ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2019 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը, ըստ որի՝ պետբյուջեի ծախսերի կատարման ցածր աստիճան է առկա, ինչը կառավարությունը դիտարկում է որպես օրակարգային խնդիր. «161 միլիարդ դրամի շեղում ունենք»:
Հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը մի շարք հարցեր բարձրաձայնեց. «Տնտեսությունից մեծ չափի գումարներ եք հավաքագրել: Կուզենայի հասկանալ՝ սա մտահոգո՞ւմ է կառավարությանը, թե՝ ոչ, թե՞ դա այնքան էլ վատ չէ»:
Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Չկա բյուջեի կատարման գործընթացում բացարձակ լավ կամ բացարձակ վատ բան: Ամեն լավ բան մյուս կողմն էլ ունի: Իհարկե, շատ լավ է, երբ հարկ վճարողները կատարում են իրենց պարտականությունները եւ ունենք կատարողականի այսպիսի ցուցանիշ: Բայց բյուջեի կատարողականը գնահատելու համար սա բավարար չէ: Այո, սա մտահոգում է կառավարությանը: Այսինքն, առկա է հնարավորություն: Նպատակն այն չէ, որ տնտեսությունից վճարում է կատարվել բյուջեի միասնական հաշվին, այլ այն, որ այդ միջոցներն ավելի արագ եւ թիրախային շրջանառության մեջ պետք է մտնեն, օրինակ՝ տնտեսական աճի ներուժի բարձրացման ուղղությամբ: Այդ նպատակով քայլեր արվում են»:
https://www.facebook.com/aravot.am/videos/815191765567052/
Կարդացեք նաև
Մանե Թանդիլյանը նաեւ նշեց, որ ըստ տեղեկանքի՝ բնապահպանական ծախսերը թերակատարվել են. «Իմ տպավորությամբ՝ որոշ ծախսերի թերակատարումներ կառավարությանը չեն մտահոգում: Բնապահպանական ծախսերը ոչ միայն չեն պլանավորվում, այլեւ այս տարվա պլանավորվածը՝ 13 միլիարդ, կեսն էլ չի իրականացվել, մինչդեռ բնապահպանական խնդիրներ ունենք»:
Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց. «Դուք ինձ կշտամբում եք մի բանում, որն ինձ համար այնքան էլ հասկանալի չէ: Այն, ինչ նախատեսված է բյուջեով, ենթադրվում է, որ այդ ծախսերը պետք է իրականացվեն: Թե ինչու չի արվում, հարցի պատասխանը պատասխանատու պետական մարմինները կարող են տալ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ