Հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդացության կայուն նվազումը և տուբերկուլյոզային ստացիոնար բուժում իրականացնող կազմակերպությունների թերբեռնվածությունը՝ առողջապահության նախարարությունը ձեռնարկել է ստացիոնար բուժում իրականացնող կազմակերպությունների օպտիմալացում, այդ թվում՝ պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների կրճատում։
Միաժամանակ, հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող և միջազգայնորեն ընդունված տուբերկուլյոզային բուժման հիվանդակենտրոն մոդելը՝ տուբերկուլյոզային ծառայությունն ուժեղացվում է առողջության պահպանման առաջնային օղակում՝ պոլիկլինիկաներում, առավել հասանելի դարձնելով բնակչության համար և տուբերկուլյոզի կասկածի դեպքում ախտորոշման հնարավորությունը և բուժման դեպքում ամենօրյա հսկողությունը։
2019 թվականին առողջապահության նախարարի հրամանով հաստատված տուբերկուլյոզի բուժման նոր ուղեցույցը նկարագրում է միջազգային լավագույն փորձի վրա հիմնված հիվանդներին տուբերկուլյոզի ծառայությունների մատուցման առավել մատչելի հնարավորություններ՝ տնային այցեր, վիդեոզանգ, ընտանիքի անդամի միջոցով հսկվող բուժում, որոնց ներդրումը նվազեցնում է տուբերկուլյոզային ծառայություններ մատուցողների առկա ծավալների կարիքը։
Ելնելով վերը նշվածից` առողջապահության նախարարությունում քննարկվում է 2020 թվականի ծախսերում Երևանի քաղաքային հակատուբերկուլյոզային դիսպանսերին ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակահարմարությունը։
Կարդացեք նաև
Սույն դիսպանսերի հիմնադիրը Երևանի քաղաքապետարանն է և դրա հետագա վերապրոֆիլավորման կամ այլ ծառայություններ մատուցելու կենսունակության ապահովման հարցերը դուրս են առողջապահության նախարարության լիազորությունից։
Այն պացիենտները, որոնք գործադուլի արդյունքում կունենան ստացիոնար բուժման կարիք` իրենց բուժումը կարող են շարունակել Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում կամ տեղամասային պոլիկլինիկաներում:
Առողջապահության նախարարություն