Երեւանի հակատուբերկուլոզային դիսպանսերի բուժանձնակազմը բողոքի ցույց է անում. գործադուլ են հայտարարել: Առողջապահության նախարարությունը մտադիր է այս հիվանդանոցի ֆինանսավորումը կրճատել, հետագայում նաեւ՝ լուծարել:
Այս պահին չնայած դիսպանսերում հիվանդներ կան, սակայն աշխատակիցները շարունակելու են գործադուլը, մինչեւ առողջապահության նախարարությունը դրական լուծում տա՝ չլուծարի հիվանդանոցը:
Ըստ բուժաշխատողների՝ «Մենք չենք կարող թույլ տալ, որ այսքան մարդ գործազուրկ դառնա, եւ մեր ազգաբնակչությունը չունենա հնարավորություն ճիշտ ռւ լավ ախտորոշվելու եւ մեր դիսպանսերն է լավագույն ախտորոշումն անում: 70-80% ախտորոշումները լինում են մեր դիսպանսերի ախտորոշման հիման վրա, որովհետեւ ոչ բոլոր պոլիկլինիկաներն ունեն հնարավորություն հիվանդներին մանրակրկիտ զննելու: Այստեղ լավագույն մասնագետներն են աշխատում»:
Բուժաշխատողներն ասում են, որ տարեկան 2,5-3 հազար հետազոտություններ են անում իրենց լաբորատորիայում, այդ թվում՝ մայրաքաղաքի այն պոլիկլինիկաների անալիզները, որտեղ լաբորատոր ծառայություններ չկան:
Կարդացեք նաև
Բժիշկները գտնում են, որ ճիշտ չէ այս դիսպանսերը փակել, քանի որ քաղաքացուն ձեռնտու է նախ իրենց մոտ հետազոտվել, մինչդեռ եթե սա լուծարվի, քաղաքացիները ստիպված են լինելու հասնել Աբովյան քաղաքում գտնվող հակատուբերկուլյոզային դիսպանսեր:
Առողջապահության նախարարությունն այս առնչությամբ պարզաբանում է տարածել. «2019 թվականին առողջապահության նախարարի հրամանով հաստատված տուբերկուլյոզի բուժման նոր ուղեցույցը նկարագրում է միջազգային լավագույն փորձի վրա հիմնված հիվանդներին տուբերկուլյոզի ծառայությունների մատուցման առավել մատչելի հնարավորություններ՝ տնային այցեր, վիդեոզանգ, ընտանիքի անդամի միջոցով հսկվող բուժում, որոնց ներդրումը նվազեցնում է տուբերկուլյոզային ծառայություններ մատուցողների առկա ծավալների կարիքը։ Ելնելով վերը նշվածից` առողջապահության նախարարությունում քննարկվում է 2020 թվականի ծախսերում Երեւանի քաղաքային հակատուբերկուլյոզային դիսպանսերին ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակահարմարությունը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ