Օրեր առաջ Aravot.am-ում հրապարակեցինք Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հատուկ կարծիքի մասին պաշտոնական հաղորդումը, որում արձանագրված էր այդ կոնվենցիայի և Հայաստանի Սահմանադրության համապատասխանության փաստը, ինչը դժգոհության նոր ալիք բարձրացրեց: Սակայն առանձին իրավագետների, մասնավորապես, Սահմանադրական բարեփոխումների հանձնախմբի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի կարծիքով, այդ փաստաթուղթն անհարկի թյուրըմբռնման տեղիք է տվել, և այն վերածվել է «փոթորկի՝ մի բաժակ ջրում»:
– Պարոն Դանիելյան, պաշտոնական հաղորդման մեջ միանշանակ արձանագրված է, որ Վենետիկի հանձնաժողովը հատուկ կարծիքում հավաստել է Ստամբուլյան կոնվենցիայի և Հայաստանի Սահմանադրության համապատասխանության մասին, մինչդեռ՝ Դուք պնդում եք, որ ամեն ինչ այդչափ պարզունակ չէ, բացատրեք, խնդրեմ՝ ինչ հանգամանքներ կան, որոնցից հանրությունը տեղյակ չէ:
-Նախ, նկատեմ, որ ինքս երկակի ստանդարտների կողմնակից չեմ և երբեք Վենետիկի հանձնաժողովի հատուկ կարծիքներն ու եզրակացությունները չեմ գնահատում՝ ելնելով նրանից, թե դրանք որքանով են համահունչ իմ սուբյեկտիվ ընկալումներին և պահի քաղաքական կողմնորոշումներին:
Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի տեսակետը կարող էր պիտանի լինել, եթե այն չսահմանափակվեր սոսկ Սահմանադրության մի քանի, նախապես ընտրված և հանձնաժողովին հրամցված նորմերի համադրությամբ: Եթե մենք արժևորում ենք այդ փորձագիտական կառույցի եզրակացությունը, ապա հարկ էր հարցադրումներն անել առավել լայն դիապազոնով, որպեսզի ապահովվեր անհրաժեշտ համալիր մոտեցում:
Կարդացեք նաև
Այսպես, չէր կարելի կոնվենցիայով ներմուծվող «զուգընկերների» իրավաչափությունը դիտարկել սոսկ Սահմանադրությամբ ամրագրված «ամուսնանալու ազատության» տեսանկյունից և պնդել, թե իբր «զուգընկերների» առնչությամբ կոնվենցիան չի պարտադրում, այլ սոսկ խրախուսում է ազգային օրենսդրությունում համապատասխան փոփոխություներ կատարելը: Հարց է ծագում, թե ինչպիսի՞ն կարող էր լինել նույն Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը՝ Սահմանադրության 81-րդ հոդվածով սահմանված նորմի համատեքստում, ըստ որի. «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»: Այլ կերպ ասած, հանրահայտ է, որ անկախ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից, առաջիկայում չի բացառվում, որ միջազգային որևէ մարմին ամրագրի այնպիսի դիրքորոշում, ըստ որի՝ խրախուսվող տարբերակը առնվազն հարկ է պարտադիր կարգով ամրագրել ազգային օրենսդրությամբ, որպեսզի ասենք՝ չխաթարվի ժամանակակից ըմբռնմամբ ընտանիքում բռնության դեմ պայքարի արդյունավետությունը: Պարզ է, որ այդ դեպքում այլևս չենք կարողանալու հղում անել Վենետիկի հանձնաժողովի խիստ վերապահումով արված եզրակացության վրա, քանի որ Սահմանադրության համաձայն, մենք պարտավոր ենք ղեկավարվել ոչ թե փորձագիտական կազմակերպությունների, այլ բացառապես մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայով:
Կան բազում այլ սահմանադրական նորմեր, որոնց համատեքստում ևս Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հատուկ կարծիքն արդեն միանշանակ չէր լինի, այսպիսով այն ակնհայտ թերի է, ոչ ամբողջական:
– Որքանո՞վ եք իրավաչափ համարում Վենետիկի հանձնաժողովին այս հարցով դիմելը, եթե սա սոսկ խորհրդատվական-փորձագիտական մարմին է:
-Ընդհանրապես, այս հարցով ակնհայտ է Վենետիկի հանձնաժողովից նախապես կանխատեսելի եզրակացություն ունենալու ձգտումը: Ինչպես գիտեք, ինքս եղել եմ Սահմանադրական բարեփոխումների հանձնախմբի անդամ, և փաստում եմ, որ այս հանձնաժողովը մշտապես դեմ է արտահայտվել մեր կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների այն նորմին, ըստ որի՝ մենք ամուսնության ազատությունն ամրագրել ենք, որպես բացառապես կնոջ և տղամարդու միություն կազմելու իրավունք, ուստի ավելորդ անգամ նույն հարցով այդ հանձնաժողովին դիմելը, թերևս, հիշեցնում է հանրության տրամադրությունները վերաձևավորելու անհեռատես նկրտում: Անկախ ամեն ինչից, հայ մարդն իր հոգեկերտվածքով չի տրվելու այդպիսի էժանագին հնարքների, նա չի հանդուրժելու հայի ինքնությանն ու նրա պետականությանն սպառնացող այդպիսի մեծագույն վտանգ:
Հավելեմ, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը հիրավի համալիր ու սպառիչ կլիներ, եթե վերջինիս առաջադրվեին նաև առավել առանցքային հարցադրումներ, օրինակ՝ ա) ինչպե՞ս է փոխհարաբերվում օրենքի առջև բոլորի հավասարության իրավունքը, խտրականության արգելքի սկզբունքը, երբ զուգընկերների համար նախատեսվում են արտոնություններ, բ) ինչպե՞ս են երաշխավորվելու Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով ամրագրված երեխայի լավագույն շահերը՝ զուգընկերների կազմով ընտանիքներին երեխաներ որդեգրելու դեպքերում, գ) եթե այդչափ ամեն ինչ պարզ է, ապա ինչո՞ւ է Եվրոպական խորհրդարանը ս.թ. ապրիլի 4-ին դիմել Լյուքսեմբուրգում գործող Արդարադատության դատարան՝ ակնկալելով Ստամբուլյան կոնվենցիային միանալու իրավաչափության վերաբերյալ եզրակացություն և այլն:
Համոզված եմ, որ լայն ասպեկտով հիշյալ և հարակից հարցադրումների դեպքում Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը բոլորովին այլ կլիներ, իսկ այսպիսի գործելաոճն ընդամենը վկայում է հնարավորինս հապճեպ ցանկալի տեսակետ կորզելու միտումի մասին:
– Պարոն Դանիելյան, ինչպե՞ս է ստացվում, որ նույն Ստամբուլյան կոնվենցիայի նկատմամբ Եվրոպական երկրները բոլորովին այլ դիրքորոշում ունեն, նրանք որևէ հակակոնվենցիոն կամ հակասահմանադրական խնդիրներ չեն տեսնում:
-Ինքս այդչափ վստահ պնդումներ չէի անի, միջազգային փորձը մեզանում խիստ աղճատված է ներկայացվում: Նախ, գիտեք, որ ԵՄ անդամ Բուլղարիայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Ստամբուլյան կոնվենցիան: Նույն եվրոպական երկրներում արդեն նկատվում են Ստամբուլյան կոնվենցիայով «խրախուսվող» նորամուծություններից հրաժարվելու անթաքույց զարգացումներ: Եվրոպան ուշ, բայց արթնանում է: Բնորոշ է այն, որ սոսկ 2 ամիս անց Իտալիայի Կառավարությունը կտրականապես հրաժարվեց «ծնող 1» և «ծնող 2» պատուհաս դարձած դասակարգումից և վերադարձավ ավանդական «մայր» և «հայր» եզրույթներին: Չկրկնվեմ. Եվրոպական խորհրդարանը դիմել է Արդարադատության դատարան՝ Ստամբուլյան կոնվենցիային միանալու իրավաչափության հարցով:
– Դուք որևէ ռացիոնալ մասնիկ տեսնո՞ւմ եք Վենետիկի հանձնաժողովի հատուկ կարծիքի մեջ:
-Իհարկե, տեսնում եմ, առանձնացնեմ միայն մեկը՝ Վենետիկի հանձնաժողովի հատուկ կարծիքը մի արժեքավոր ծառայություն մատուցեց այնքանով, որ վերջապես հստակ ընդգծվեց, որ կոնվենցիան նույն հարթության վրա է դիտարկում կնոջ ու տղամարդու միջև ամուսնությունը՝ «զուգընկերների» միության հետ, մինչդեռ՝ մեզանում քարոզիչները վստահեցնում էին, որ «զուգընկերների» մասով մեր պնդումներն անհիմն են, որ պարզապես չկան այդպիսի դրույթներ:
Ասվածի համատեքստում մտահոգիչ է նաև, որ Կառավարությունը հավանության չի արժանացնում խորհրդարանի պատգամավորների այն օրենսդրական նախաձեռնությունները, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության կտրվածքով, որոնք անվերապահորեն հետապնդում են կոնվենցիայի հնարավոր ոչ համարժեք մեկնաբանություններից բխող զարգացումները կանխելու նպատակ:
– Այսինքն, Դուք որևէ վերապահում չունե՞ք Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումների վերաբերյալ, հանձնաժողով, որը կարծես թելադրում է, միջամտում մեր ՍԴ գործերին:
-Ցավոք, որոշ վերապահում ունեմ, ինչը պայմանավորված է ոչ թե դրանց առանցքային և բովանդակային ուղղվածությամբ, այլ վերջին շրջանում դրսևորած անտեղի ոչ բավարար հետևողականությամբ և վճռականության պակասով: Ինձ, մասնավորապես, անչափ զարմացրեց 2018 թ. հոկտեմբերին իրենց քննարկմանը ներկայացված ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի և, հատկապես, այն սեղմ ժամկետում կիրառելու վերաբերյալ, թերևս, անհարկի խուսափողական կարծիքը, ինչը բնորոշ չէ անգամ դիվանագիտական դասական լեզվաոճին:
Բնորոշ է այն, որ այսպիսի զգուշավոր գործելաոճը մարդկանց մոտ անհարկի անվստահության տեղիք է տալիս, ուստի շատերն անգամ անցան կտրուկ ձևակերպումների. «Վենետիկի հանձնաժողովը չէ, որ պետք է մեզ թելադրի» և այլն: Բայց և չպետք է անտեսել, որ առանձին, իրավական մշակույթի արդեն տարրական կանոնները կոպտորեն անտեսող նախաձեռնություններին Վենետիկի հանձնաժողովը չի վարանում հայտնելու իր միանշանակ «ոչը»:
Կարծում եմ, հարկ է լրջագույն հետևություններ անել, իրավական բարեփոխումների ոլորտը գերպատասխանատու և նրբին ասպեկտներ ունի, այն համատեղելի չէ իրենց գործը ժամանակին հիմնովին տապալած կադրերի կամ դեռևս անհրաժեշտ հմտությունների չտիրապետող և ողջ իրավապահ ու դատական համակարգի անտեսանելի ասպեկտների մասին հավուր պատշաճի գաղափար չունեցող անձանց «համարձակ» պատկերացումների հետ:
Հարցազրույցը`Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ