Մարդասիրական խնդիրներին նվիրված միջազգային հեռուստահաղորդումների և կինոյի փառատոնը Հայաստանում արդեն իրականություն է։
Հոկտեմբերի 15-ին և 16-ին «Ավրորա» ֆորումի հետ համագործակցությամբ, տեղի ունեցավ «Բարեփոխելով աշխարհը» միջազգային կինոփառատոնը։
Փառատոնի նպատակն էր՝ անդրադառնալ մի շարք մարդասիրական խնդիրների։ «Academy Films» ֆիլմարտադրող ընկերության տնօրեն Արամ Թորոսյանը նշեց, որ ներկայացվել են ավելի քան 2000 աշխատանքներ, որոնցից ընտրվել են 5 լավագույն ֆիլմերը․
«Ֆիլմերն անդրադառնում են ամենատարբեր հումանիտար խնդիրների, որոնք կան տարբեր երկրներում ու տարբեր հասարակություններում, անգամ զարգացած երկրներում առկա խնդիրների, ինչպես օրինակ միգրացիոն խնդիրները։»
Կինոփառատոնի առաջին օրը՝ հոկտեմբերի 15-ին Մոսկվա կինոթատրոնում ցուցադրվեց 2017 թվականի «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինայի և ռեժիսոր Քենեթ Կարլսոնի «Նուբայի սիրտը» ֆիլմը։
«Նուբայի սիրտը» պատմություն է ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինայի մասին, ով հոգում է Սուդանի պատերազմից ավիրված Նուբա լեռներում բնակվող մարդկանց կարիքները։Այս ֆիլմի ժողովրդականությունը ճնշում է գործադրել Սուդանի նախագահ Օմար Հասան ալ Բաշիրի վրա, որպեսզի նա դադարեցնի անմեղ մարդկանց ռմբակոծությունը Նուբայի շրջանում։
Արամ Թորոսյանն ուրախությամբ արձանագրեց, որ բավականին ակտիվ մասնակցություն է գրանցվել․
«Քանի որ սա առաջին փորձն էր, պետք է նշեմ, որ թերացումներ կային հանրության տեղեկացվածության հետ կապված, հաջորդիվ կփորձենք շտկել այդ սխալները, բայց ընդհանուր առմամբ, մասնակիցների թիվը բավականին շատ է, նույնիսկ դահլիճում շատերը տեղ չլինելու պատճառով ոտքի կանգնած են նայել ֆիլմը»:
Կազմակերպիչները նշեցին, որ այս փառատոնը շարունակական բնույթ է կրելու։
Գառնի Մութաֆյան