Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային քննարկում՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Հոկտեմբեր 15,2019 16:10

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի կլոր-սեղան քննարկումը: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված հանդիպմանը ներկա են եղել պետական մարմինների և քաղաքացիական հասարակության շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ:

Փոխնախարար Գայլանը, ողջունելով քննարկման մասնակիցներին,  ներկայացրել է Օրենքի նախագծի հիմնական դրույթները և նշել, որ այն մշակելիս ուսումնասիրվել և ներդրվել է միջազգային լավագույն փորձը՝ հավելելով, որ Արդարադատության նախարարությունը պատրաստակամ է նոր առաջարկների և քննարկումների արդյունքում լրամշակել ներկայացվող նախագիծը:

Փոխնախարարի խոսքով՝ Օրենքի ընդունումը հնարավորություն է ընձեռելու իրավասու մարմնին՝ Գլխավոր դատախազությանը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը և ներկայացնել գույքի բռնագանձման պահանջով հայց, եթե հայտնաբերվում է գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում, օրինակ, եկամտի աղբյուրներով և որի արժեքը ներկայում գերազանցում է  50 մլն դրամի շեմը: Ուսումնասիրությունը կարող է ներառել դրա սկսելուն նախորդող տասը տարիները, իսկ տասը տարուց առավել վաղ ժամանակահատվածի ուսումնասիրության բացառություն սահմանվել է այն դեպքերում, երբ պահպանված կլինեն հնարավոր ապացուցողական բազան՝ ոչ միայն իրավասու մարմնի, այլ նաև պատասխանողի համար:

Սրբուհի Գալյանն ընդգծել է որ, Օրենքի նախագծի նպատակը տնտեսական շրջանառությունից ապօրինի ծագում ունեցող գույքը հանելն ու այն օրինական սեփականատիրոջը վերադարձնելն է, իսկ վերջինի բացակայության դեպքում՝ պետությանը: «Այս օրենքի շահառուն իրավահպատակ վարքագիծ դրսևորող քաղաքացիները չեն, քանի որ նախագծում թվարկված են հանցագործությունների կոնկրետ տեսակներ՝ կազմակերպված հանցավորություն, թմրամիջոցների, զենքի ապօրինի շրջանառություն, թրաֆիքինգ, ինչպես նաև կոռուպցիոն գործարքներ, որոնց առնչությամբ հարուցված քրեական գործերի պարագայում կարող է սկսվել ուսումնասիրության վարույթը»,- տեղեկացրել է փոխնախարարը:

Քննարկման ընթացքում փոխնախարարն ու Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Անի Վարդերեսյանն անդրադարձել են նաև Օրենքի նախագծով նախատեսվող գործողությունների վաղեմության ժամկետներին, բարեխիղճ ձեռքբերողների իրավունքների պաշտպանությանը, համապատասխան գործերով դատավորների վերապատրաստումներին և մի շարք այլ հարցերի:

Հաջորդիվ տեղի է ունեցել հարցուպատասխան քննարկման մասնակիցների միջև:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031