Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ՛ արդարանալ

Հոկտեմբեր 15,2019 22:00

Իսկ դատավորներն ովքե՞ր են

Թվում էր, Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների հերթական ծիսական հանդիպումը նախորդներից որեւէ բանով առանձնանալու շանս չունի, սակայն, Ադրբեջանի նախագահը տվեց այդ շանսը, հանկարծ հիշելով Գարեգին Նժդեհին, նրա արձանը, Սովետական միությունը, նացիստական Գերմանիան, Բաքվի նավթը եւ այլն եւ այդպես շարունակ։ Իսկ վարչապետ Փաշինյանի համարժեք պատասխանը եւս հայտնի է, մեջբերելու կարիքը չկա, պարզապես անհրաժեշտ է մի-քանի նկատառումներ ներկայացնել՝ թեման մեկընդմիշտ սպառելու համար։

Իհարկե, Ալիեւի լեզուն այդ ուղղությամբ այդ աստիճան չէր երկարի, եւ իր հորից ժառանգած՝ Մոսկվային քծնելու ջիղը չէր փայլատակի, եթե դրա «բացումը» ժամանակին պաշտոնական Մոսկվան թույլ չտար։ Հիշեցնենք, որ դա դեռ մինչեւ հեղափոխությունն էր, 2016-ին, երբ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկ էլ հայտարարեց, որ «Մոսկվան զարմացած է Երեւանում ֆաշիստական գեներալի արձանի տեղադրմամբ»։ Պաշտոնական Երեւանը չէր կարող լռել, եւ իշխող ՀՀԿ-ի խոսնակ Շարմազանովը պատասխանեց, որ Գարեգին Նժդեհը ողջ կյանքում պայքարել է Հայաստանի ազատության համար, իսկ նրա արձանը Երեւանում կանգնեցվել է, որովհետեւ «Նժդեհը հայ ժողովրդի հերոսն է, այնպես, ինչպես Ալեքսանդր Նեւսկին, Ալեքսանքդր Սուվորովը, մարշալ Կուտուզովը, Բագրատիոնը՝ եղբայրական ռուս ժողովրդի ազգային հերոսներն են»։ Դրանից հետո «մեր ռազմավարական դաշնակցի» ԱԳՆ-ն արձագանքեց, որ արձան կանգնեցնելը «Հայաստանի ներքին գործն է», եւ թվում էր, թե թեման փակվեց։ Բայց Ալիեւի պրոպագանդան, ինչպես տեսնում ենք, թեման շատ էր հավանել, եւ իր ոճին եւ մակարդակին հարիր սկսեց այն առիթով կամ առանց առիթի շահարկել։ Սակայն, վաղուց էր, ինչ Նժդեհի մասին կարծես մոռացել էին թե Բաքվում, թե առանձին ռուս պրոպագանդիստները՝ Մոսկվայում։ Եվ ահա, Ալիեւը որոշեց թեման փորձել վերակենդանացնել Պուտինի եւ այլ հետխորհրդային առաջնորդների ներկայությամբ, կշտամբելով Հայաստանի իշխանությանը, որ «նախորդ իշխանության կողմից կանգնեցված արձանը մինչ օրս հանված չէ»։

Հայտնի չէ, թե այդ թեման արդյոք հավելյալ արծարծվե՞լ է ղեկավարների խոսակցությունների ժամանակ, եւ եթե այո, ապա ի՞նչ է խոսվել, կամ ռուսական կողմից աչքով-ունքով կամ կսմիթով ի՞նչ են հասկացրել Ալիեւին, խրախուսե՞լ են, թե՞ ոչ կամ՝ ոչ այնքան։

Դատելով ադրբեջանական պրոպագանդայի «օրակարգից», կարծես թեման շարունակություն չի գտնում, առնվազն պաշտոնական մակարդակում, չհաշված մի-քանի հայտնի եւ անհայտ կիսագրագետ «ակադեմիկոս-պրոֆեսոր-պատմության-մասնագետների» բառային մուղամները, եւ ամենեւին էլ ցանկություն չկա կրկին այդ ողջ զառամախտի նոր ալիքի ականատեսը դառնալու։ Սակայն, մի հարց մնում է բաց. Հայաստանի ղեկավարը որքանո՞վ է հաշվետու հայ ժողովրդի պատմության նշանակալի դեմքերին պատվել-չպատվելու համար։

Եթե ռուսական պրոպագանդան սրան չանդրադառնար Աշխաբադի գագաթնաժողովից հետո, կարելի էր ուշադրության էլ չարժանացնել։ Սակայն, երբ փորձում են ներկայացնել, թե ինչպես էին «երկու առաջնորդներ գագաթնաժողով տապալում» եւ տիպիկ մոսկովյան մենթի ոգով երկար-բարակ բացատրում, թե «երկուսն էլ մեղավոր էին», ապա եւս մեկ հարց է առաջանում. իսկ ովքե՞ր են դատավորները։

Նացիստական Գերմանիայի հետ համագործակցելու մասին ամենավերջինը ով պիտի խոսի՝ դա այսօրվա Ռուսաստանն է, որը դեռ քննարկում է, թե Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, նացիստ-բոլշեւիկյան սերտ համագործակցությունը 1939-41 թվականներին, համատեղ հարձակումը Լեհաստանի վրա 1939-ի սեպտեմբերին՝ ստորության գագաթնակե՞տն էր, թե՞ «ընկեր Ստալինի հմուտ քաղաքականությունը», որ Առաջին Համաշխարհայինից հետո ձեւավորված Վերսալյան համակարգի կազմաքանդման քաղաքականությունը 20-ականներից սկսած՝ դա Երկրորդ Համաշխարհային պատերազմի հրահրման քաղաքականությո՞ւն էր, թե՞ «սովետական իմաստուն դիվանագիտություն»։  Եվ այդքանից հետո նրանք մեզ պիտի ասեն, թե ինչ անենք Գարեգին Նժդեհի հիշատակի հե՞տ, իսկ ո՞վ են նրանք։ Գնացեք հաշվեք ձեր հարյուր հազարավոր զինվորականներին, որոնք ոչ միայն զանգվածաբար անցնում էին գերմանացիների կողմն, այլեւ հետո հաճույքով ծառայում վերմախտում եւ ԷսԷս-ում, ինչպես 1937-ին չեկիստներին էին մատնում համագյուղացիներին՝ նույնկերպ հետո մատնում էին գեստապոյին եւ այլն։ Հարցրեք քաղաքագիտությամբ զբաղվող Նիկոնովին, ով իր պապիկ Մոլոտովի նկարով մայիսի 9-ին շրջում է Մոսկվայի փողոցներում, թե «մեր պապերը կռվել են», նա ավելի լավ կիմանա։ Մի հայտնի ռուս պատմաբանի խոսքով, Մեծ Հայրենական պատերազմը վերածվել է ներկայիս կառավարող կլեպտոկրատական ռեժիմի համար մի բանի, որը հիշեցնում է գրպանահատի ձեռնոցները, որոնք թույլ են տալիս, որ գողության ժամանակ մատնահետքերը չմնան…

Դեհ, իսկ Ալիեւին առանձին քննարկելն ուղղակի անիմաստ է, քանզի նրա այդ անպատիվ զեղումների հասցեատերը ոչ այնքան Փաշինյանն էր, որքան Պուտինը, որին հաճոյանալու պատճառներ նա շատ ունի։ Թող հաճոյանա որքան ուզում է, միեւնույն է, ուզածը չի ստանալու, քանզի Պուտինին շատ դերերում կարելի է պատկերացնել, բայց ոչ Ձմեռ Պապիկի։ Նաեւ, հարցրեք Վարշավայի ապստամբության թանգարանի աշխատակիցներին, թող պատմեն, թե ինչով էր զբաղված ԷսԷս-ի ադրբեջանական գումարտակը Լեհաստանի մայրաքաղաքում 1944-ին…

Եվ ընդհանրապես, պետք է մեկընդմիշտ ֆիքսել, որ հայ ժողովուրդը Ստալինին չի խնդրել, որ Հիտլերի հետ ընկերանա Եվրոպան քարուքանդ անելու համար, հետո պատերազմ հրահրի Հիտլերի հետ միասին, հետո ստանա պատերազմ եւ ներխուժում, որ հետո էլ 300 հազարից ավելի հայեր զոհվեն, անունն էլ դնեն «Մեծ Հայրենական պատերազմ», լինելով Հիտլերից ոչ պակաս հանցագործ եւ մարդակեր։ Մեր պապերն էլ են կռվել, եւ կռվել են մե՛ր Մեծ Հայրենական պատերազմներում, որտեղ հայ ժողովրդի եւ Հայաստանի լինել-չլինելու հարցն էր որոշվում, դա 1918-20 եւ 1991-94 թվականների պատերազմներն էին, եւ առաջինում մեր պապերը նրա՛նց պապերի դեմ էին կռվում, այդ թվում՝ Գարեգին Նժդեհը, իսկ երկրորդում արդեն մենք էինք կռվում, երբ նրանք հակառակ կողմում էին կամ սնուցում էին եւ հիմա էլ սնուցում են հակառակ կողմին։ Եվ այսօր երբ կա ազատ եւ անկախ Հայաստանի Հանրապետությունը, ուրեմն շատ լավ ենք կռվել, եւ անհրաժեշտության դեպքում մեր թոռները կկռվեն ոչ պակաս լավ, ավելի լավ, եւ հանկարծ բախտներդ չփորձե՛ք։

Եվ հանգիստ թողնենք հերոսներին եւ զգույշ լինենք «հերոս» բառի հետ։ Կարող է լինել մե՛կ հերոս, դա պետականությունն է, որը նվեր չեն ստանում, այն նվաճում են հավաքական արյունով, քրտինքով, արցունքով եւ, իհարկե, սիրով եւ հավատով։ Չկա՛ հերոսություն քաղաքացիական պարտքի զգացման մեջ։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031