ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը բնական համարեց այն, որ Ռոբերտ Քոչարյանի առողջական խնդիրների պատճառով դատական նիստը հետաձգվեց:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 15-ին շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Փաստաբան Արամ Վարդևանյանը ներկայացրեց գրություն, որտեղ ի պատասխան իր հարցմանը, թե արդյոք հնարավորություն կա՞, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցի դատական նիստերին, Իզմիրլյան բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը պատասխանել է. «Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է հոկտեմբերի 9-ին, ներկայումս հետվիրահատական վերականգնողական բուժումը Իզմիրլյան կենտրոնում շարունակվում է: Առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում կախված բուժման ընթացքից ու արդյունավետությունից Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին դեռ հնարավոր չէ»: Ռոբերտ Քոչարյանի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց:
Լրագրողները Արամ Վարդևանյանից հետաքրքրվեցին՝ ինչի՞ վրա է ՄԻԵԴ-ում կառուցելու իր պարզաբանումները, քանի որ ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ ՍԴ դիմումը
, նա պատասխանեց. «Մի շարք հարցադրումներ կներկայացնենք: Քանի որ պարոն Կիրակոսյանը՝ ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, չբացեց փակագծերը, մենք էլ չենք բացի: Հստակ նշվում էր, որ սա խորհրդատվական կարծիք էր: Այս առիթով մեկ արձանագրում. խորհրդատվական կարծիք է ՄԻԵԴ բարձրագույն պալատի կողմից: Դեռ ծանոթ չեմ մի փորձի, որ բարձրագույն պալատի թեկուզ խորհրդատվական կարծիքներին վերաբերվեն զուտ որպես խորհրդատվական կարծիքի: Կարծես ներկայացվում էր, որ ՄԻԵԴ-ը ուսումնասիրելու է հարցը Կոնվենցիայի տեսանկյունից. այն վերաբերող չէ ՀՀ օրենսդրությանը: Նշեմ, որ Կոնվենցիայում ամրագրված բոլոր իրավունքները ինկորպորացվել են ՀՀ Սահմանադրության մեջ դեռ 2005-ին, կատարելագործվել 2015-ի սահմանադրական բարեփոխումներով»:
Կարդացեք նաև
Հստակեցմանը՝ ՄԻԵԴ 17 դատավորներն ի՞նչ են քննելու, Արամ Վարդևանյանը պատասխանեց. «Քննելու են արդյոք 301-րդ հոդվածի վերաբերյալ որոշումը համապատասխանո՞ւմ է Կոնվենցիայի մի շարք իրավունքներին, թե՞ ոչ: Դա չի սահմանվում միայն 7-րդ հոդվածով: Ամենակարևորն այն է, որ իրավական որոշակիության, կայունության, հետադարձ ուժի արգելքի հարցերը, որոնք Կոնվենցիոն երաշխիքներ են, Եվրոպական դատարանի բարձրագույն պալատը քննության առարկա է դարձրել՝ վարույթ ընդունելով, բայց մենք դեռևս ունենք կալանավորված անձ: Կալանավորման հիմքը 301-րդ հոդվածն է: Սա Եվրոպական դատարանի բարձրագույն մարմնի խորհրդատվական կարծիքն է: Այնպես չէ, որ ցանկացած հարց կարող է հայտնվել Եվրոպական դատարանի բարձրագույն պալատում»:
Հիշեցմանը՝ Եղիշե Կիրակոսյանն ասում է, որ դա դասական իմաստով վարույթ ընդունելը չէ, Արամ Վարդևանյանն արձագանքեց. «Ես էլ ասում եմ, որ սա դասական իմաստով վարույթ ընդունելն է Եվրոպական դատարանի կողմից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ