք եւ ներուժ է՝ Հայաստան-Թուրքմենստան փոխհարաբերությունները սերտացնելու համար, եւ փոխադարձաբար պատրաստակամություն հայտնել՝ հնարավորինս խթանել համատեղ շահավետ ծրագրերն ու նախաձեռնությունները: «Կողմերը մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի գործունեության կարեւորության, ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացման եւ այլ հարցերի շուրջ»,- ասվում էր հաղորդագրությունում։
Նույն օրը Աշխաբադում կայացել էր հանդիպում Հայաստանի վարչապետի եւ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւի հետ։ Նրանք քննարկել էին երկու երկրների եւ բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման հեռանկարները։ Փաշինյանի խոսքով՝ այն հանգամանքը, որ սա Հայաստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների նման ձեւաչափով առաջին հանդիպումն է՝ «մեր երկրի անկախության օրվանից ի վեր, վկայում է հայ-ուզբեկական հարաբերություններին լիովին նոր թափ հաղորդելու երկկողմ քաղաքական կամքի եւ պատրաստակամության մասին»։ Պաշտոնական Երեւանը հայտնել էր հայկական կողմի պատրաստակամությունը նպաստելու երկկողմ հարաբերությունների նոր օրակարգի ձեւավորմանը եւ դրա արագ ու արդյունավետ իրագործմանը։
Շավքաթ Միրզիյոեւն իր հերթին ընդգծել էր՝ Ուզբեկստանը եւս կարեւորում է մեր՝ Հայաստանի հետ կապերի զարգացումը, եւ նման հանդիպման առիթը պետք է օգտագործել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակելու, երկկողմ հարաբերություններում առկա ներուժը լիարժեք իրացնելու, համագործակցությանը նոր շունչ եւ որակ տալու նպատակով։ Այս համատեքստում Ուզբեկստանի նախագահն առաջարկել էր քննարկել միջկառավարական հանձնաժողովի ձեւավորման հնարավորությունը։
Ըստ կառավարության տարածած մամլո հաղորդագրության՝ համաձայնելով Շավքաթ Միրզիյոեւի առաջարկության հետ՝ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ հանձնաժողովն առաջիկայում կձեւավորվի եւ արագ ու արդյունավետ գործունեության արդյունքում կմշակի համապատասխան իրավապայմանագրային դաշտ։ «Վերահաստատելով քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում հայ-ուզբեկական գործընկերության զարգացման երկկողմ պատրաստակամությունը՝ զրուցակիցները քննարկել են այդ ուղղություններով համատեղ ծրագրեր նախաձեռնելու հնարավորությունները։ Տնտեսական կապերի ակտիվացման առումով հեռանկարային է համարվել փոխգործակցության զարգացումը թեթեւ արդյունաբերության, բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության բնագավառներում»։ Նիկոլ Փաշինյանն ու Շավքաթ Միրզիյոեւը կարեւորել էին բարձր մակարդակում փոխայցելությունների անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով առաջիկայում ձեռնարկել կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ։
ԱՊՀ-ական ակումբի մասնակից պետությունների հետ առանձին հանդիպումներն անշուշտ կարեւոր էին, եթե, իհարկե, դրանք համագործակցության տեսանկյունից ունենան արդյունավետ շարունակություն: Այս առումով, թե՛ Թուրքմենստանի նախագահի, թե՛ Ուզբեկստանի նախագահի հետ հանդիպումները կարող են դառնալ լավ մեկնարկ, եթե ՀՀ կառավարության կողմից համագործակցության գրավիչ նախաձեռնություններ լինեն:
ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ եւ ընդլայնված կազմերով, սակայն ուղեկցվեց մի տհաճ դրվագով: Վերջին շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանի ուղղությամբ սադրիչ հարձակումները, կարծես, ավանդույթ են դառնում:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
Էմաա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 15.10.2019