Արցախի կառավարության եւ «Արեւելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի ջանքերով այսօր Արցախում բացվեց շուրջ 1.5-դարյա պատմություն ունեցող Գոհվար աղայի կամ Գոհար տիկնոջ Վերին մզկիթը։ Այն գտնվում է Շուշի բերդաքաղաքում։ Այս նախաձեռնությունը մեկնարկել էր դեռ 5 տարի առաջ։ Այն իրականացվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Արցախի զարգացման ծրագրի շրջանակում: Այսպիսով` տրվեց նաեւ «Ավրորա» ֆորումի մեկնարկը։
Նախ` ուսումնասիրվել է մզկիթի եւ հարեւանությամբ գտնվող մեդրեսեի պատմությունը, կառուցման նախադրյալները, նաեւ Արցախում իսլամական կրոնամշակութային կառույցների ունեցած դերը։ Մզկիթը կառուցվել է 1880-ականներին, մինչ այդ նույն տեղում եղել է եղեգից կառուցված մզկիթ։ Գործել է մինչեւ 1920 թվականը։ Խորհրդային ողջ շրջանում, մզկիթը վերածվել էր թանգարանի: Արցախյան պատերազմի ժամանակ, Շուշիի ազատագրումից հետո, թանգարանը ևս դադարել է գործել,շենքն էլ անուշադրության է մատնվել։ Մզկիթի վերականգնման նախագծի շրջանակում հիմնականում պահպանվել է կառույցի նախնական տեսքը, վերականգնվել է նաև մեդրեսեի՝ հոգևոր վարժարանի շենքը, որը ժամանակին մահմեդական կրթարան է եղել: Այնտեղ դասավանդվել է կրոն, կրոնական իսլամական փիլիսոփայություն, պարսկերեն, արաբերեն։
Կարդացեք նաև
Մինչ շինարարական աշխատանքները սկսելը, մզկիթի տարածքում իրականացվել են պեղումներ․ մեդրեսեի շենքի առաջին հարկի տակ հայտնաբերվել է վաղ միջնադարյան դամբարան: ԵՊՀ արեւելագիտական ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի խոսքով, կառույցն իսլամի շիայական ուղղությանն է պատկանում, առկա արձանագրություններն ամբողջովին պարսկերեն են, նաեւ արաբերեն․ «Մզկիթի ոչ արձանագրություններում, ո՛չ հարակից տարածքներում որևէ թուրքերեն, ադրբեջաներեն բառ կամ տառ անգամ չի եղել, ամբողջովին պարսկալեզու և արաբալեզու գրություններ են՝ Ղուրանից վերցված։ Նաեւ Գոհար տիկնոջ մզկիթին նվիրաբերված կտակն է՝ արաբերեն»։
Աշխատանքների ընթացքում, մզկիթի հարակից աշտարակներում, հայտնաբերվել են նաեւ դիպուկահարների փամփուշտների պարկուճներ՝ 1990-ական թվականների։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Բացման արարողությանը մասնակցում էին Արցախի նախագահը, ԱԺ նախագահը, Արցախի թեմի առաջնորդը, նախարարներ, ՀՀ կրթության, գիտության, երիտասարդության, մշակույթի եւ սպորտի նախարարը։
Բարձրաստիճան հյուրերը շրջեցին կառույցի ներսում, զրուցեցին շինարարների եւ Իրանից ժամանած հյուրերի հետ։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Արցախի մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն իր խոսքում կարեւորեց այն, որ Իրանում եվս մեր վանքերն ու եկեղեցիները նորոգվում են եւ հավուր պատշաճի պահպանվում։ Նա կարծում է, որ վերանորոգված մզկիթը կդառնա հայ-իրանական մշակութային կենտրոն։ Այդ համոզմունքն ունի նաեւ նրա հայաստանցի պաշտոնակից Արայիկ Հարությունյանը։ Նախարարն ընդգծեց, որ նման քայլերով մենք ի ցույց ենք դնում մեր ազգի խաղաղասիրական բնույթը։
IdeA հիմնադրամի համանախագահ, ռուսաստանահայ գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարեւոր է, որպեսզի մեր հողի վրա մենք պահպանենք եւ հարգենք պատմությունը։ Ըստ նրա, մզկիթը վերանորոգելու նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվել, սակայն ուժեղ ազգը հենց դրանով է առանձնանում, որ ոչ միայն լացակումած պահանջում է աշխարհից, այլ իր ներդրումն է ունենում համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանման գործում։ Հիմնադրամի ծրագրերը՝ ամբողջ աշխարհում, նաեւ հայկական մշակութային արժեքների պահպանության գործում, շարունակական են լինելու։
Արցախում մեծածավալ ծրագրեր էին նախատեսված, Ռուբեն Վարդանյանն ասաց, որ դրանք մի փոքր տրանսֆորմացվել են, 2016-ի քառօրյա պատերազմից հետո վերանայվել են, առաջնահերթություններն են փոխվել։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ