Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզչական պատերազմի առանձնահատկությունները

Հոկտեմբեր 15,2019 10:00
hamakargich

Որակյալ լրագրության դասական օրինակ՝ մարդիկ հաղորդում են տեղեկատվություն, որը հակասում է իրենց թիմի շահերին: 1970-ականներին կազմակերպվում էին մրցամարտեր կանադացի պրոֆեսիոնալ հոկեյիստների եւ խորհրդային «սիրողների» միջեւ: Այդ մրցամարտերը, բնականաբար, դուրս էին գալիս զուտ սպորտային իրադարձության ձեւաչափից եւ, ըստ կողմերի, կոչված էին ապացուցել, թե որ համակարգն է ավելի լավը՝ «սոցիալիստականը», թե կապիտալիստականը: Եվ ահա Կանադայում խաղերից մեկի ժամանակ խորհրդային հավաքականը գոլ է խփում, որը, սակայն, կանադացի մրցավարը չի հաշվում: Բայց հեռարձակման կանադացի ռեժիսորը մի քանի դիտակետից, դանդաղեցրած կադրերով ցույց է տալիս նույն պահը՝ միանշանակ ապացուցելով, որ իր թիմի դարպասը գրավված է: Քանի որ դա տեղի էր ունեցել ազատ երկրում, վստահ եմ, որ այդ ռեժիսորին գործից չեն ազատել:

Իհարկե, սովորաբար, նման մասնագիտական որակներ չեն դրսեւորվում: Սովորաբար (ամբողջ աշխարհում) լրատվամիջոցները զբաղված են իրենց թիմերի կողմից կազմակերպած քարոզչությամբ՝ հակառակորդներին վարկաբեկելով, յուրայինների թերությունները «չնկատելով»: Հաշվի առնելով, որ ՍԴ-ն պետք է քննարկեր ԱԺ-ի կողմից՝ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու դիմումը, այդ իրադարձությանն ընդառաջ պետք էր կոմպրոմատ պեղել ՍԴ նախագահի վրա: Կոմպրոմատի «որսի» արդյունքներն այնքան էլ տպավորիչ չէին՝ ինչ-որ բնակարաններ, որոնց վերաբերյալ այդպես էլ չէր ասվում՝ դրանք օրինակա՞ն են ձեռք բերվել, թե՞ ոչ:

Աննա Հակոբյանը գնացել էր Շվեյցարիա: Այստեղ «որսալու» կարիք էլ առանձնապես չկա: Կարելի է տանը նստած մոգոնել, որ նա շրջագայում է հատուկ ինքնաթիռով կամ բիզնես կլասով: Քարոզչական պատերազմում ամեն ինչ «ընդունելի է»: Պարզապես նման դեպքերում, կարծում եմ, իշխանությունն ու նրա երկրպագուները պետք է ավելի զուսպ, ավելի կոռեկտ եւ, կասեի՝ վեհանձն լինեն: Որովհետեւ ուժը նրանց ձեռքին է: Երբ կողմերը սկսում են իրար խրատել, թե ինչպիսին պետք է լինեն լրատվամիջոցները, իշխանական կողմի պատասխանատվությունն, այնուամենայնիվ, ավելի մեծ է:

Ճիշտ նույն ձեւով՝ երբ Վիտալի Բալասանյանը սպառնալիքներ է հնչեցնում, իհարկե, շատ վատ է անում: Բայց մի՞թե «ականջ ծամելը», «գլուխ ջարդելը», «պատերով տալը», «ասֆալտին ծեփելը» կամ «ծնկի բերելը» սպառնալիքներ չեն: Գումարած դրան, այնպես չէ, որ մինչեւ 2018 թվականի ապրիլը ընդդիմադիր լրատվամիջոցները միայն ճշմարտությունն էին գրում, կային նաեւ «օդից կախված լուրեր»:

… Սիրիայի հյուսիսում, որն այժմ դարձել է պատերազմի թատերաբեմ, կան ճամբարներ, որտեղ պահվում են (կամ գուցե հիմա ճիշտ է ասել՝ պահվում էին) «Իսլամական պետության» գրոհայինները: Քրդերն ասում են, որ թուրքական զինված ուժերը, գրավելով այդ տարածքները, ազատ արձակեցին իսլամական մարտիկներին: Թուրքերը պնդում են, որ այդ գրոհայիններին նախօրոք ազատ են արձակել քուրդ զինյալները՝ «անվտանգության գոտում» խառնաշփոթ ստեղծելու համար: Քարոզչական պատերազմ է, ի՞նչ կարող ես ասել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հա,,,գլուխ ջարդել,,կարդացի,հիշեցի՝Ձեր գլուխն էլ մեկ անգամ ,,ջարդել էին,,…հեռավոր իննուսականներին…

  2. Ruben says:

    Կարելի է ասել՝ նորից «բաժանում են, որ տիրեն»…
    «Բրավո», երիտասարդ քայլորդներ (վարչապետի «դուխով» «бегунок»-ներ):

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031