ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում աշակերտների սննդային թունավորման դեպքի առթիվ:
2019թ. հոկտեմբերի 15-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտներ:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նախնական տվյալներով՝ երեխաները սննդային թունավորում ստացել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:
Կարդացեք նաև
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դպրոցի բուֆետին սննդամթերք մատակարարած կազմակերպությունը, որտեղ կատարվել է զննություն, վերցվել են նմուշներ: Նմուշառումներ են կատարվել նաև դպրոցի բուֆետից և առաքված սննդամթերքից:
Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները:
Այս պահի դրությամբ, քրեական գործի տվյալներով, թունավորումից տուժել է 24 անձ: Պարզվում է տուժածների ամբողջական շրջանակը:
Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին