2019թ. մայիսի 21-ից գործարկվել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը, որի միջոցով, անձինք կարող են անանուն եղանակով տեղեկություններ հաղորդել իրենց հայտնի կոռուպցիոն դեպքերի, փաստերի մասին:
Հարթակի գործարկման նախորդ 5 ամիսների ընթացքում ստացվել է դրա միջոցով 146 ազդարարում:
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ազդարարման վարույթներով պարզվել է, որ դրանց 26 տոկոսի դեպքում առկա են առերևույթ կոռուպցիոն հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքներ: Ըստ այդմ՝ դրանք ուղարկվել են օպերատիվ-հետախուզական գործողություններով ստուգելու: Հոկտեմբերի 14-ի դրությամբ արդեն իսկ ստուգված ազդարարումների 27.7%-ի, կամ քանակական արտահայտությամբ 5-ի դեպքում հարուցվել են քրեական գործեր: Վերջիններս հարուցվել են հետևյալ փաստական հանգամանքների հիման վրա:
- Ազդարարման վարույթի շրջանակներում կատարված ստուգումների և նյութերի նախապատրաստման արդյունքում տվյալներ են ստացվել Արմավիրի մարզի Արևիկ համայնքի նախկին ղեկավարի կողմից, որպես աճուրդի կազմակերպիչ, 2005թ. իրականացված աճուրդով նույն համայնքին պատկանող 2.6 հա հողամասը, ինչպես նաև 2010թ. իրականացված աճուրդով՝ 0,686 հա և 0,689 հա ջրային տարածքներն իր եղբորը վաճառելու մասին: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում 2019թ. հուլիսի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն:
- Ազդարարման ընթացակարգով ստուգման և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015թ. «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում տեղադրվել են լազերային և ֆրեզերային հաստոցներ՝ հաշմանդամություն ունեցող թվով 10 անձանց աշխատանքով ապահովելու համար: ՀՀ կրթության և գիտության նախարարի համաձայնությամբ 2016թ. այդ հաստոցներով սկսել է իրականացվել ձեռնարկատիրական գործունեություն՝ անհատներին և կազմակերպություններին ծառայություններ մատուցելով լազերային, ֆրեզերային և ուլտրամանուշակագույն տպագրության ոլորտներում, որի իրականացման համակարգումը քոլեջի տնօրենի բանավոր կարգադրությամբ վստահվել է քոլեջի ծրագրավորման ամբիոնի վարիչին:
Վերջինս, սակայն, 2016-2019թթ., օգտվելով տնօրենի անփույթ վերաբերմունքից, մատուցվող ծառայությունների և ստացված դրամական միջոցների նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու հանգամանքից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, չարաշահել է տնօրենի վստահությունը և չի հաշվառել ու քոլեջի դրամարկղ չի մուտքագրել փաստացի մատուցված ծառայություններից ստացված խոշոր չափերի՝ ընդհանուր 1,8մլն ՀՀ դրամ գումարը, որի հետևանքով քոլեջին պատճառվել է խոշոր չափերի էական վնաս: Նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցել է քրեական գործ:
- Ազդարարման հարթակի միջոցով ստացված հաղորդման հիման ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամում 3 աշխատակիցներ 2014-2018թթ. ընթացքում երկարատև ժամանակով փաստացի աշխատանքի չեն ներկայացել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Սակայն հիմնադրամի տնտեսական գծով փոխտնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշխատաժամանակի հաշվարկի ամսեկան տեղեկագրերում կեղծ տեղեկություններ է մտցրել նրանց հաճախելիության վերաբերյալ և հաստատել դրանք: Արդյունքում վատնման եղանակով հափշտակվել են այդ աշխատակիցների անվամբ դուրս գրված և որպես աշխատավարձ վճարված ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 4,5մլն ՀՀ դրամ գումարները: Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի հատկանիշներով:
- Ազդարարման էլեկտրոնային հարթակի միջոցով ստացված մեկ այլ հաղորդման հիման ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարը և վերջինիս տեղակալը 2018թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խախտել են սահմանված ընթացակարգը և առանց փաստաթղթային ձևակերպման թույլատրել են մասնավոր շինանյութի առևտրով զբաղվող, իրենց մտերիմ անձին՝ ապամոնտաժել Գավառի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող «Հեքիաթ» մանկապարտեզի շենքը և տնօրինել ապամոնտաժման արդյունքում գոյացած՝ շուրջ 3.5մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով իրացված շինանյութերը: Ապա նշված ապօրինի գործարքը քողարկելու նպատակով կազմակերպել են Գավառ համայնքի ավագանու, ձևական նիստի միջոցով ապամոնտաժման թույլտվության տրամադրման, գույքի շուկայական արժեքի և ապամոնտաժման աշխատանքների գրեթե համարժեք՝ շուրջ 2.2մլն ՀՀ դրամի չափով գնահատելու գործընթացը: Դրանց հիման վրա տվյալ աշխատանքների կատարման վերաբերյալ 2018թ. հունիսի 13-ին մի ԲԲԸ-ի հետ կնքվել է ձևական բնույթ կրող կապալի պայմանագիր, որի հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Բացի այդ, 2016-2018թթ. ընթացքում կազմակերպել է համայնքապետարանի և համայքնապետի հորը պատկանող «Գավառ Տրանս» ՍՊԸ-ի միջև՝ համայնքին տրանսպորտային ծառայությունների մատուցելու մասին պայմանագրերի կնքում: Դրա շրջանակներում համայնքապետարանում փաստացի մատուցված ծառայությունների ծավալների վերաբերյալ հավելագրումներ կատարելու և ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով կազմվել է կեղծ հանձնման-ընդունման ակտեր, իսկ համայնքի ղեկավարը հաստատել է դրանք, որոնց հիման վրա համայնքապետարանի ֆինանսական միջոցներից ելքագրվել և վատնվել են «Գավառ Տրանս» ՍՊԸ-ին հավելյալ փոխանցված՝ առանձնապես խոշոր չափերի հասնող ընդհանուր շուրջ 3.8մլն ՀՀ դրամ գումարները: Այդ կերպ համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ:
- Ազդարարման էլեկտրոնային հարթակի միջոցով ստացված հաղորդման հիման վրա Ոստիկանության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Լոռու մարզի Նոր-Խաչակապ համայնքի վարչական տարածքից «Ոռոգում» ՓԲԸ-ին պատկանող ոռոգման ջրագծի խողովակաշարից ապամոնտաժում կատարելու և խոշոր չափերով՝ շուրջ 1.2մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 289 գծամետր մետաղական խողովակներ գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ:
Նշված բոլոր 5 քրեական գործերով իրականացվում է նախաքննություն:
Ազդարարման մնացած դեպքերում ներկայացված չեն եղել բավարար տվյալներ հանցավոր արարքներ կատարած անձանց, հանգամանքների մասին, կամ այդպիսիք չեն հաստատվել ստուգողական աշխատանքների, նյութերի նախապատրաստման ընթացքում: Սակայն նույնիսկ ստուգմամբ չհաստատվելու դեպքում ազդարարման համակարգի միջոցով ստացվող հաղորդումները կարևոր կանխարգելիչ նշանակություն ունեն՝ նկատի ունենալով, որ դրանց հիման վրա իրականացվող սգուգողական, դատավարական միջոցառումներն ստիպում են էապես բարձրացնել պետական մարմինների, բյուջետային հաստատությունների պաշտոնատար անձանց զգոնությունը՝ ձեռնպահ մնալու կոռուպցիոն իրավախախտումներ կատարելուց կամ դրանցում ներգրավվածություն ունենալուց:
ՀՀ գլխավոր դատախազությունում ակտիվորեն շարունակվում են ազդարարման էլեկտրոնային հարթակով ստացվող հաղորդումների հաշվառման, ինչպես նաև ուսումնասիրության և բավարար հիմքերի առկայության դեպքում դրանցով ազդարարման վարույթների հարուցման գործընթացները, որոնց արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն:
Կրկին հավաստիացնում ենք, որ ապահովվում է ազդարարման էլեկտրոնային հարթակով հաղորդումներ ներկայացրած անձանց անանունությունը, իսկ նրանց անձնական տվյալները պաշտպանված են քրեաիրավական բարձր երաշխիքներով:
ՀՀ դատախազություն