Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը նախապես հերքել էր հրապարակված լուրը, թե ինքը երեխայի է վրաերթի ենթարկել. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ որ սուտ է, նման բան չի եղել երբևէ։ Լրագրողներին խնդրում եմ մեկնաբանություն չուզել։ Սա հերթական սուտն է»:
Այս հերքումից հետո «Անալիտիկ» կայքը հավելյալ մանրամասներ հրապարակեց. «12.09.2019-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Դավիթը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգել է Ա.Ղ.-ի մայրիկին, ով էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Դավիթ Սանասարյանը տեղեկանալով, որ իր կողմից վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց, գնացել է այնտեղ և տեղում պայմանավորվածություն ձեռք բերել բժիշկ Արսեն Գևորգյանի հետ, որպեսզի դեպքը ոստիկանությունում չգրանցվի որպես վրաերթ, այլ գրանցվի որպես բակում խաղալու ընթացքում ստացած կենցաղային վնասվածք: Վրաերթի արդյունքում երեխան ստացել է լուրջ վնասվածքներ, որոնք կարող են հանգեցնել հաշմանդամության: Դավիթ Սանասարյանը որևէ կերպ չի աջակցել երեխայի ծնողներին բուժման ծախսերը հոգալու հարցում՝ ավելին, ըստ ծնողների, սպառնացել է՝ ասելով, որ «ինքը որևէ պրոբլեմ չունի»: Նաեւ հրապարակեց հարցազրույց երեխայի եւ նրա մոր հետ: Հարցազրույցն այժմ ուսումնասիրում է ՀՀ ոստիկանությունը:
Տեսագրության հրապարակումից հետո Դավիթ Սանասարյանը նոր գրառում արեց. «Նախորդ գրառմամբ հայտարարեցի, որ շառ են անում և ես ոչ մի երեխայի վրաերթի չեմ ենթարկել, որին հետևեց մի շինծու մեղադրանք մի ստախոս կնոջ կողմից, ում երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին։ Որից հետո, ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ ելնելով, իրենց հետ միասին գնացել եմ բժշկական կենտրոն, որտեղ զննել են երեխային և ասել, որ ոչ մի խնդիր չկա։
Հաջորդ օրը, կինը նորից զանգեց, ու ասեց նորից ստուգման կարիք կա, նորից գործերս թողած գնացի ժամերով հիվանդանոցում անցկացրեցի, նորից ռենտգեն արեցին ու նորից ասեցին, որ խնդիր չկա։
Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց, այդ կինը ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում, և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է։
Կրկին մարդասիրությունից ելնելով՝ ամեն օր հետաքրքրվել եմ երեխայի որպիսության մասին, մինչև այն օրը, երբ գումարի վերաբերյալ մերժում ստանալով՝ ինձանից պահանջեցին այլևս չհետաքրքրվել երեխայով։
Հարց. ինչու հիվանդանոցում չասեց, որ վրաերթ է տեղի ունեցել ու ոստիկանություն չի դիմել.
Պատասխան. քանի որ նման բան չէր եղել, վկաներ կան, իսկ եթե նման բան ասեր սուտ մատնության համար պատասխանատվության էր ենթարկվելու։
Հ.Գ. հաղորդում եմ ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով. պետք է պատասխանատվության ենթարկեն, որ անմեղ մարդկանց նկատմամբ շառ չանեն կամ քաղաքական կինոների մեջ դերակատարում չստանձնեն։
Հ.Հ.Գ. Ցավում եմ, որ ծնողը կարող է իր երեխային օգտագործել` փող շորթել փորձելու համար»:
Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը կատարվածի առնչությամբ գրել է. «Դավիթ Սանասարյանի և հայտարարվող վրաերթի մասով ասեմ, որ կամ պետք է գործ հարուցվի Դավիթի դեմ` ՔՕ 242-րդ (ՃԵ կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), կամ այդ կնոջ դեմ` ՔO 182-րդ հոդվածով (շորթումը):
Ամենը պարզ է. եթե Դավիթը վրաերթ է արել, ապա պետք է պատժվի, իսկ եթե ճիշտ է ասում և իրենից փորձել են անտեղի 300 հազար դրամ շորթել, ապա շորթողները պետք է պատժվեն:
Ընդ որում, հաշվի առնելով, որ «տուժող» կողմը համառորեն ոստիկանություն չի դիմում, ակամայից մեծ հարցականի տակ է հայտնվում վրաերթի փաստը: Բայց այս հարցի պատասխանը պետք է տրվի քննությամբ»:
Իսկ «Իրավական ուղի» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրել է. «Հետևում եմ «Անալիտիկ» լրատվականի բացահայտման «ոդիսականին»՝ կապված Դավիթ Սանասարյանի կողմից ենթադրաբար կատարված վրաերթի պատմության հետ։
Շատ էի ցանկանում, որ լուրը համոզիչ ձևով հերքվեր, բայց…
Եթե ինքնին լուրն անկողմնակալ դիտորդի մոտ կարող էր միայն խիստ նախնական ենթադրություն ձևավորել, ապա տեսանյութն արդեն բավականաչափ համոզիչ էր, և այս պատմությունը պետք է քննվի ամենայն մանրամասնությամբ՝ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ։
Մասնավորապես, պետք է քրեական գործ հարուցվի (էլ ի՞նչ է պետք քրգործի հարուցման համար) և դրա շրջանակներում իրավական գնահատականներ տրվեն Սանասարյանի գործողություններին՝ ինչպես ենթադրյալ վրաերթի կապակցությամբ, այնպես էլ դրանից հետո։ Ընդ որում, երկրորդն ավելի կարևոր է. մասնավորապես, արդյոք Սանասարյանն օգտագործե՞լ է իր քաղաքական կապերը՝ վրաերթի փաստը թաքցնելու համար։ Այդ հարցի պատասխանը նաև պետք է գնահատականի արժանանա Սանասարյանի նկատմամբ այժմ իրականացվող քրեական հետապնդման շրջանակում խափանման միջոցի հարցի կապակցությամբ։
Շատ կարևոր է նաև այն, որ իշխող քաղաքական ուժի՝ լայն կապեր ու պետական մեծ աջակցություն ունեցող ներկայացուցիչը հնարավորություն չունենա իր դեմ վկայող որևէ անպաշտպան քաղաքացու լռեցնել՝ սպառնալով քրեական կամ որևէ այլ պատասխանատվությամբ։ Անկախ եղելությունից, այս օրինակը չպետք է նախադեպ դառնա այն մասին, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցչի ապօրինության դեմ բողոքողն անպաշտպան է մնում։ Ուստի հայտնում եմ ենթադրաբար վրաերթի ենթարկված տղայի ընտանիքին իրավապաշտպանական, այդ թվում՝ փաստաբանական անհրաժեշտ աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին։
ՀԳ. Ես մի բան գիտեմ. եթե անգամ մատդ մի քիչ մեծ փուշ մտնի ու գնաս հիվանդանոց, հաջորդ օրը պարտադիր քեզ կայցելի հետաքննիչը, որը, հիվանդանոցի տեղեկացման հիման վրա, նյութեր կնախապատրաստի։ Այս պատմության մեջ հետաքննիչի բացակայությունը շատ խոսուն չէ՞»: