Լրահոս
Օրվա լրահոսը

Չընդունվող առաջարկություն

Հոկտեմբեր 15,2019 12:00

Հայաստանում հասարակության զգալի հատվածը գտնվում է պերմանենտ անհանդուրժողականության մթնոլորտում։ Այդ հատվածին առանձնապես չի հետաքրքրում այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը։ Բավական է մեկ քննադատական խոսք, սկսվում է. «…Բա էն ժամանակ լա՞վ էր եւ այլն, եւ այլն»։ Զայրույթը հատկապես հասնում է գագաթնակետին, երբ քննադատողները նախկին իշխանությունների (իհարկե՝ 1998թ. հետո) ներկայացուցիչներն են. «հանցագործ ռեժիմ, կարկառուններ, կոռուպցիոներներ, մարդասպաններ, դուք լռե՛ք, հա, հանգիստ նստե՛ք տեղներդ, քանի ձեր ետեւից չեն եկել եւ այլն, եւ այլն»։ Հանրությունը պահանջում է բոլոր ՀՀԿ-ականներին կոլեկտիվ պատասխանատվության կանչել, բոլորին դատել եւ նստեցնել։

Այս համընդհանուր, հեղափոխական պահանջին են միացել նաեւ շատ հասարակական գործիչներ, մոռանալով տարբեր դասընթացներում իրենց սերտած «անմեղության կանխավարկած», «արդար դատավարություն», «հանցագործության անհատականացում» հասկացությունները։ Հասկանալի է, մեծամասնության ականջը շոյող խոսքեր ես ասում եւ դառնում նրա հերոսը։

Բնավ մտադրություն չունեմ արդարացնելու ՀՀԿ-ական իշխանության տարիները, ինքս այդ բոլոր տարիների ընթացքում «ռեժիմի» ամենասուր քննադատողներից եմ եղել։ Իհարկե, այստեղ հարց է առաջանում, իսկ այդ բոլոր արատները, որոնց համար անխնա, մեղմ ասած, քննադատվում են հանրապետականները, սկսվեցին 1998թ. հետո՞, թե՞ այդ ամենը տրամաբանական շարունակությունն էր հհշական «ռեժիմի»։ Սակայն այդ շրջանը ոչ միայն հիմնականում մոռացության է մատնվում, այլեւ նույն այդ շրջանի «ռեժիմի» «կարկառուն» ներկայացուցիչները «սրբի» թեւերով լծվել են հանրապետականներին այպանելու «սուրբ» գործին։ Ի դեպ, հիշեցման կարգով. ՀՀԿ-ն իշխանության մաս է կազմել արդեն չարաբաստիկ 1995թ. ընտրություններից հետո, ՀՀՇ-ի հովանու տակ «Հանրապետություն» դաշինքի կազմում եւ պատասխանատվություն է ստանձնել նաեւ մինչ 1998 թվականը կատարվածի համար։ Բերենք միայն մեկ օրինակ. ՀՀՇ-ական տարիներին «Հրազդան» մարզադաշտը վարձակալության հանձնելը ՀՀԿ-ական «կարկառուն» գործչին։

Ինչեւէ, երկար կարելի է խոսել 90-ական թվականների մղձավանջի մասին։ Սակայն սույն հոդվածով այս մասին չէ, որ կուզենայի խոսել։

Վերադառնանք Խորհրդային Հայաստան։ Ովքեր չգիտեն կամ մոռացել են, կուզենայի հիշեցնել։ Այսպես, ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ Խորհրդային Հայաստանում ոչ միայն պետական պաշտոն, այլեւ հաճախ, մասնագիտական առաջխաղացման համար պարտադիր էր ընդունվել Կոմունիստական կուսակցության շարքերը: Այսօր, երբ շրջում ես Երեւանի փողոցներով, գովազդային վահանակներին տեղադրված են գավառական գովազդներ՝ Հայոց մեծերը։ Հաշվե՛ք, այդ մեծերից, որոնցով հպարտանում ենք, քանի՞սն են եղել Կոմկուսի անդամներ։ Հնարավո՞ր էր, արդյոք, Խորհրդային Հայաստանում դառնալ մինիստր, աշխատել որեւէ պետական գերատեսչությունում որպես ղեկավար՝ բաժնի, ենթաբաժնի վարիչ, որեւէ բուհում՝ ռեկտոր, դեկան, ամբիոնի վարիչ, որեւէ գիտական հիմնարկում՝ տնօրեն, բաժնի վարիչ, որեւէ թերթում՝ խմբագիր, պատասխանատու քարտուղար, առանց Կոմկուսի անդամ լինելու։ Պատասխանը՝ ոչ։ Ունե՞ր, արդյոք, մարդն ընտրության հնարավորություն։ Իհարկե՝ այո։ Պետք է լինել անաչառ։ Չնայած ԽՍՀՄ-ը ամբողջատիրական կայսրություն էր, բայց հատկապես հետստալինյան շրջանում, ամեն մարդ կարող էր իր մասնագիտության մեջ խորանալ, հաջողությունների հասնել եւ եթե ցանկանում էր ավելին՝ դառնալ ղեկավար, ապա պարտադիր էր Կոմկուսի անդամ դառնալը։ Այսպիսով, ինչպես ասում են՝ «Ընտրությունը քոնն էր»։ Հիշում եմ Լենինգրադում ատենախոսությունս պաշտպանելուց հետո վերադարձա մեր ինստիտուտ, բաժնի վարիչը ոգեւորված ինձ շնորհավորեց եւ ասաց.

– Չես պատկերացնի՝ որքան ուրախ եմ, վերջապես մեզ փոխարինողներ են գալիս։ Իհարկե, մի խնդիր կա, պետք է կուսակցության մեջ մտնես։ Այդ մասին մի մտածիր, ես կզբաղվեմ այդ հարցով եւ տեղ կիջեցնեմ։

Պատասխանեցի.

– Ես կուսակցության անդամ չեմ դառնա։

– Ինչպե՞ս, այդ դեպքում ենթաբաժնի վարիչ չես կարող դառնալ։ Եվ վերջապես, հիմա ո՞վ է հավատում կոմունիստական գաղափարներին… դե, պետք է էլի։

– Չէ, ես կմնամ գիտաշխատող։

Ներեցեք, այս անձնական զեղումի համար։ Ուզում էի ասել, որ ես իմ ընտրությունը կատարել էի (ի դեպ՝ երրորդ անգամ), բայց… բայց չեմ մեղադրել այլոց, այդ թվում իմ բազմաթիվ մտերիմներին Կոմկուսի անդամ դառնալու համար` հանուն անձնական կարիերայի։

Փոխվեցի՞ն, արդյոք, այս հարաբերությունները անկախ Հայաստանում։ Մասամբ՝ այո։ Արդեն սահմանադրորեն որեւէ կուսակցություն գերիշխող դեր չուներ, բայց… բայց չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ գործում էին ստվերային պայմանավորվածություններ։ Հնարավո՞ր էր մինչեւ 1998թ. չլինել ՀՀՇ, կամ նրա արբանյակային կուսակցության անդամ (ՀՀԿ, ՀՔԴԿ, ՄՀ, ՍԴՀԿ, ԼԴԿ ), կամ առնվազն համակիր եւ ստանալ պաշտոն, ստանալ սեփականաշնորհման յուղոտ բաժին եւ այլն։ ՀՀՇ-ն չհանդուրժեց նույնիսկ մեկ ոչ հհշական քաղաքապետի գոյությունը (Աշտարակի ՀՅԴ անդամ քաղաքապետ Հովհաննես Սուքիասյան) եւ նրա հետ դաժան հաշվեհարդար տեսավ։

Նույնը շարունակվեց 1998թ. հետո (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, ՄԱԿ եւ այլն)։ Հայտնի է նաեւ, այսպես կոչված՝ քաղծառայողի ինստիտուտի «անաչառությունը», հավասար բալեր ստացած թեկնածուներից նախարարն «ընտրում» էր իր կուսակցին։

Հետաքրքրական է նաեւ այն հանգամանքը, որ վերոնշյալ բոլոր կուսակցությունների անդամների գերակշիռ մասը նախկինում եղել է «հանցագործ» Կոմկուսի անդամ, կամ առնվազն կոմերիտական ակտիվիստ (էլ չեմ ասում ՊԱԿ-ի գործակալ)։

Ունե՞ր, արդյոք, մարդն ընտրության հնարավորություն։ Իհարկե՝ այո, բայց, ներեցեք, համատարած գործազրկության պայմաններում, այն նույնիսկ ավելի սահմանափակ էր, քան Խորհրդային Հայաստանում։

Եթե այս ամենին ավելացնենք նաեւ տարբեր իշխանությունների «կարկառունների» անկեղծ զեղումները. «Մեր դեմ խաղ չկա», «Վարչապետի թեկնածուն դեռ երկար ժամանակ պետք է անցնի Մելիք-Ադամյանով», եւ վերջերս… «Մենք առնվազն տասը տարով ենք եկել իշխանության»։

Այժմ ուզում եմ հարցնել մեր «սկզբունքային», «աններող», «նախկինների պատժին ծարավ», այդ թվում նախկին Կոմկուսի անդամ, այժմ «ժողովրդավար» գործիչներին.

– Ո՞ր կուսակցությունն է ավելի շատ հանցագործություններ կատարել. ՀՀՇ՞-ն, Հանրապետակա՞նը, թե՞ Կոմունիստականը։

Հիշե՞նք Կոմունիստական կուսակցության հանցագործությունները. հարյուր հազարավոր գնդակահարություններ, աքսորներ, բռնություններ եւ այլն։ Ուստի, կարո՞ղ ենք ասել, ով եղել է Կոմկուսի անդամ, մեղսակից է այդ բոլոր հանցագործություններին, ինքն էլ հանցագործ է, սրիկա, կոռուպցիոներ, «կարկառուն» եւ պետք է նստի։ Մերժենք բոլոր կոմունիստ հայոց մեծերին եւ ջնջենք նրանց անունները հայոց պատմությունից։

Հիշե՞նք ՀՀՇ-ի հանցագործությունները. տասնյակ բացահայտված, կիսաբացահայտված եւ չբացահայտված սպանություններ, կեղծված ընտրություններ, կոպեկներով սեփականաշնորհված եւ թալանված գործարաններ եւ այլն։ Ոստի, կարո՞ղ ենք ասել, որ ով եղել է ՀՀՇ անդամ, մեղսակից է այդ բոլոր հանցագործություններին, ինքն էլ հանցագործ է, սրիկա, կոռուպցիոներ, «կարկառուն» եւ պետք է նստի։

Այժմ էլ, մեր հիշողությունը թարմ է ՀՀԿ-ական իշխանության շրջանի հանցագործությունների. սպանություններ, անպատժելիություն, կեղծված ընտրություններ, կոռուպցիա եւ այլն։ Ուստի, կարո՞ղ ենք ասել, որ ով եղել է ՀՀԿ անդամ, մեղսակից է այդ բոլոր հանցագործություններին, ինքն էլ հանցագործ է, սրիկա, կոռուպցիոներ, «կարկառուն» եւ պետք է նստի։

Այսպիսով, եթե մեր հասարակությունն արդարամիտ է, անաչառ, ապա ընդունենք, որ Կոմկուսի կատարած հանցագործություններն իրենց մասշտաբներով տասնյակ, եթե ոչ հազարավոր անգամ գերազանցում են ՀՀՇ-ի եւ ՀՀԿ-ի հանցագործությունները միասին վերցրած, ուստի եւ մերժենք բոլոր երեկվա եւ այսօրվա նախկին Կոմկուսի անդամներին, որպես հանցավոր ռեժիմի սպասավորների, ողջերին նստեցնենք, հայոց մեծերին ջնջենք։ Այ, հետո, արդար կլինի անցնել ՀՀՇ-ին եւ ՀՀԿ-ին («բարեբախտաբար», վերջինների ժամանակ հայոց մեծեր չեն եղել)։

Ինչո՞ւ այս ամենը շարադրեցի։ Մենք ընդունո՞ւմ ենք, որ բոլոր կոմունիստները, բոլոր ՀՀՇ-ականները, բոլոր ՀՀԿ-ականները (էլ չեմ խոսում այս տարիներին բազմաթիվ արբանյակային, կոալիցիոն կուսակցությունների մասին) սրիկանե՞ր են, թե՞ ոչ բոլորը։ Չէ՞ որ նրանցից ոմանք, ոչ թե կոռուպցիայի, այլ զուտ սեփական կարիերայի համար (բա ի՞նչ անեմ), ընտանեկան ավանդույթներով կամ երբեմն անկեղծ. «Ճար չկա, պետք է մտնել կուսակցություն եւ փորձել ներսից բարեփոխել», բացատրություններով չեն անդամագրվել օրվա իշխող կուսակցությանը։

Հիշենք առօրյա խոսակցություններից.

-Իմացա՞ր,…յանին էսինչ նախարար նշանակեցին։

-Էդ կաշառակերի՞ն, լավ, ուրիշ մարդ, մասնագետ չկա՞ր։

Կամ.

-Իմացա՞ր,…յանին էնինչ նախարար նշանակեցին։

-Ի՞նչ ես ասում, նա հիանալի մասնագետ է եւ անձնավորություն…ափսոս… նա էլ ծախվեց։

…Եվ այսպես, քանի դեռ իրեն չեն առաջարկել…

Ի դեպ, ես այդ գործիչներին չեմ արդարացնում, այլ փորձում եմ բացատրել, որ բոլոր հասարակություններում էլ ոչ բոլորն են թունդ սկզբունքային։ Եվ այսօրվա ՀՀԿ-ականներին անխնա «ոչնչացնողները», իրենք կամ իրենց ծնողները, այդքան «մաքո՞ւր» են եւ չե՞ն եղել, արդյոք, կոմունիստներ եւ իրենց իսկ բառերով պատասխանատու չե՞ն ստալինյան ռեպրեսիաների համար։ Այնպես որ, «հանգիստ նստեք տեղներդ», թե չէ՝ անուններ կնշեմ։

Չէ՞ որ ինչպես ոչ բոլոր Կոմկուսի, ՀՀՇ-ի, այնպես էլ ոչ բոլոր ՀՀԿ-ականներն են կոռուպցիոներ, մարդասպան, սրիկա եւ այլն։ ՀՀԿ-ի կոռուպցիոներ, օդիոզ գործիչների կողքին կային արդեն կայացած քաղաքական գործիչներ։ Իհարկե, այստեղ ընդդիմախոսներս կհակաճառեն. «Բայց չէ՞ որ ձեր ասած քաղաքական գործիչները տեսնում էին իրենց իշխանության թեկուզ այլ գործիչների կողմից կատարված անօրինականությունները եւ լռում էին, հրաժարական չէին տալիս, հանդուրժում էին դրանք, ուստի եւ իրենք նույնպես պատասխանատու են այդ ամենի համար»։ Պատասխանում եմ՝ այո, բայց չէ՞ որ նույնը վերաբերում է նաեւ ոչ միայն նախորդ բոլոր իշխանությունների գործիչներին, այլեւ բոլոր կուսակցություններին։ Մենք չենք ընդունում մեր սխալները, այն համարվում է թուլության նշան, իսկ հրաժարականի մշակույթ նույնպես չունենք (հո հարիֆ չեմ, հրաժարական տամ)։

Որպես տեղեկանք.

ՀՅԴ. Մենք ստեղծել ենք հայոց անկախ պետությունը։ ՀՅԴ-ն միշտ եղել է հայ ժողովրդի կողքին։

ՀԿԿ. Խորհրդային շրջանը եղել է հայ ժողովրդի ոսկե դարը (զարմանալիորեն Կոմկուսը մասամբ ընդունում է անհատի պաշտամունքի տարիների սխալները)։

ՀՀՇ. Մենք հիմնադրել ենք Հայաստանի Հանրապետությունը եւ հաղթել պատերազմը։

ՀՀԿ. Մենք տնտեսապես զարգացրել ենք Հայաստանը, ամրապնդել նրա անվտանգությունը, փայլուն հաջողությունների հասել արտաքին հարաբերություններում։

ՔՊ. Մենք Հայաստանը դարձրել ենք ժողովրդավարության էտալոն, վերացրել կոռուպցիան։

Ամփոփում՝ առաջարկություն.

Անհանդուրժողականությունը պետք է լինի կոնկրետ հանցագործության մասով, կոնկրետ անձով եւ ոչ թե տվյալ կուսակցության պատկանելությամբ պայմանավորված։

Ոչ թե առաջնորդվել պատժի մոլուցքով, այլ իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որ բոլոր բնագավառներում վերանա  իշխող կուսակցության մենաշնորհը եւ մարդիկ չկանգնեն ստիպված ընտրության առջեւ։

ՍԱ ԸՆԴԱՄԵՆԸ ՉԸՆԴՈՒՆՎՈՂ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

 

Հ.Գ. Ի դեպ, ես համաձայն կլինեմ նաեւ ՀՀԿ-ի նկատմամբ համատարած անհանդուրժողականությանը, ընդհուպ նրա գործունեության արգելմանը, եթե, իհարկե, չմոռանանք նաեւ, ինչպես վերը նշեցի, առաջին հերթին Կոմկուսին, հետո ՀՀՇ-ին… իսկ ապագայում…

«Առավոտ» օրաթերթ
15.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031