Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում անցկացվեց ամենամյա Բերքի տոնը

Հոկտեմբեր 14,2019 21:12

Հոկտեմբերի առաջին տասնօրյակն Արցախում առանձնացավ գյուղոլորտում եղած հարուստ իրադարձություններով: Կազմակերպվեց չորս փուլից բաղկացած գիտագործնական կոնֆերանս՝ «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով, որ աննախադեպ էր հանրապետության գիտատնտեսական կյանքում, ինչին հաջորդեց կիրակի օրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացված՝ արդեն ավանդական Բերքի տոնը, որը նվիրված է գյուղատնտեսության աշխատողի օրվան և իրենից ներկայացնում է գյուղատնտեսական բարիքների հսկայական ցուցահանդես-տոնավաճառ:

Այս տարի ևս միջոցառումը կազմակերպվեց մեծ շուքով և առանձնացավ նրանով, որ նրան մասնակցեցին ՀՀ յոթ մարզեր:

Առավոտից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ու նրան հարակից փողոցներում տեղադրված ավելի քան հինգ հարյուր տաղավարներում Արցախն ու ՀՀ-ն ներկայացնող հազարից ավելի տնտեսավարողներ ներկայացրել էին իրենց արտադրանքը. մեր լեռնաշխարհին հատուկ բոլոր կենդանատեսակների մսամթերքից մինչև մեղր ու պանիր, տարատեսակ մրգեղենից ու բանջարեղենից մինչև թեյախոտեր ու չրեղեն, խմիչքներ և  հյութեր:

Ժամը 11-ին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի, կառավարության անդամների և օտարերկրյա հյուրերի հետ տոնավաճառ այցելեց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն օրհնեց Բերքի տոնն ու հողի մշակին, ինչից հետո նախագահն ու նրան ուղեկցող անձինք շրջել են տաղավարներով և ծանոթացել ներկայացված գյուղմթերքների տեսականուն: Ավանդույթի համաձայն, մասնակիցներին խրախուսելու համար շնորհվում են մրցանակներ տարբեր անվանակարգերում: «Լավագույն շրջան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Քաշաթաղի շրջանը, իսկ «Լավագույն մշակութային ներկայացում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Շուշիի շրջանը: «Լավագույն ցուցադրական սեղան» անվանակարգում հաղթել է Ասկերանի շրջանը, «Ցածր գին» անվանակարգում՝ Հադրութի շրջանի Խծաբերդ, Մարտունու շրջանի Բերդաշեն և Քաշաթաղի շրջանի Սարատակ համայնքները:

Տոնավաճառում «Հատուկ մրցանակ»-ի են արժանացել ՀՀ Արագածոտնի և Լոռու մարզերը:

Կարեն Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031