Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը քննարկվեց, որով առաջարկվում է «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարել ու առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը նպաստել: Հիմնական զեկուցող Մանե Թանդիլյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ առողջապահական ծառայությունների որակի եւ հասանելիության տեսանկյունից շատ կարեւոր է առողջության ապահովագրության համակարգի զարգացումը: Թեեւ առողջության ապահովագրության համակարգը Հայաստանում պատշաճ գործում է, սակայն դրանից օգտվողների թիվը բավականին սահմանափակ է: Դրանով պայմանավորված՝ անհրաժեշտ է ակտիվացնել կամավոր ապահովագրության համակարգը, ինչը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել քաղաքացիների կողմից ստացվող բժշկական ծառայությունների ծավալը, ինչպես նաեւ բժշկական հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների որակը բոլորի համար ու կստեղծի հավելյալ մրցակցային դաշտ, այդ թվում՝ ապահովագրական շուկայում:
Միեւնույն ժամանակ, առողջապահության ոլորտում դեռեւս առկա է ստվերային հատված, ինչը առողջության ապահովագրության պարագայում ամբողջությամբ վերանում է:
Նախագծով առաջարկվում է ներդնել բժշկական ապահովագրության խրախուսման համակարգ՝ վարձու աշխատողների կողմից վճարվող եկամտային հարկի վերադարձի միջոցով: Մասնավորապես, նախագծի ընդունման պարագայում վարձու աշխատողները հնարավորություն կունենան առողջության ապահովագրության ծառայություններից օգտվելու դեպքում պետական բյուջեից 12-ամսյա պարբերականությամբ հետ ստանալ վճարված ապահովագրավճարներից մինչեւ 50 000 դրամ գումար:
Թանդիլյանի հաշվարկով, բոլոր վարձու աշխատողների կողմից նշված արտոնության օգտագործման պարագայում պետական բյուջեի ծախսը կկազմի մոտ 15 մլրդ դրամ՝ հաշվի առնելով փոխհատուցումներից բժշկական հաստատությունների կողմից վճարվող եւ ապահովագրական ընկերությունների կողմից վճարվող լրացուցիչ հարկերը: Պետական բյուջեի ընդամենը 1% լրացուցիչ այս ծախսը, ըստ նրա, պետք է դիտարկել որպես առողջապահության ոլորտում ներդրում, պետությունը աշխատող մարդու առողջապահական ծախսերն իր վրա է վերցնում: Ու սա չի կարող մուլտիպլիկատիվ էֆեկտ չունենալ, ըստ նախագծի հեղինակների:
Կարդացեք նաև
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ասաց, որ կառավարությունը կարծում է՝ սա տեղային լուծում է. «Բյուջետային քաղաքականության հետ խաչվում է, եկամտային հարկից այդ գումարը վերադարձնելով, ստացվում է, որ պետությունն իր վրա է վերցնում ծախսի ֆինանսավորումը: Դրա համար կա պետպատվերի գործիքը, որն ավելի արդյունավետ է: Հարց է առաջանում՝ ի՞նչ է սա, եթե ոչ կրկնություն եւ միջոցների ոչ արդյունավետ ծախսի ռիսկ: Մենք պետք է պետպատվեր գործիքը կիրառենք»: Ըստ կառավարության փաստարկի, ամսական 1 մլն կամ 3 մլն դրամ աշխատավարձ ստացողն էլ կարող է սրանից օգտվել ու հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է նա դառնա շահառու՝ ի հաշիվ ավելի վատ ապրողների, ովքեր դրա կարիքն իրապես ունեն:
Մանե Թանդիլյանն ասաց, որ ապահովագրական ընկերությունների միջոցով դա անելով՝ ստվերը կկրճատվի, ծառայությունների մատուցումը կդառնա թափանցիկ:
«Իմ քայլի» պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն ասաց՝ սոցիալապես խոցելի խմբերին թողած՝ վարձու աշխատողներին եք ապահովում: Թանդիլյանն էլ հակադարձեց՝ այո, որովհետեւ ամեն ինչ վարձու աշխատողի ուսերին է, սոցիալապես խոցելի խմբերի համար էլ կառավարությունը ծրագրեր ունի. «Որքանո՞վ է արդար, որ վարձու աշխատողների վրա է ամբողջ բեռը, բայց մենք նրանց առողջությունն արհամարհել ենք ու որեւէ ուշադրություն չենք դարձնում նրանց առողջությանը»:
Նախագիծը դրվեց քվեարկության եւ բացասական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ