Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը, «Զբոսաշրջության զարգացման հեռանկարները» թեմայով ֆորումի շրջանակներում զրուցելով Aravot.am-ի հետ, մի քանի զավեշտալի դեպքեր պատմեց Գյումրին հանրապետության մյուս տեղանքների բնակիչներին ներկայացնող զբոսավարների աշխատանքային գործունեությունից։
Նաիրա Գրիգորյանի պատմելով, մայրաքաղաքից մի զբոսավար զբոսաշրջիկների խմբի է ուղեկցել Գյումրի, հասել են կենտրոնական Վարդանանց հրապարակ, որն, ի դեպ, գտնվում է «Սուրբ Յոթ Վերք» և «Ամենափրկիչ» եկեղեցիների մեջտեղում, որտեղ էլ նա, չտիրապետելով տեղեկատվությանը , սկսել է իրեն համար տարբերակով քաղաքը մատուցել։
«Գիդը զբոսաշրջիկներին ցույց էր տալիս «Ամենափրկիչ», հետո «Յոթ Վերք» եկեղեցիները, իրեն, ըստ երևույթին, ասել էին, որ քաղաքի կենտրոնական հատվածում կա նաև երրորդ եկեղեցի․ մի անցորդի հարցնում է՝ ինձ ասել են, որ այստեղ ևս մեկ եկեղեցի կա՝ անունը «Վերք» է, ո՞ր մեկն է դա։ Անցորդը պատասխանում է «Յոթ Վերք» եկեղեցին է, գիդը հակաճառվում է, թե՝ չէ, չէ «Վերք» եկեղեցին եմ ես ուզում։ Մենք ևս խմբի էինք ուղեկցում այդ ժամանակ, կողքից լսելով՝ մոտեցա, ասացի՝ «Վերք» չէ, դուք «Սուրբ Նշան» եկեղեցին եք երևի փնտրում, գիդը մեկ էլ ասաց՝ հա, հա, ճիշտ եք, «Նշան, Նշան»․․․
Անցած տարի գյումրեցի զբոսավարներից մեկը կատակով ասել է, թե Թումանյանը տուն ունի Գյումրիում, սա լուրջ ընդունեց մայրաքաղաքից եկած զբոսավարներից մեկը։ Մի օր հետո խումբ է բերել ու ներկայացրել, թե Թումանյանը ժամանակին Գյումրիում է ապրել, բոլորն ապշել են, թե մենք գիտենք Թումանյանը Դսեղում ու Թբիլիսիում է ապրել, Գյումրիում էլ է ապրե՞լ, հա՞։
Կարդացեք նաև
Վերջերս էլ մեր PR մասնագետն էր տեսել, որ «Յոթ Վերք» եկեղեցին ներկայացնում են որպես «Պլպլան ժամ»։ Սա ամոթ է ու խայտառակություն, մենք չունենք որակյալ գիդերի պակաս Գյումրիում։ Նրանք վերապատրաստված են, շատ ավելի տեղյակ են Գյումրիից, քան մյուս տեղերից եկած գիդերը։ Այնպես որ, ես կոչ եմ անում՝ եթե մայրաքաղաքից կամ այլ տեղերից խմբեր են գալիս Գյումրի ու կուզենան, որ զբոսաշրջիկը Գյումրից հեռանա լավ տրամադրությամբ, բավարարված, գոհ, օգտվեն Գյումրիի զբոսավարներից, որովհետև գյումրեցիները և՛ կոլորիտով են ներկայացնում իրենց քաղաքը, և՛ բարբառն են ներկայացնում, և՛ ճիշտ տեղեկատվություն են մատուցում, ի վերջո, նրանք այս տարածքի ծնունդ են»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Նաիրա Գրիգորյանի