Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքպոլյան միջավայրով, նոր թանգարաններով՝ աշխույժ ու անճանաչելի Գյումրի

Հոկտեմբեր 15,2019 19:55

Պատմական գիտությունների դոկտոր, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը քաղաքագետ Դերենիկ Մալխասյանի հետ, հիմնադրելով «Գյումրի-20/25» նախաձեռնություն/հիմնադրամը, սկսել է մի շարք ծրագրեր իրականացնել իր հայրենի քաղաքում։  Նշենք, որ թե՛ Հայկ Դեմոյանը, թե՛ Դերենիկ Մալխասյանը գյումրեցիներ են։ Նրանք պատրաստվում են հինգ տարվա ընթացքում փոխել գողտրիկ այս քաղաքի զարգացման ընթացքը․ մշակութային  նոր օջախներ՝ իրենց տեսակով  եզակի թանգարաններ, գիտահետազոտական ու զբոսաշրջիկների աջակցման կենտրոններ  հիմնել, այն դարձնել զբոսաշրջիկների համար ամենահետաքրքիր տեղանքներից մեկը։

Հիմնադրամի անվանումը՝  «Գյումրի-20/25», հուշում է այն մասին, որ 2020 թվականին պաշտոնապես մեկնարկում են ծրագրերը՝ ավարտին հասցնելով 2025 թվականին։ Չնայած որ մեկնարկն արդեն իսկ տրված է․ թանգարանների համար ձեռք են բերել «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող երկու պատմաճարտարապետական կառույցներ, որոնք, Հայկ Դեմոյանի խոսքով՝ փորձում են բերել նախնական տեսքի, փրկել կորստից ու տալ նոր շնչառություն։

Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Դեմոյանն ասաց․ «Առավել  քան վստահ եմ, որ հինգ տարվա ընթացքում մենք լինելու ենք Գյումրիի պատմության,  զարգացման, հեռանկարային, մշակութային նոր օջախներ ստեղծելու  լուրջ դերակատարներից մեկը՝  որոշակիորեն նպաստելով  հոգեբանական  ընկալումների փոփոխմանը՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին։ Սա՛ է իմաստներից մեկը․  նպաստել և ցույց տալ, որ այստեղ կորսված տեղ չէ, այստեղ կարելի է գնալ  ռիսկի, կոպիտ ասած՝ գումար վերցնել  բանկից և իրականացնել ծրագրեր, պետք է կամք, ցանկություն,  և ամենակարևորը՝ տեսլական։ Եթե չունենաս տեսլական, չես տեսնում՝ վերջնական արդյունքը ինչի՞ պետք է վերածվի, արդյունքում  կարող է ոչինչ չստացվի կամ լավագույն դեպքում ստացվի ռեստորան կամ հյուրանոց, որը կարելի է  շատ արագ կազմակերպել։

Մենք վերցրեցինք ամենաբարդ  նիշը՝  մշակութային նոր օջախներ։ Սա առաջին հայացքից եկամտաբեր չէ, բայց և հետաքրքիր է, որովհետև դու ստեղծագործական աշխատանքով ես զբաղվում, գիտահետազոտական աշխատանքով ես զբաղվում։ Դու անում ես այն, ինչը, ցավոք սրտի, շատերը չեն կարող անել, բայց սա չէ մեր հիմնական մղիչ ուժը, մենք ուզում ենք լրացնել բացը, մենք ուզում ենք հետաքրքիր կետեր ստեղծել քաղաքի ընդհանուր հատակագծի վրա, որը հետաքրքիր կլինի թե՛ գյումրեցիների, և թե՛ հյուրերի համար»։

Հայկ Դեմոյանը նշում է, որ իրենց նախագծերը, ծրագրերը փորձում են իրականացնել ինքնուրույն, իհարկե՝ սա չի նշանակում, որ այլ գործընկերների  կամ քաղաքային իշխանությունների հետ չեն համագործակցելու։

«Եթե  լուրջ նախաձեռնություն ես ուզում մեկնարկել,  դրա համար պետք է կարողանաս  ինքնուրույն գործիքակազմ ունենալ, որպեսզի ամեն բան սկսելուց առաջ  կամ կիսատ ունենալով՝  չդիմես այլ  օգնության։ Հենց այդ պատճառով  էլ  մենք որոշեցինք՝ լուրջ նախագիծ ենք անում, պետք է ունենանք հարմարություններ՝ տարածք, շենքային պայմաններ և այլն։ Առաջին լուրջ հայտը  Տերյան 63-ում գտնվող պատմական շենքի ձեռքբերումն էր, որը երկար ժամանակ բարձիթողի, ոչ բնակելի շենք էր, փլուզվել էր շենքի մի հատվածը, ծառեր էին աճում, վթարային վիճակում է (Տես լուսանկարում)։

Ռիսկային է  նախ մեր մարզում այդպիսի շենք ձեռք բերելը, մանավանդ վթարային, որովհետև հնարավոր չէ դա որևէ  կերպ ձևակերպելը, նկատի  ունեմ բանկային ձևակերպումը, բայց փորձեցինք դա այլ միջոցների հաշվին ձեռք բերել ։ Հիմա դա սեփականություն է, և այստեղ  թիվ մեկ ծրագիրն ենք իրականացնում, ունենք համարակալումներ, որպեսզի ճիշտ կոմունիկացիա լինի, մենք արդեն համարներով ենք դա ասում։

Առաջին շենքը լինելու է հայկական լուսանկարչական արվեստի թանգարան, դա ավելին է, քան թանգարանը։ Այսինքն` միայն թանգարան չէ, որ գնան, ուղղակի նայեն, լինելու է կենտրոն, շատ ակտիվ կենտրոն երիտասարդության համար, ժամանակակից մտածողություն ունեցող անձանց համար հավաքատեղի է  լինելու, երեխաների համար կրթական ծրագրեր՝ լուսանկարչության, գեղեցիկի հանդեպ հետարքրքությունը և դաստիարակչական ֆունկցիաները իրականացնելու  վայր։ Այսօրվա ժամանակակից թանգարանները շնչող են, այդ ոգով են պատրաստում, անպայման կրթական բաղադրիչը պետք է լինի։

Ինքնանպատակ չէ․ հուշանվեր վաճառել կամ այցելուների հաշվին դա անել, դա պետք է լինի ավելին, քան թանգարան, ինչո՞ւ լուսանկարչական արվեստի թանգարան, նախ այդպիսին չկա, որպես այդիպիսի՝ նկատի ունեմ մեծ ծավալով, որպեսզի ներկայացնի հայկական լուսանկարչական արվեստն աշխարհով մեկ։ Երկրորդը՝ այն, ինչ մենք ունենք․ տարբեր թանգարանների մեջ  ցրված նյութը, համապարփակ ձևով քաղաքակրթական այս բաղադրիչը  մեր հայկական աշխարհի, հայկական քաղաքակրթության, ներկայացված չէ։

Սա խոսում է գիտական հաստատության  մասին, խոսում ենք ժամանակակից թանգարանային մեթոդներով, դիզայներական լուծումներով կարևոր մի հաստատության մասին, որը իր շատ լուրջ տեղն է ունենալու, և այսպիսի հաստատություն ունենալը զբոսաշրջության զարգացման առումով շատ մեծ լիցք է հաղորդելու։

Եվ, իհարկե, սա մեծ պատասխանատվություն է, որովհետև շենքը տակավին շատ մեծ ներդրումների, վերանորոգման աշխատանքների կարիք ունի։ Սա էլ մեզ չի վախեցնում, բայց զգուշորեն ենք խոսում ժամկետների մասին, հայտարարում ենք առնվազն երկու տարվա մասին, երկու տարի ոչ միայն շինարարության համար, այլ զուգահեռ  աշխատում ենք հայեցակարգի մշակման և դիզայներական  լուծումների համար։ Այսինքն՝ շենքի ճարտարապետությունը մենք ունենք, զուգահեռ աշխատում է նաև դիզայները», -ասաց Հայկ Դեմոյանը։

Երկրորդ պատմական շենքը, որը նույնպես ձեռք են բերել որպես սեփականություն,  գտնվում է Գյումրու քաղաքապետարանի հետնամասում, այն ալեքպոլյան կառույց է՝ 1887 թվականի։

Այստեղ մտադրված են վերականգնել ալքեպոլյան միջավայրը, ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության աջակցության և տեղեկատվական կենտրոն։

«Երկրորդ ձեռքբերումը նույնպես սեփականություն՝ նույնպես բանկային ծրագրով, քաղաքապետարանի հետնամասում գտնվող շենքն է։  Այս շենքը երկու մասից է բաղկացած լինելու, ստորին՝ կիսանկուղային հատվածը  լինելու է  զբոսաշրջիկության աջակցության և տեղեկատվության կենտրոն, որքան ես գիտեմ այսպիսի միջազգային ստանդարտով կենտրոն Գյումրիում տակավին չկա։ Անհրաժեշտություն է ունենալը, մենք այս դեպքում ևս վերցնում ենք միջազգային ստանդարտները՝ աշխատաեղանակը, մոտեցումները, իհարկե, լրամշակում ենք տեղային պահանջներին համաձայն՝ հաշվի առնելով թե՛ ներքին տուրիզմի, թե՛  արտաքին տուրիզմի պահանջները։

Զբոսաշրջիկը, որն առաջին անգամն է գալիս, թեև  պարտադիր չէ, որ առաջին անգամ այցելի, տեղեկություն ստանա քաղաքի մասին, կողմնորոշում ստանա, ստանա անվճար գրականություն,  ապահովության զգացում։ Օրինակ՝ զբոսաշրջիկներն ունեն տարբեր կարիքներ, ընդ որում, կան զբոսաշրջիկներ, որոնք հեծանվով կամ մոտոցիկլետով գալիս են Եվրոպայից։ Այդ մարդիկ  ցնցուղի կարիք ունեն, հիգիենայի պահպանման։ Զբոսաշրջիկների համար փորձում ենք ստեղծել նվազագույն  և  առավելագույն  ենթակառույցներ, որպեսզի այցելուն իրեն լավ և ապահով զգա։ Անվտանգության ապահովումից սկսած այլ  խնդիրներ կլինեն, մենք պատրաստ ենք աջակցելու։ Իհարկե, տեղում կպատրաստվեն ուղեկցող գիդեր, ովքեր տարբեր լեզուներով կուղեկցեն զբոսաշրջիկներին քաղաքով, դրանք կլինեն հետիոտն տուրեր, դրանք կլինեն հեծանվային, տարբեր եղանակներով։

Այս շենքի վերին հարկում մենք վերստեղծում են ալեքսանդրապոլյան միջավայր, քանի որ այս շենքը 1887 թվականի է, ժամանակի կահույքի, ներքին հարդարանքի, կենցաղի առարկաների միջոցով քաղաքային ներքին ինտերիերն ենք վերականգնում ու կլինեն տարբեր հետաքրքրվող շահառուներ, ովքեր կցանկանան այստեղ լուսանկարվել, լուսանկարներ անել, նկարահանումներ անել, հյուրասիրություններ, ընդունելություններ կազմակերպել։

Տեղը շատ հարմար է՝ ճիշտ կենտրոնում, այսինքն՝ բավական լայն դաշտ է բացվելու։ Այս հասցեում գործելու է Գյումրի քաղաքի հետազոտական կենտրոնը, հայտարարելու ենք, որ աշխարհի տարբեր արխիվներից, բոլոր շտեմարաններից, գրադարաններից հազվագյուտ գրականություն, փաստաթղթեր են ձեռք բերվելու, ստեղծվելու  է առանձին գրադարան Գյումրի քաղաքի պատմությանը վերաբերող, թվայնացած շտեմարան։  5 տարվա ընթացքում ահռելի քանակությամբ նյութ է կուտակվել, վստահաբար կարող եմ ասել, որովհետև նախկինում իմ գիտահետազոտական աշխատանքի ընթացքում արդեն կուտակված կային, հատկապես ամերիկյան, ֆրանսիական աղբյուրներից, որոնք շրջանառության մեջ դրված չեն։

Դրանք կուտակվել են, դրանք նույնպես մաս կկազմեն այդ շտեմարանի։ Գյումրի քաղաքի գիտահետազոտական կենտրոնը կթողարկի մատենաշարեր Գյումրի քաղաքի պատմությանը վերաբերող՝ բազմալեզու, կլինեն հայ հեղինակներ, օտար հեղինակներ, ովքեր աջակցելու են դրանց տպագրությանը որպես առանձին՝  «Գյումրի-20/25» հիմնադրամի մատենաշար»։

Հայկ Դեմոյանի թվարկմամբ, երրորդ նախաձեռնությունը հայկական կինոյի պատմության վերաբերող արվեստի կենտրոնի հիմնումն է, որը կունենա իր սրճարանները, ցուցասրահները։

«Երրորդ ձեռքբերումն արդեն իսկ իրականացնելու փուլում է գտնվում, այստեղ արդեն իսկ փոքրիկ կինո ցուցադրական  և հայկական կինոյի պատմությանը վերաբերվող ոչ այնքան թանգարան, որքան  ակտիվ արվեստի կենտրոն պետք է  լինի՝ իր սրճարաններով, հարմարություններով, ցուցասրահներով և այլն։ Բավականին մեծ  շենք պետք է լինի, որը տարբեր սեփականատերերի միջև է բաշխված։ Փորձում ենք  կտոր-կտոր վերականգնել  այդ միջավայրը, քանի որ շատ հայտնի ֆիլմերից մեկի էպիզոդն է այդտեղ նկարվել, հենց դա էլ պատճառ է հանդիսանալու, որպեսզի մենք երկու բաղադրիչով՝ թանգարանային ցուցադրություն անենք՝  նախ հայկական կինոյի անդրադարձ տեղային խորհրդային շրջանի և համաշխարհային։ Լինելու է ինքնությանն առնչվող առանձին ցուցասրահ, պայմանական ասում եմ՝ «Մենք», այսինքն՝ ովքեր են հայերը, որպեսզի օտարերկրացին գա, տեսնի՝ ովքեր են հայերը։ Տարբեր բնօրինակ իրերի միջոցով ցուցադրելու ենք հայերի ներդրումն համաշխարհային արվեստի, գրականության, բիզնեսի մեջ, բնօրինակ նյութերով, որոնք հավաքված են և ճշգրիտ, գեղեցիկ և գրագետ ցուցադրելու դեպքում բավական մեծ, հետաքրքիր տեղ է ունենալու և առաջնահերթ հետաքրքրելու է զբոսաշրջիկներին՝ կլինեն Հայաստանից, թե դրսից»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

Ծրագրերից մեկն էլ սպորտի թանգարան ունենալն է։

«Սպորտի թանգարանի պարագայում ուրախալի լուրն այն է, որ այդ թեման իմ գիտահետազոտական  ուղղություններից մեկն է եղել  ժամանակին և ընթացքում էլ  շարունակում եմ  նյութեր ձեռք բերել։ Հայկական սպորտի պատմությունը մինչև 20-ական թվականները լավ  մշակված են գիտական առումով և սպորտի թանգարանի բարդությունն այն է, որ դասական շենքում մենք չենք կարող ցուցադրել,   ավելի լայն, մեծ տարածք և ժամանակակից շենք է պահանջում, որպեսզի կարողանանք այսօրվա ժամանակակից շենք ցուցադրության-համադրությամբ դա անել։

Այսինքն` ցուցադրական մի շենքը չի պարտադրում հարմարվել ցուցադրական-դիզայներական լուծումների, ինչպես անել այն, մեկ փաթեթի մեջ մտցնել․ շենքի ճարտարապետությունը և դիզայներական լուծումը միաժամանակ պետք է անել։ Այս պահին մենք տարածքներ են ման գալիս և բանակցում ենք տարբեր շահառուների հետ համադրելու մեր աշխատանքները, այսինքն` պարտադիր չէ դա հարյուր տոկոսով անի «Գյումրի-20/25» հիմնադրամը, մենք սիրով պատրաստ ենք համադրելու տարածքի տրամադրման առումով կամ այլ ծրագրեր համադրելու առումով, ստանալ մի թանգարան»։

Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք հանդես են գալիս լուրջ ծրագրերով, գալ ու գաղափարներով հրավառություն անել, դա իրենցը չէ։ Նպատակներից մեկն էլ տարբեր տարիքային խմբերի համար աշխատատեղերի ստեղծումն է։

«Թանգարաններ նշանակում է աշխատատեղեր և հետաքրքրություն աշխատանքի նկատմամբ։  Նոր համալիրների ստեղծումը նպաստելու է  Գյումրիի դրական ընկալմանը հենց քաղաքացիների կողմից, որ ամեն ինչ կորսված չէ, կան մարդիկ, ովքեր այստեղ տեսնում են լուրջ ներուժ և, իհարկե,  ներուժը տեղում պահելու, նաև պատրաստելու միջազգային չափանիշներին համապատասխան աշխատանքներ իրականացնելու»,-ասաց Հայկ Դեմոյանը։

Դերենիկ Մալխասյանի հետ հարցազրույցն ավելի ուշ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031