Մայրիկների համար տարվա ընթացքում թերևս ամենածանր շրջանն այսպես կոչված անցումային ժամանակահատվածն է: Ամենից շատը երեխաները հիվանդանում են գարնան և աշնան եղանակներին:
Aravot.am-ը «Մասնագիտությունը՝ մայրիկ» շարքի շրջանակում թիվ 2 բուժմիավորման մանկաբույժ Աշխեն Մհերյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ անել, որպեսզի երեխան քիչ հիվանդանա կամ թեթև տանի վարակները:
Առաջին պայմանը ըստ մանկաբույժի՝ հիգիենայի պահպանումն է: Մանկաբույժն ասաց. «Մինչև դպրոց կամ մանկապարտեզ հաճախելը երեխաների ձեռքերն, անպայման, պետք է մաքուր լինեն: Նրանց հետ պետք է լինեն մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ: Եթե երեխան հիվանդ է, դիմակը բավարար չէ: Պետք է հետևել, որ երեխան փռշտա անձեռոցիկի վրա և այն միանգամից նետել աղբամանը: Իրականում դիմակն այդքան չի օգնում, քանի որ վարակը տարածվում է դիմակի կողքերից»:
Մանկաբույժը ծնողներին խորհուրդ տվեց նաև երեխաներին դպրոց և մանկապարտեզ տանելիս քթին քսել nizita քսուկը, որպեսզի երեխան չվարակվի:
Կարդացեք նաև
Անցումային շրջանում, երբ վարակները շատ տարածված են, մանկաբույժը խորհուրդ է տալիս ծնողներին երեխաներին տալ C վիտամին և օգտագործել Վիֆորեն մոմիկներ. «Այս մոմիկները և′ վարակի դեմ են, և′ օրգանիզմի դիմադրողականությունն են բարձրացնում: Մինչև յոթ տարեկան երեխաների համար օգտագործում են 150.000-ոց մոմիկները՝ առաջին հինգ օրը դնում են մեկ հատից օրը երկու անգամ և հինգ օր ընդմիջում են անում ու նորից դնում են հինգ օր, օրական մեկ հատ»:
Մանկաբույժի՝ հիգիենային վերաբերող մյուս խորհուրդը կապված է երեխայի քթի խնամքի հետ: Ըստ նրա՝ պետք է հաճախ լվալ երեխայի քիթը ջրով, մանավանդ, երբ վերադառնում է տուն մանկապարտեզից:
Կարևորագույն նշանակություն ունի նաև երեխայի սնունդը: Հատկապես անցումային եղանակին կարևոր է, որ երեխան շատ մրգեր ուտի,եթե չուտող երեխա է, պետք է օգնեն վիտամինները:
Ըստ մանկաբույժի՝ ամենևին պետք չէ երեխային չափից ավելի տաք հագցնել, այդ դեպքում երեխան կքրտնի և կսառչի, ինչը կարող է պատճառ դառնալ հիվանդանալու:
Երեխային կոփում են մաքուր օդում զբոսանքները: Մանկաբույժի խորհրդով՝ օրական երկու անգամյա զբոսանքը շատ օգտակար է:
Շատ մայրիկներ լողի պարապմունքները դադարեցնում են եղանակի ցրտելուն զուգահեռ: Մանկաբույժը սա սխալ համարեց և խորհուրդ տվեց ծնողներին երեխային լողի տանել ողջ տարվա ընթացքում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ