«Միշտ էլ մտահոգություն ենք հայտնել, որ և՛ Հայաստանից, և՛ Արցախից չլինեն այնպիսի հայտարարություններ, ելույթներ, որ ընդհանրապես մթնոլորտը, հարաբերությունները կսրեն: Չեմ ուզում սկսել՝ հավն է առաջ, թե հավկիթը, ով առաջինն ասաց, բայց լավ մթնոլորտ չի լինի, եթե ունենանք երկու հանրապետությունների միջև ինչ-որ լարվածություն, ինչը կարող է մեր հասարակությանը պառակտման տանել: Դա պետք է կանխենք»,- լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Արցախի հերոս, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի շուրջ ծավալվող խոսակցություններին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Նա նշեց, թե սա չի նշանակում, որ իրենք Վիտալի Բալասանյանի ասածը միայն այդպիսին են համարում:
Անդրադառնալով հոկտեմբերի 11-ին Արցախում կայացած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովին՝ Կիրո Մանոյանն ասաց, որ ստեղծված ցանցի գլխավոր նպատակներից է Արցախի բարեկամների՝ Արցախի մասին իրազեկվածության ընդլայնումը: Նա տեղեկացրեց, որ ստեղծվել է https://artsakhforum.net/ հարթակը և աշխատանքային խումբ: Կիրո Մանոյանն ասաց, որ Արցախում էին Կանադայից, Իրաքից, Ֆրանսիայից, Ուրուգվայից և մի շարք այլ երկրներից անձինք: Նրանց մասին նշեց, եթե նրանք Արցախի բարեկամներն են, դա չի նշանակում, որ Ադրբեջանի թշնամիներն են: Կիրո Մանոյանը մտահոգություն հայտնեց, թե անշուշտ համաժողովից հետո մասնակիցներից կլինեն մարդիկ, որոնք կընդգրկվեն սև ցուցակներում:
Հարցին՝ Արցախի ճակատագիրը մե՞նք ենք որոշում և ի՞նչ զարգացումների սպասել, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Արցախյան խնդրի կարգավորման գործընթացը և նույնիսկ 2016-ի ապրիլից առաջ կասեցված էր: Ապրիլից հետո դա ընդհանրապես սառեցվեց: ՀՀ-ում փոփոխություններից հետո ինչ որ ժամանակ ևս պետք էր, որ փոխադարձ ճանաչողություն լիներ ՀՀ-ի և Արցախի ղեկավարների միջև: Բայց եթե նկատի ունենանք, թե անցյալ օրը Ադրբեջանի նախագահն ինչ ելույթ ունեցավ և ինչ պատասխան ստացավ ՀՀ վարչապետից, կարծում եմ չի կարելի ակնկալել, որ որևէ առաջընթաց լինի հարցի կարգավորման գծով»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչ է կարծում, կարո՞ղ է հակամարտության լուծման այնպիսի տարբերակ լինել, որ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, ընդունելի լինի ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Այս երեսուն տարիների անկախության շրջանում խնդիրները եղել են այն, որ մեր երկրի ղեկավարները մարտավարական նպատակներով արված հայտարարությունները սկսում են անընդհատ կրկնել: Եթե անընդհատ կրկնես, դա կդառնա ռազմավարություն և արդյունավետ չի լինի: Որպես մարտավարություն՝ այդ հայտարարությունը լավն է, բայց թող Նիկոլ Փաշինյանը մի բանաձև ասի. այդ ի՞նչ բանաձև է: Չկա նման բանաձև: Փաստ է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը հայկական կողմն է հաղթել, և Ադրբեջանը դրա համար ուրախ կամ գոհ լինել չի կարող: Ադրբեջանին պետք է համոզել, որ Արցախը երբեք ձերը չի եղել: Ընդամենը սովետական ժամանակ վայելել, չարաշահել եք Արցախի ամեն ինչը: Խորհրդային Միության փլուզումից հետո մոռացեք այսքանի մասին: Ճիշտ կլինի ՀՀ վարչապետն, ով էլ լինի, այսպիսի անկեղծությամբ խոսի»:
Հարցին՝ Ձե՞ր բանաձևն ինչպիսին կլիներ, Կիրո Մանոյանն արձագանքեց. «Մենք ասել ենք, եթե մենք լինեինք իշխանություն, ՀՀ և Արցախի հանրապետությունները կստորագրեին համագործակցության պայմանագիր: Դա ինչ-որ աստիճան կբարձրացնի ՀՀ կողմից Արցախի անկախության ճանաչումը…վարչապետը հիմա բաներ է ասում, բայց չի անում: Երբ ասում է Արցախը Հայաստան է և վերջ, թող գործնականորեն ցույց տա դա: Թե՞ իր համար միայն գործնականն այն է, որ դիտորդներ է ուղարկում Արցախ. ճնշում գործադրում: Սկսել է մեր պետության կողմից վճարվող կազմակերպությունների աշխատակիցներ պահել Արցախում, որոնք պիտի մոնիթորինգ անեն: Ինչո՞ւ մրցակցային չընտրվեցին այդ կազմակերպությունները: Հստակ է. քաղաքական նպատակներ կան: Եթե Երևանը պիտի որոշի՝ Արցախում ով, ինչ քաղաքական ազդեցություն ունենա, դա արդեն խնդիր է: Իսկ Հայաստանն Արցախ է և վերջ. ստորագրենք, վերջանա: Չի կարելի քաղաքական հաշվարկներով ասել բաներ, ստեղծել բացասական մթնոլորտ և այդ ուղղությամբ քայլեր չանել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ