Այսօր Արցախի մայրաքաղաքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարեց, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն Արցախի հարցում շարունակում են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը՝ Լեռնային Ղարաբաղին տալ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում:
Բալասանյանի խոսքով, պատերազմի ժամանակ Արցախի իշխանությունը որոշել էր ազատագրել Քարվաճառն ու ցամաքային կապ հաստատել Հայաստանի հետ, ազատագրել Աղդամը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը դրան դեմ էր, մինչդեռ Աղդամից գնդակոծվում էր մայրաքաղաք Ստեփանակերտը: Ըստ նրա՝ անգամ ազատագրական գործողություններից հետո են Հայաստանի իշխանությունները Արցախին հորդորել լքել տարածքը. «Մեկ շաբաթ անց Աղդամ է գալիս Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը և ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը: Կարող եք հարցում անել, հայտնվել են Աղդամում՝ իմ շտաբում, որտեղ գտնվել են գումարտակի բոլոր հրամանատարները: ՀՀ քաղաքական իշխանությունը որոշում էր կայացրել, որ լքենք Աղդամի տարածքը: Կոշտ բառակապակցությունները չկրկնեմ, կտրուկ տվել եմ պատասխան, մենք այդպիսի զորք չունենք, որ այդ տարածքը լքենք, մեր պատմական տարածքն է, որը կցել են Ադրբեջանին: Հիմա թող Լևոն Տեր-Պետրոսյանին, Բաբկեն Արաքցյանին և Վանո Սիրադեղյանին հարցում անեն»
«Սա ասում եմ, որովհետև ՀՀ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը Արցախի հարցի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության շարունակությունն է: Դա հետևյալն է՝ Սերգո ջան, լավ չենք ապրելու, մինչև Ղարաբաղը չհանձնենք: Այն, ինչ ասում է, որ նոր փաստաթղթեր է փոխանցել Արցախի Հանրապետության նախագահին, դա կարող է հին փաստաթղթեր են, նոր փաստաթուղթ Նիկոլ Փաշինյանը երբևիցե չի հանձնել: Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ինչ-որ տեսլական, չկա այդպիսի տեսլական, տեսլականը Լևոն Տեր-Պետրոսյանի այն փաստաթղթերն են, որոնք ինքը ժամանակ առ ժամանակ դնում է շրջանառության մեջ` այն է, իմ խորին համոզմամբ, ԼՂ լայն ինքնավարություն Ադրբեջանի Հանրապետության կազմի մեջ: Եվ Նիկոլ Փաշինյանը վարում է այդպիսի քաղաքականություն»,- ասաց Բալասանյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ