Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկանց մոտ դրական սպասումները նվազում են. Իշխան Կարապետյան

Հոկտեմբեր 15,2019 16:44

«Գործարարների սպասելիքները եւ ակնկալիքները դրական են, սակայն այն խնդիրները եւ խոչընդոտները, որոնք առկա են եղել, դրանք մնում են չլուծված, որոնք բարձրաձայնվում են գործարարների կողմից»,-այսօր այս մասին հայտարարեց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի (ՏԶՆԿ) տնօրեն Մարինե Առաքելյանը: Կենտրոնի մասնագետները «Տնտեսությունն այսօր. թվերն ու արդյունքները» խորագրով ասուլիս էին հրավիրել:

Տիկին Առաքելյանը թվարկեց՝ հարկային վարչարարության անկատարությունը, տեղական մարմինների կողմից տրամադրված ոչ պատշաճ տեղեկատվությունը, ոչ հավասար մրցակցային պայմանների ստեղծումը խոչընդոտներ են ստեղծում բիզնեսի համար:

Մանրամասն՝ տեսանյութում

 ՏԶՆԿ նախագահ Իշխան Կարապետյանը, որը Կարեն Կարապետյանի կառավարությունում զբաղեցնում էր Սննդամթերքի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը, ասաց. «Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությունը, ՀՀ կառավարության գործող ծրագիրը, պետական կառավարման համակարգի վերափոխումները, տնտեսական գլոբալ ծրագրերի եւ նախաձեռնությունների բացակայությունը համադրելի չեն տնտեսական երկրում իրականացված հեղափոխության հետ»:

Ըստ նրա. «Բնակչության եկամուտները, աղքատության մակարդակը, գործարար ակտիվության ցուցանիշները նույնն են փաստում։ Միաժամանակ բնակչության մոտ առկա են դրական սպասումներ, որ լավ է լինելու, սակայն չտեսնելով կոնկրետ փոփոխություն, դրական սպասելիք ունեցողների քանակը կայուն կերպով նվազում է՝ հատկապես՝ մարզերում»:

Անդրադառնալով ներդրումային իրավիճակին, Իշխան Կարապետյանն ասաց՝ թվարկեք 5 պատճառ՝ ինչո՞ւ պետք է Հայաստանում ներդրում անել: Aravot.am-ի դիտարկմանը՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը տասնյակ պատճառներ էր նշում՝ Հայաստանում ներդրում անելու համար, արդյոք իրատեսական չէի՞ն այդ պատճառները, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Մենք խոսում ենք 2018-2019 թվականին ինչու են ներդրումները նվազել: Ներդրումների համար պետք է լինի նախ համապատասխան գործարար միջավայր: Ես կարծում եմ, մեր իրականության մեջ այս մթնոլորտը, նոր գործարարների մուտքը…, տեսնո՞ւմ են, չէ, ինչ խնդիրներ եղան տարբեր, օտարերկրյա ընկերությունների հետ, հանքարդյունաբերության կազմակերպությունների հետ: Ես չեմ գնահատում դրանք ճիշտ են թե սխալ են, այս ամենը բերում է մի միջավայրի, երբ մարդը ներդրում կատարելուց առաջ մի քանի անգամ պետք է մտածի»:

 Իշխան Կարապետյանի խոսքով, իրենց կենտրոնի անցկացրած հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 45-50 փաստում են, որ որեւէ բան չի փոխվել. «Այդ իսկ պատճառով այստեղ մեծ դաշտ կա աշխատելու»:

Իշխան Կարապետյանը նշեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը՝

ՏԱՑ-ը թեեւ 2019-ի առաջին կիսամյակում 6,5% է, բայց, նախորդ տարվա համեմատությամբ նվազել է, ինչը վտանգավոր է։
«Մասնավորապես՝ եթե համեմատում ենք 2018-2019-ի առաջին կիսամյակի

ՏԱՑ-ը 2017-2018-ի նույն ժամանակահատվածի հետ, որը կազմում է 8,9%,  տեսնում ենք, որ 2,4%-ով աճի տեմպը դանդաղել է:Այդ նվազման միտումը նաեւ գյուղատնտեսության ոլորտում է՝ 12,9%, շինարարությունում՝ 8,8%, արտահանման ոլորտում՝ 20%, ներկրումը 33,4%, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 7%»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031