Քիչ առաջ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին:
Նրա փաստաբան Արամ Վարդևանյանը ներկայացրեց գրություն, որտեղ ի պատասխան իր հարցմանը, թե արդյոք հնարավորություն կա՞, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցի դատական նիստերին, Իզմիրլյան բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը պատասխանել է. «Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է հոկտեմբերի 9-ին, ներկայումս հետվիրահատական վերականգնողական բուժումը Իզմիրլյան կենտրոնում շարունակվում է: Առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում կախված բուժման ընթացքից ու արդյունավետությունից Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին դեռ հնարավոր չէ»:
Կարդացեք նաև
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ դատական նիստը շարունակվել չի կարող: Այդ պահին Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ցանկացավ հայտարարություն անել դատարանի դահլիճում, սակայն Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց՝ նշելով, որ ամբաստանյալների բացակայությամբ դատարանը հայտարարություններ չի լսելու:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ ժամը 13.00-ին:
Նիստի ավարտից հետո Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը հայտարարեց. «2016-ին նույն հիվանդությամբ վիրահատվել եմ Ավագյան կենտրոնում: Վիրահատությունը տևում է 20 րոպե, երրորդ օրը դուրս են գրում: Ի՞նչ է նշանակում երեք-չորս շաբաթ բուժզննում պետք է անցնի: Լավ կառավարում է Ռոբերտ Քոչարյանը, դատական նիստերը միտումնավոր ձգձգվում են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ