ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն այսօր ուղիղ եթերով նկարագրել է մեկ ամիս առաջ 6 ամյա երեխայի հետ ունեցած միջադեպի մանրամասները: Նա վստահեցրեց, որ վրաերթ չի եղել:
Ըստ նրա, երեխան շատ լավ երեխա էր, ու ինքը չգիտի՝ ինչի համար են երեխային օգտագործում:
Դավիթ Սանասարյանի խոսքով, երեխան քարից թռիչք է կատարել դեպի իր վարած մեքենայի կողապակին, այդ պահին իրեն թվացել է, թե կատու է թռնում, ինքը դանդաղ մոտեցել է ու անսպասելի տեղի է ունեցել միջադեպը: Ըստ Դավիթ Սանասարյանի՝ միանգամից կանգնեցրել է մեքենան, մոտեցել է երեխային, աջակցություն են ցուցաբերել, տարածքում էլի են մարդիկ եղել, նա ցանկացել է շտապ օգնություն կանչել, երեխան ձեռքից լացելով բռնել է ու խնդրել, որ չկանչի: Հետո երեխան մոր հեռախոսահամարն է տվել, Դավիթ Սանասարյանը զրուցել է նրա հետ, ասել է՝ չանհանգստանաք, երեխայի հետ ամեն ինչ կարգին է, միայն ոտնաթաթն է ցավել, հարեւանները ջուր են բերել, երեխան խմել է: Ավելի ուշ երեխայի մայրն է եկել, Դավիթ Սանասարյանի խոսքով, միասին գնացել են հիվանդանոց: Երեխայի մոր հետ մի տղամարդ է եղել, նա Դավիթ Սանասարյանին ասել է՝ եղբայր, բան չի եղել, հանկարծ ոստիկանություն չկանչեք, ինքն էլ պատասխանել է՝ ինքը խնդիր չունի, որովհետեւ բան չի արել:
Հիվանդանոցում բժիշկն առաջարկել է ռենտգեն ստուգում անցկացնել, ստուգումները ոչ մի ճաք կամ կոտրվածք չեն արձանագրել, բայց բժիշկն առաջարկել է մի շաբաթով գիպս դնել ոտքը, որ ավելի շուտ լավանա:
Կարդացեք նաև
«Գիպս դրեցին, երեխան ուրախ ծնողի հետ ուրախ գնացին: Հաջորդ առավոտյան զանգել են, մուննաթ եկել, որ երեխան խնդիր է ունեցել գիշերը, հետո մայրն ասաց՝ ամուսնուս հետ գնում եմ հիվանդանոց, գալի՞ս եք մեզ հետ, ասացի՝ իհարկե, գալիս եմ»:
Դավիթ Սանասարյանի խոսքով, պարզվել է, որ երեխան շատ վաղուցվանից գլխի հետ կապված խնդիր է ունեցել, բժիշկը նայել է ու ասել՝ նորմալ է ամեն ինչ, վիրաբույժն է հետո նորից նայել, ռենտգեն են նորից անցել. «Նորից ասացին, որ խնդիր չկա, գիպս է պետք դնել, որ շուտ լավանա: Ինձ ներկայացնում են, որ բժիշկների վրա ազդել եմ, դա կատարյալ սուտ է: Ամեն օր կապի մեջ եմ դուրս եկել երեխայի հետ, հարցրել եմ, թե ոնց է Ալեքսը: Սկսել են փող ուզել, ակնարկեցին, որ լրատվամիջոցները հետաքրքրվում են, ես խնդրեցի՝ տան լրագրողների համարները, ես խոսեմ հետները, երբ ասացի՝ որեւէ գումար չեմ տալու, իրենք էլ ասացին, որ լրատվամիջոցները կիմանան, ես էլ հանգիստ ասել եմ՝ կարող եք հանգիստ լրատվամիջոցներին տալ»:
Նաեւ կոչ արեց. «Մի փորձեք այս երեխու անունն օգտագործելով՝ իմ վրա որեւէ կեղտ բռնել, մի արեք այդ ստորությունը, գիտեմ՝ պարապած ստորեր եք, դա ձեզ չի հաջողվելու, որովհետեւ մեղավորություն չունեմ: Ինձնից պահանջել են նաեւ երեխայի առողջությամբ չհետաքրքրվել, քանի որ փող չեմ տվել, ես դրա համար դադարեցրել եմ երեխային զանգել ու հետաքրքրվել… շորթման հոդվածով հանցագործության մասին հաղորդում եմ տալու, քանի որ փորձում էին վախեցնելով գումար ստանալ»:
Դա աբսուրդ է, ամոթ է անգամ, ես չեմ կարծում, որ կգտնվի այնպիսի մայր, որը կցանկանա իր երեխայի առողջության վրա գումար շորթել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Դավիթ Սանասարյանի կողմից ենթադրաբար վրաերթի ենթարկված երեխայի մայրը՝ անդրադառնալով Սանասարյանի այն պնդումներին, թե երեխայի մայրն իրենից 300 000 դրամ գումար է պահանջել:
«Երբ դեպքը կատարվեց, ես, չճանաչելով, չիմանալով, որ Դավիթ Սանասարյանը քաղաքական գործիչ է, մտածել եմ՝ վարորդ է, որի հետ պատահար է եղել, որը կարող էր յուրաքանչյուրիս հետ էլ լինել: Մտածել եմ՝ նրան ավելորդ քաշքշուկների մեջ չգցեմ, ամեն ինչ ավելի մարդավարի էլ կարող է լինել, բայց իր վերաբերմունքը զարմացրել է ինձ: Նա այս ամենից հետո մի անգամ չզանգեց՝ հարցներ՝ երեխան ինչպե՞ս է, ինչպե՞ս է քնել երկրորդ օրը, չվախենալով ասեմ, չհարցրեց նաև, թե ինչի՞ անհրաժեշտություն կա, ի վերջո իր պատճառով է այդ ամեն ինչը եղել, ինքը զուտ ասաց՝ ինձ չանհանգստացնեք»,- պատմեց երեխայի մայրը:
Ըստ նրա, ինքն է զանգել Սանասարյանին: «Ես զանգեցի, ասացի, որ չի զանգել՝ հետաքրքրվի, թե ո՞նց տուն հասանք, ո՞նց է երեխան իրեն զգում, ուղղակի մարդկային: Ինքն իրեն մարդկային չպահեց: Նա ինձ ասաց՝ իմ փոխարեն լինեիք, ի՞նչ կանեիք: Մենք իրեն պատասխանեցինք՝ վատագույնը մի հատ շոկոլադ կառնեինք, կգնայինք երեխային տեսակցության, իմ քունը չէր տանի մինչև երեխային չտեսնեի»,- պատմեց նա:
Կնոջ խոսքով՝ ինքը Դավիթ Սանասարյանին տեղեկացրել է, որ լրատվամիջոցներն իրենից հետաքրքրվում են դեպքի մասին: «Իրեն զանգահարել, ասել եմ, որ ինձ լրատվամիջոցներից զանգում են, ինքն էլ ասաց՝ ինչ ուզում եք, ասեք, ես վախենալու բան չունեմ, ինձ մի՛ զանգահարեք, մի՛ անհանգստացրեք, ես էլ անելու բան չունեմ»,- ասաց նա և վստահեցրեց, որ նրանից գումար չի ուզել:
«Ես իրեն ասել եմ միայն, որ երեխան դպրոցում ունի հաջողություններ, մեկ ամիս տանը պետք է մնա և չի կարող դասերը բաց թողնել: Ես խնդրեցի իրեն, որ եթե ունի ծանոթ ուսուցիչ, թող ուղարկի, որ երեխան լրացուցիչ ուսուցչի հետ պարապի, որովհետև ռուսական դպրոց է գնում, կամ ասացի՝ իր ուսուցիչը կարող է գալ, իր հետ տանը պարապի, ես փողի անուն բացարձակ չեմ տվել: Մի խոսքով՝ ես իրեն ասել եմ, որ մենք ունենք մեր ուսուցիչը, եթե ոչ, դուք ձերը կարող եք մեզ տրամադրել, ինքն ասել է՝ այո, ես ձեզ հասկացա, կզանգեմ»,- նշեց նա:
Ըստ երեխայի մոր՝ որոշ ժամանակ անց իրեն Դավիթ Սանասարյանի կողմից զանգել է ինչ-որ մեկն ու ասել, որ Սանասարյանն էլ անելիք չունի, շատ վատ վիճակում է, անձնական, ֆինանսական խնդիրներ ունի ու նրան էլ չանհանգստացնեն այլևս, այլապես՝ «ուրիշ ձև խոսակցություն կլինի»:
«Այդ զանգից վիրավորվել և ասել եմ՝ «թքել եմ» իր վրա, իր ուսուցչի ու իր օգնության վրա, ասել եմ, որ այլևս մեզ չանհանգստացնեն»,-նշել է ենթադրաբար վրաերթի ենթարկված երեխայի մայրը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Սակայն դուք երեխաները օգտագործեցիք տիրանալու համար իշխանութեան:
Ի դէպ, էն վախտը երբ զանոնք քաջաբար կը գործածէիք որպէս մարդկային պատնէշ, երթեւեկի ուղիները փակելու – «մայրաքաղաքը կաթուածահա՛ր ընելու» – համար, կարող էին նոյնպէս ճանապարհային վթարի ենթարկուիլ: