Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-վրացական հարաբերությունների զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին գործոնների ազդեցությունից». Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետին

Հոկտեմբեր 15,2019 18:40

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Այսօր նա նախագահի նստավայրում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայտարարությամբ հանդես եկավ:

Գիորգի Գախարիան ասաց, որ շատ թեմաների են այսօր անդրադարձել, խոսել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների մասին, որը դարավոր պատմություն ունի եւ այս բարեկամությունն էլ ավելի կխորացնեն ու կընդլայնեն. «Էկոնոմիկայի հարցում լավ առաջընթաց ունենք, խոսել ենք տրանսպորտի, էներգակիրների հարցում համագործակցության մասին, մշակութային բնագավառում եւս համագործակցելու շարունակական ուղի ենք նախանշել»: Նա ասաց, որ տարածաշրջանային հարցերի նույնպես անդրադարձել են՝ արձանագրելով, որ տարածաշրջանային խաղաղությունը ամենակարեւորն է, որ էկոնոմիկայի վրա կենտրոնանալով՝ քաղաքացիներին բարեկեցության հնարավորություն պետք է տանք. «Տարածքային ամբողջականությունը, որ մեզ համար շատ կարեւոր է, մենք տարածքային ամբողջականությանը կաջակցենք, պետք է հզորացնենք մեր հարաբերությունները եւ մեր վերաբերմունքը միջազգային հարթակներում եւ համոզված եմ, որ այսօրվա հանդիպումը մեկ առաջընթաց քայլ կլինի երկու երկրների համագործակցության խորացման հարցում»:

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց՝ վստահ եմ, Վրաստանում նկատել են, որ իմ՝ վարչապետ ընտրվելու օրվանից հայ-վրացական բարեկամական հարաբերությունները սկսել են զարգանալ առանձնահատուկ ջերմությամբ, ակտիվ եւ անկեղծ շփումներով, մեզ հուզող հարցերի շուրջ անմիջական եւ վստահելի երկխոսությամբ»: Փաշինյանն ընդգծեց, որ Վրաստանի հետ հարաբերությունները առանձնահատուկ կարեւորություն ունեն ՀՀ-ի համար. «Պատահական չէ, որ վարչապետի պաշտոնում առաջին արտագնա այցը կատարեցի հենց Վրաստան: Ուրախ եմ, որ շփումների դինամիկան, ներկայիս այցը խոսում են նրա մասին, որ Վրաստանը առանձնահատուկ կարեւորություն է տալիս ՀՀ-ի եւ իր հարաբերություններին»: Փաշինյանն ասաց, որ քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր, երկուստեք բարձր են գնահատել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկումը, կարեւորել տրանսպորտային եւ էներգետիկ ծրագրերի իրականացումը, ինչպես երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանային կայունության ապահովման տեսանկյունից: Վարչապետներն ընդգծել են նաեւ միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարեւորության հարցերը՝ բարձր գնահատելով ներդրվող ջանքերը:

Փաշինյանն ամփոփելով ասաց՝ «Հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին գործոնների ազդեցությունից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031