Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենիա Վայնը» հյուրընկալեց «իմ քայլը հանուն արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը

Հոկտեմբեր 15,2019 13:34

Հոկտեմբերի 12-ին «Արմենիա Վայն» գինու գործարանում տեղի ունեցավ «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը, որին մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, բարձրաստիճան հյուրեր և գործարարներ: Միջոցառումն անցկացվում էր «Արմենիա Վայն» ընկերության հովանու ներքո։

Արագածոտնի մարզի զարգացման պոտենցիալը

Միջոցառման մեկնարկին ելույթով է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի ընթացքում անդրադարձել է երկրի տնտեսական իրավիճակին և արձանագրած արդյունքներին։

Վարչապետը խորհրդանշական է համարել այն, որ համաժողովը տեղի է ունենում «Արմենիա Վայնի» գինու հնացման մառանում և հույս հայտնել,  որ այդ ակադեմիական միջավայրում կհնչեն ստեղծագործ մտքեր և գաղափարներ։

Համաժողովի պանելային քննարկման ընթացքում խոսնակներն անդրադարձել են Արագածոտնի մարզի զարգացման պոտենցիալին, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում կատարվող աշխատանքներին։

Հայկական գինիների մրցունակության գաղտնիքը՝ «Արմենիա Վայնի» օրինակով

Արագածոտնի մարզի գրավչության մասին պատմող ֆիլմի ցուցադրությանը հաջորդել է գործարարների կողմից ներդրումային ծրագրերի ներկայացումը։

«Արմենիա Վայն» ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանը ներկայացրել է  մարզի գինեգործական հարուստ մշակույթն ու ընկերության կողմից գինեգործության ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը։ Ներկայացվել է գործարանի տարիների պատմությունը, խոսվել՝ հայկական գինին միջազգային շուկայում մրցունակ դարձնելու ընկերության ջանքերի մասին։

«Երբ 13 տարի առաջ մտանք գինեգործության ոլորտ, կարելի է ասել՝ այն Հայաստանում իր վատ օրերն էր ապրում։ Մենք չվարանեցինք ու ասացինք, որ պետք է ստեղծենք այնպիսի գինի, որը կկարողանա մրցել համաշխարհային լավագույն բրենդների հետ։ Մենք հավատացինք այդ գաղափարին և մեզ համար հիմնեցինք նման բարձր նշաձող։ Դա նշանակում էր, որ անհրաժեշտ էին լուրջ ներդրումներ, պետք էր միջազգային փորձը բերել Հայաստան, և այս առումով չգնացինք որևէ փոխզիջման ու միջազգային լավագույն փորձը ներդրեցինք Արագածոտնի մարզում՝ «Ամենիա Վայն» ընկերությունում»,- նշել է Վահագն Մկրտչյանը։

Համահիմնադրի խոսքով, ընկերության աշխատանքներում ներգրավեցին միջազգային ամենաբարձր մակարդակի խորհրդատուների և թիմը համալրեցին երիտասարդ կադրերով։ Նա նշել է, որ հայկական գինիների հաջողության գործում մեծ դեր ունի հնավանդ գինեգործական մշակույթը, որի վրա էլ ընկերությունը շեշտադրում է կատարել գինին ներկայացնելիս։

Ներդրումային ծրագրեր՝ ի նպաստ գինեգործությանն ու զբոսաշրջությանը

«Արմենիա Վայն» ընկերությունը, հետևելով միջազգային գինեգործության զարգացումներին, 2017 թվականից մեկնարկել է օրգանական խաղողի այգիների տնկման գործընթաց։ Նախատեսվող 100 հեկտար այգիներից արդեն իսկ տնկվել է 18 հեկտարը։

«Օրգանական խաղողագործությունը հարգանք է բնության հանդեպ։ Մենք չենք օգտագործում որևիցե թունաքիմիկատ, այգին սրսկվում է ամբողջապես օրգանական նյութերով, որի համար կիրառում ենք ժամանակակից տեխնիկա։ Անհրաժեշտ են նաև կաթիլային ոռոգման համակարգ, հակակարկտային ցանցեր, և արդեն իսկ կարողացել ենք իրականացնել ծրագրի առաջին փուլը»,- ասել է Վահագն Մկրտչյանը։

Ընկերությունը շարունակում է նպաստել նաև մարզի զբոսաշրջության զարգացմանը՝ գինու տուրերի իրականացման միջոցով։ Նախորդ տարի գործարանն ընդունել է մոտ 5000 զբոսաշրջիկի։

«Գործարանի հարակից տարածքում կկառուցենք ազգագրական զբոսաշրջային կենտրոն՝ կից եկեղեցիով։ Դրա համար ընտրել ենք տարածաշրջանին բնորոշ 18-րդ դարի ճարտարապետությունը։ Կառույցը կունենա 300 տեղանոց հանդիսությունների սրահ, ներքին բակ՝ բացօթյա միջոցառումների համար, երկու տներ՝ գինեգործի և կոնյակագործի, որոնցից յուրաքանչյուրը կունենա համապատասխան կահավորում, կլինի նաև արհեստանոցների համար նախատեսված հատված»,- պատմել է ընկերության համահիմնադիրը։

Նա հավելել է, որ «Արմենիա Վայնը» կընդլայնի նաև արտադրական հնարավորությունները՝ կոնյակի պաշարները մեծացնելու համար, շուրջ 30.000 հ.լ. ծավալով:

Կառավարություն-գործարար կլոր սեղան քննարկումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց «Արմենիա Վայն» գինեգործարանի տարածքով՝ ծանոթանալով ընկերության տարիների գործունեությանը և գինեգործական ավանդույթներին։ Վարչապետն ականատես դարձավ գինու պատրաստման ողջ ընթացքին՝ սկսած խաղողի դատարկման և տեսակավորման փուլից, այնուհետև համտեսեց ընկերության նոր գինիները, որոնք շուտով կներկայացվեն սպառողին:

              

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031